ԲԱՑԱՀԱՅՏ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՓԱՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Հարավային Կովկասում ընթացող կարգավորման գործընթացները խաթարելու Ադրբեջանի նախագահի ջանքերի վերաբերյալ:

 

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ ասված է. «2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի եւ միջազգային հանրության ջանքերը։

Իլհամ Ալիեւն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ եւ միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։

Ավելին՝ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու եւ օկուպացիայի փաստը, ինչպես նաեւ անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։

Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների եւ տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն եւ աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն ակնհայտորեն միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը եւ ատելությունը, ինչի հետեւանք են նաեւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը եւ տարածումը՝ իբրեւ հպարտության առարկա։

Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից ոգեշնչված է նաեւ այն, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք եւ կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն եւ փորձել այդ մասին, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս եւ վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը։

Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն եւ տեւական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանը ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի համար նման գործելաոճի վտանգների վրա»։

 

 

 

 

 

ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԳԱԶ

Ռուսաստանը պատրաստ է Ղազախստանի հյուսիսն եւ արեւելքը գազով ապահովելու համար ավելի էժան գազ վաճառել երկրին, քան Բելառուսին. հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիեւը։

«Նրանք մեզ գազ են տալիս շատ ավելի ցածր գնով, քան, ասենք, Բելառուսին», – չորեքշաբթի լրագրողներին ասել է Սատկալիեւը՝ խոսելով «Գազպրոմի» հետ Ղազախստանի հյուսիս եւ արեւելք գազ մատակարարելու բանակցությունների մասին։ «Ռուսաստանը, հասկանալով, որ արդյունավետ աշխատանքը հնարավոր է միայն երկկողմանի ռեժիմով, ընդառաջ է գնում գնի առումով, որը եվրոպական սակագներից եւ Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանին գներից մի քանի անգամ ցածր է»,- հավելել է նա։ Նախարարի խոսքով՝ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ «Գազպրոմի» եւ Ղազախստանի QazaqGaz-ի ղեկավարության միջեւ։

«Մենք ունենք ծրագիր, կա Ռուսաստանից եկող նոր գազատարների նախապես համաձայնեցված երթուղի»,- հավելել է նախարարը։

Սատկալիեւը պարզաբանել է, որ Ղազախստանի հյուսիսի եւ արեւելքի գազամատակարարումը կիրականացվի Կաշագանի, Կարաչագանակի ռեսուրսային բազայի, Բեյնու-Բոզոյ գազատարի, ինչպես նաեւ Գազպրոմի ռեսուրսների հաշվին՝ «լրացուցիչ գազատարների կառուցման միջոցով»:

«Այս գազատարը հնարավորություն ունի շարունակվել մինչեւ Չինաստան, սակայն այժմ մենք խոսում ենք միայն Ղազախստանում գազի կարիքները հոգալու մասին»,- ասել է նա։

 

 

 

 

ՀԱՐՑՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Սոցիալական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնը հարցում է անցկացրել ադրբեջանաիրանական հարաբերությունների եւ Իրանի տարածաշրջանային շահերի վերաբերյալ։ Հարցվածների 76,8 տոկոսը հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի շահերը տարածաշրջանում, այսինքն՝ փորձում է իր տարածաշրջանային շահերն իրականացնել Հայաստանի միջոցով: Հարցման մասնակիցների 5,5 տոկոսը նշել է, որ Իրանը չեզոք դիրքորոշում ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, եւ հարցվածների միայն 3,4 տոկոսն է ասել, որ Իրանի համար առաջնային է Ադրբեջանի շահերը: Պատասխանելով «ո՞ր գործոնը Ադրբեջանը պետք է ամենից շատ հաշվի առնի Իրանի հետ հարաբերություններում» հարցին, հարցվածների 35,7 տոկոսն ասել է, որ Իրանի հետ հարաբերություններում Ադրբեջանը պետք է հաշվի առնի այն, որ այդ երկիրն աջակցում է Հայաստանին։ 29,7 տոկոսը նշել է, որ Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններում պետք է հաշվի առնել պատմական արմատներն ու հարեւան հարաբերությունները: Մասնակիցների միայն 1,6 տոկոսն է պատասխանել, որ Իրանը պատժամիջոցների տակ գտնվող աշխարհում մեկուսացված երկիր է, իսկ 7,0 տոկոսը նշել է այլ գործոններ: Հարցվածների 64,8 տոկոսը մարտին տեղի ունեցած զինված միջադեպերը (հարձակում հիպերմարկետի վրա, պատգամավորի դեմ մահափորձ) կապել է արտաքին միջամտության փորձերի եւ սադրանքների հետ:

 

 




Լրահոս