ԱԼԻԵՎԸ ԹՈՂ ՄԵԾ-ՄԵԾ ՉԽՈՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

 

-Պարո՛ն Եղիազարյան, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցրել հայ ժողովրդի հասցեին: Մեկ ասում է՝ «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն», մեկ էլ սպառնում է, թե «Հայաստանի ժողովուրդը թող լավ մտածի, մի օր կարող է աչքերը բացեն, Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերեւում տեսնեն»: Ո՞րն է Ալիեւի նման լկտի վարքագծի պատճառը:

-Դա նշանակում է, որ Ալիեւը շտապում է, որովհետեւ ինքը տեսնում է, որ այսօրվա իշխանությունները թուլանում են, իսկ ժողովուրդն ակտիվանում է, կարող է հանկարծ ուրիշ մեկը իշխանության գա գործող իշխանությունների փոխարեն ու ահուսարսափի մեջ պահի Ադրբեջանին: Ադրբեջանը այդ պոտենցիալը չունի, որ մեզ սպառնա: Միջազգային հանրությունը պարտադրում էր, որ 5 շրջանները տայինք Ադրբեջանին. դա համաշխարհային քաղաքականությունն էր պահանջում, դրա համար էլ պատերազմից հետո լռեցին, քանի որ հեռահար նպատակներ ունեին այդ 5 շրջանների հետ, բայց մնացած մասով աշխարհը Ալիեւին չի օգնելու, Ալիեւն էլ է դա հասկանում, դրա համար էլ շտապում է: Հայաստանում, ինչպես ասում են, տվողներն են եկել իշխանության, Ալիեւն էլ փորձում է անընդհատ մի բան պոկել, քանի որ տեսնում է՝ ներկայիս իշխանությունները թուլանում են, կարող է Փաշինյանին ուժեղ մարդով փոխարինեն, ու այդ ժամանակ ոչ մի շանս չի ունենալու Արցախի մասին խոսելու:

-Պարո՛ն Եղիազարյան, բայց Ալիեւն արդեն բացեիբաց խոսում է նաեւ Երեւանի մասին, չի թաքցնում իր նկրտումները Երեւանի մասով:

-Ճիշտ է անում. եթե դուք ձեր տունը չեք ուզում պաշտպանել, ուզում եք հանձնել, նա էլ ուզում է վերցնել, դրա համար էլ նման հայտարարություններ է անում: Փաշինյանն անընդհատ գոռգոռում է, ուզում է համոզել ժողովրդին՝ եկեք Արցախը տանք, որ պրծնենք, թե չէ Երեւանն էլ են գրավելու: Ալիեւին ձեռք չի տալիս, որ Նիկոլը գնա, ու նորմալ իշխանություն գա Հայաստանում. որ նորմալ իշխանություն եղավ, Ալիեւը ոչ միայն շանս չի ունենա Երեւանի կամ Արցախի մասին խոսելու: Ես խորհուրդ կտամ Ալիեւին՝ թող մեծ-մեծ չխոսի ինքը, քանի իր դիմաց նապաստակներ են կանգնած, իրեն առյուծ է զգում, բայց օրը կգա, ու իսկական հայերով կհավաքվենք կողք կողքի, տեսեմ՝ ոնց է էլ հոխորտում:

-Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է, որ Հայաստանը ճանաչվում է իր 29.800 քկմ տարածքով։ Ի՞նչպես կմեկնաբանեք սա, այսինքն՝ հեշտությամբ հրաժարվու՞մ են Արցախից:

-Այդ մարդը բազմիցս նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Թվաբանություն հո գիտենք. երբ ասում է 29.800 ք/կմ, Արցախը չի մտնում դրա մեջ, նշանակում է, Արցախն էլ է Ադրբեջանի մաս ճանաչում: Մենք նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցրել ենք միայն նրա համար, որ Պուտինն ասել է՝ ով որտեղ կանգնած է, դա էլ իր սահմանն է, այդ ժամանակ ե՛ւ Քարվաճառն էր մերը, ե՛ւ Լաչինը: Երբ իշխանությունը փոխենք, կպահանջեք հետ այդ ամենը. մենք իրավունք ունենք պահանջելու, որ նոյեմբերի 9-ի դրությամբ եղած տարածքները մեզ վերադարձվեն: Երբ սա գնա, մենք այդ հարցը կբարձրացնենք:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

 

ԲԱՔՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է

Պաշտոնական Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել. այս անգամ նա պահանջում է Երեւանից միանշանակ ընդունել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։

 

Սա եղավ այն բանից հետո, երբ երեկ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, երբ նա պնդել էր, թե այժմ ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարն ինքն իր հայտարարությունը խմբագրի եւ հայտարարի «Ղարաբաղն Ադրբեջան է»։

Հայաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Իլհամ Ալիեւի այս պահանջին եւ նույն հարցազրույցում հնչեցրած սպառնալիքներին, պնդել է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ ընդունում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու փաստը, իսկ Բաքուն երեկ ուշ երեկոյան է անդրադարձել հայկական կողմին, մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին։

Ադրբեջանի արտգործնախարարությունը նաեւ նշում է, որ արդեն 43 օր է՝ սպասում է իր առաջարկների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանություններին։

Ադրբեջանը միաժամանակ հավաստիացնում է, թե, ի տարբերություն իր հարեւանի, պատրաստ է խաղաղություն կնքել, բայց մինչ այդ պահանջում է, որ հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից եւ նաեւ ճանաչի, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ՍԿՍԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկվանից, թուղթը վերցրած, պտտվում է խմբակցությունում եւ ստորագրություններ է հավաքում, որպեսզի Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Ամենայն հավանականությամբ, առաջիկայում  այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա», – Ազգային ժողովում երեկ այս մասին հայտարարեց Աղազարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա ստորագրահավաքին խմբակցությունից մի քանիսն արդեն միացել են, սակայն մեծ թվով պատգամավորներ դեռ մտավախություն ունեն, որ իրավական հիմքեր չկան պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Բացատրությունները ցանկությունների եւ զգացմունքների դաշտից են, բայց քաղաքական որոշումը դեռ չկա, ուստի ՔՊ խմբակցությունը դեռ հավաքական «կարծիք» գործադիրից չի ստացել, որ հայտնի: Սպասում են:

 

 

 

 

 

ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանի հետեւանքով խախտվել են ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները։

Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի քաղաքական ակցիան տապալելու համար նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, եւ նրանք հրելով ու բռնությամբ դուրս հանեցին դահլիճից ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին։

Այդ հրամանն ակնհայտ ապօրինի էր, քանի որ ԱԺ շենքում անվտանգության կանոների 7,8 կետում հստակ նշված է.

«Պահպանության ծառայությունն իր նախաձեռնությամբ կամ Ազգային ժողովի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձի միջնորդությամբ համաչափ միջոցներ է ձեռնարկում կարգազանց անձին (բացառությամբ պատգամավորի) կարգի հրավիրելու համար՝ ընդհուպ պահպանվող տարածքից հեռացում, որի մասին անմիջապես զեկուցում է՝ ըստ վերադասության»:

Նկատեցի՞ք՝ անվտանգության կանոններում հստակ նշված է, որ պատգամավորի նկատմամբ անվտանգության աշխատակիցներն իրավունք չունեն որեւէ քայլ անել:

Երեկ, սակայն, նրանք կարգազանցությամբ են զբաղվել, օրենքով արգելված գործողություններ են կատարել:

Տեղի էր ունենում քաղաքական ակցիա, որին իրավունք չունեին միջամտելու։

 

 




Լրահոս