ՆԵՏՎԵԼ Է ՄԻՋԱՆՑՔԻ ԼՈՒՍԱՄՈՒՏԻՑ ԵՎ ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից եւ մահացել։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի եւ 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր, մասնավորապես՝ շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաեւ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի շրջանառության համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել բացակայելու արգելը։ Ավելի ուշ օպերատիվ նոր տվյալների իրացման արդյունքում նրա ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է տետրահիդրոկաննաբինոլ բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց։

Ելնելով դրանից՝ մեղադրանքը լրացվել է, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, որը, սակայն, դատարանի որոշմամբ, մերժվել է, եւ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Դրանից հետո պարզվել է, որ Մ. Պողոսյանը քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել եւ վերցվել է 2023թ. ապրիլի 25-ին նրա անձնական խուզարկությամբ:

Քրեական վարույթով ձեռք բերված նոր տվյալների հիման վրա՝ դատախազի որոշմամբ՝ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ինչից հետո մեղադրանք առաջադրելու եւ դատարան ներկայացնելու նպատակով քննիչի կողմից Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Մ. Պողոսյանին ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։ Ոստիկանության ծառայողները, ի կատարումն քննիչի հանձնարարության, 2023թ. ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն են ուղեկցել Մ. Պողոսյանին։ Վարչության երրորդ հարկում՝ միջանցքում, ուղեկցող ոստիկանների հետ պաշտպանին սպասելու ընթացքում Մ. Պողոսյանը, նախնական տվյալներով, փախուստի դիմելու նպատակով հանկարծակի ցատկել է շենքի 3-րդ հարկի պատուհանի տակ գտնվող սեղանի վրա եւ պատուհանից ցած նետվել։ Արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 506-րդ հոդվածի 1-ին մասի (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաեւ դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է  ԱՄԵՆԱԾԵՐ ՆԱՑԻՍՏԸ

102 տարեկանում մահացել է Զաքսենհաուզեն նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին պահապան Յոզեֆ Շյուտցը։

2022թ. հունիսին դատարանը Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարում ավելի քան 3 500 բանտարկյալների սպանությանը հանցակից լինելու համար հինգ տարվա ազատազրկման էր դատապարտել նրան, բայց Շյուտցը բողոքարկել էր դատարանի որոշումը։ Ինչպես նշել է ամսագիրը, որոշում չի կայացվել, այդ պատճառով դատավճիռն օրինական ուժ չի ստացել։

Դատավարության ժամանակ մեղադրյալը համառորեն հերքում էր, որ աշխատել է համակենտրոնացման ճամբարում, եւ պնդում էր, որ գյուղատնտեսական աշխատող է եղել, բայց դատարանն այդ հայտարարությունը համարել է ոչ հավաստի՝ բազմաթիվ փաստաթղթերի հիման վրա, որոնք պարունակում էին անձնական տվյալներ մեղադրյալի մասին։ Դրանք մատնանշում էին, որ նա աշխատել է որպես Էսէս-ի պահապան համակենտրոնացման ճամբարում։

Շյուտցի պաշտպանի խոսքով՝ համակենտրոնացման ճամբարի վերակացուի գործունեությունը բավարար չէ նացիստների հանցագործություններին նպաստելու գործում դատապարտվելու համար։ Ընդգծվել է, որ դատաքննության ժամանակ չի ապացուցվել, որ մեղադրյալը «բանտարկյալների կոնկրետ սպանություններ է կատարել»։

 

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 26-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Էջմիածին-Մարգարա ճանապարհից բաժին են տեղափոխել 26 եւ 35 տարեկան երկու երիտասարդների՝ 26 տարեկանի վարած «Մերսեդես»-ով հանդերձ: Ոստիկանությունից  հայտնում են, որ բաժնում 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում առանց թույլտվության գազային ատրճանակ կա, որն իրենն է: «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

 

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Ապրիլի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտին երկու միջնորդների միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին:

Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, 2023 թվականի մարտի 7-ին միջնորդներից մեկի միջոցով պահանջել է կաշառք եւ նույն օրը իր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում:

Միջնորդներից տեղեկանալով ՊՆ պաշտոնատար անձի պահանջած կաշառքի գումարի չափի մասին՝ զինծառայողի ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտի 8-ին Էջմիածին քաղաքում հանդիպել է Կ. Ա.-ին եւ որպես կաշառք նրան տվել ընդհանուր 605.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի եւ 90.000 ՀՀ դրամ: Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 31-ին, հիշյալ զինծառայողը նշանակվել է նույն զորամասի ջոկի վարորդի պաշտոնին:

21.04.2023 թ.-ին ՊՆ պաշտոնատար անձ Կ. Ա.-ն, նրան կաշառք տված Ա. Գ.-ն եւ երկու միջնորդները ձերբակալվել են:

Նույն օրը Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ միջնորդներին՝ 437-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կ. Ա.-ի, Ա. Գ.-ի եւ միջնորդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է, եւ նրանք կալանավորվել են:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս