Ինքնակարգավորման մոդելի պարագայում լրատվամիջոցների աշխատանքը զգալիորեն կթեթևանա. Դավիթ Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման մեխանիզմներ ներդնելու քայլերը շարունակվում են: Հայաստանի լրատվական դաշտում ևս ինքնակարգավորման մեխանիզմի փորձ է առկա: 2007 թվականի մարտի 10-ից գործում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը: Սակայն այս մարմինը չունի իրավական կարգավիճակ, ճանաչված չէ, հետևաբար գործունեության ընթացքում կարող է խոչընդոտների հանդիպել:

Հայաստանում ինքնակարգավորման նոր մոդելի ներդրման հնարավորությունների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Դիտորդ մարմնի անդամ, «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հետ:

-Պարո՛ն Ալավերդյան, որ փուլում է գտնվում ինքնակարգավորման մոդելի ներդնումը Հայաստանում:

-Նախաձեռնող խմբի կողմից և իմ կողմից, որպես Էթիկայի դիտորդ մարմնի անդամ, ներկայացվել էր հայեցակարգ այն թեմայի շուրջ, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում այդ խնդրի լուծումը Հայաստանում: Հաջորդ փուլում այդ նախագիծը քննարկման ենթարկվեց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այդ թվում՝ արդարադատության նախարարության  և Ազգային ժողովի ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ և այսօր այդ քննարկումները շարունակվում են: Չեմ կարող ասել, որ մենք շատ մոտ ենք խնդրի վերջնական լուծմանը, բայց գլոբալ առումով կա ընդհանուր պատկերացում, թե ինչ ենք մենք ուզում տեսնել և ինչպես ենք պատկերացնում այդ ինքնակարգավորման մարմնի կամ մարմինների գործունեությունը Հայաստանում:

-Որքանո՞վ է ըստ Ձեզ, ինքնակարգավորման այդ մոդելը կիրառելի մեր իրականությունում:

-Մեր առաջարկած նախագծով հիմնական բաղադրիչներից մեկն այն էր, որ յուրաքանչյուր կառույց, որն ինքն իրեն համարում է ԶԼՄ, կարող է ընտրել ինքնակարգավորման մոդելը: Այսինքն՝ կարող են ունենալ սեփական օմբուդսմենը, կարող են միանալ ինքնակարգավորման մարմնին կամ մամուլի խորհրդին և երրորդ տարբերակն էլ այն է, որ մի քանի լրատվամիջոցներով ձևավորեն սեփական ինքնակարգավորման մարմինը և հռչակեն էթիկայի սկզբունքները, որի շուրջ այդ մարմինը ձևավորվում է: Եթե մենք կարողանանք այդ համակարգը ներդնենք Հայաստանում, ապա լրատվամիջոցների աշխատանքը զգալիորեն կթեթևանա և բոլոր տեղեկատվական վեճերը դատարաններից կարող են տեղափոխվել ինքնակարգավորման մարմիններ: Կա հարուստ միջազգային փորձ, այդ թվում՝ եվրոպական, որը բավական հաջող է և կարող է կիրառվել Հայաստանում: Կա նաև հայաստանյան փորձ, որը ևս կարող է օգտագործվել, և մենք կունենանք բավականին աշխատող և արդյունավետ մոդել:

-Այս պահին կա՞ն դրույթներ, որի հետ Դուք այնքան էլ համաձայն չեք:

-Այս պահին այդպիսի դրույթներ չկան, քանի որ քննարկումների փուլում ենք: Կարող եմ ասել, որ իշխանությունների ներկայացուցիչները բավականին պատրաստ են համագործակցել և հաճախ ընդունում են լրագրողական համայնքի առաջարկներ, երբեմն հանդես են գալիս սեփական առաջարկներով: Շատ արդյունավետ քննարկումներ են ընթանում: Կարող եմ ասել միայն, որ ի սկզբանե առաջարկվել էր համակարգավորման մոդելը, առաջարկվել էր, որպեսզի պետությունը ևս ինքնակարգավորման մարմնում ունենա իր ներկայացուցիչները և կլիներ համակարգավորում: Մեր բացատրական աշխատանքից հետո իշխանության ներկայացուցիչները հրաժարվեցին այդ գաղափարից և հիմա խոսվում է միայն ինքնակարգավորման հարցերի շուրջ: Մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կունենանք աշխատանքային տարբերակ,  կպահանջվի լրագրողական համայնքի ավելի լայն քննարկում: Եթե մենք կարողանանք կոնսենսուսի գալ, ապա այդ մամուլի խորհուրդը կարող է մի շարք հարցեր կարգավորել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս