«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Գոհար Փափազյանը պատմեց, որ իր աղջիկը 4 ամիս աշխատել է Երեւանի «Մագամ» սրճարանում, սակայն նրան ընդամենը 7000 դրամ են վճարել: Սրճարանի տնօրենն էլ ասել է. «Ուր ուզում եք, գնացեք բողոքեք, ես ձեզ գումար չեմ տալու»:
Տիկին Գոհարը շատ վրդովված էր, ասաց, որ չի ցանկանում` իր աղջիկն այս գործին խառնվի, ինքն է ուզում արդարությունը վերականգնել, այդ իսկ պատճառով դիմել է մեզ` իրեն օգնելու համար: Նա նշեց, որ սույն թվականի հունիսի 4-ից մինչեւ սեպտեմբերի 21-ն իր աղջիկը` 30-ամյա Էմմա Նազարյանը, աշխատել է «Մագամ» սրճարանում որպես մատուցողուհի. «Սրճարանը գտնվում ա Շահումյանի արձանի հարեւանությամբ` դատախազության շենքի դիմաց»:
Էմմայի մայրն ասաց, որ հենց սկզբից սրճարանի տնօրինության հետ պայմանավորվածություն են ունեցել` աշխատավարձի հետ կապված. «Թեյավճար` գումարած տոկոս: Իմ աղջիկը պարտավորագիր է ստորագրել, որ մինչեւ սեպտեմբերի 7-ը համաձայն է այդ պայմաններով աշխատել, ավարտվելուց հետո նորից են կնքել: Համարյա 4 ամիս իմ աղջիկն այդ սրճարանում է աշխատել»:
Մեր զրուցակիցը նշեց, որ սեպտեմբերի 21-ին ինչ-որ մատուցողի եւ հաճախորդի միջեւ վեճ է ծագել, որից տուժել է իր աղջիկը. «Աղջիկս գործ անելու ժամանակ մնացել է էդ կռվողների արանքում ու հարված է ստացել, իրար ծեծել են մատուցողուհին ու մի հաճախորդ, ինչքան գիտեմ` էդ աղջկա ընկերն ա եղել: Իմ աղջիկն էդ կռվի պատճառով վնասվածք է ստացել ու ստիպված չի գնացել աշխատելու. հիվանդ էր, չէր կարում գնար»:
Տիկին Գոհարը պատմեց, որ 4-ամսյա աշխատանքի համար սրճարանի տնօրինությունն Էմմային վճարել է ընդամենը 7000 դրամ. «Հիմա մենք խնդրում ենք, որ տնօրենը մեզ տա աշխատանքային գրքույկն ու կատարի վերջնահաշիվ»: Ըստ մեր զրուցակցի` խնդիրն այն է, որ «Մագամ» սրճարանի տնօրեն Վիոլետա Մամիկոնովնայի ամուսինը ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյա է, եւ տիկինն իրեն իրավունք է վերապահում նման կերպ վարվել իրենց հետ. «Չի տալիս աշխատավարձը՝ ասելով` որտեղ ուզում եք, գնացեք բողոքեք, ինչ ուզում եք` արեք: Ոչ մի կոպեկ չի տալիս»:
Տիկին Գոհարը կարողացել է գտնել սրճարանի տիրուհու հեռախոսահամարը եւ զանգահարել է նրան` պարզելու համար, թե ինչն է պատճառը, որ դստերն իր աշխատած գումարը չեն վճարում. «Էս կինը ստում է, թե ամեն ամիս աշխատավարձ է տվել եւ ոչ մի կոպեկ պարտք չէ: Ես պարզ ասում եմ` իմ աղջիկը ոչ մի տեղ չի ստորագրել, որ ինքն աշխատավարձ է ստացել այդ ամիսների ընթացքում, ստացել է ընդամենը 7000 դրամ` առանց որեւէ տեղ ստորագրելու: Իսկ էդ տոկոսները, որ պիտի ստանար, մեծ գումարներ են. առեւտրի օգուտի տոկոսը մեծ թիվ է կազմում»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու Էմման ընթացքում չի պահանջել եւ տնօրենին տեղյակ չի պահել, որ ինքը գումար չի ստանում, սակայն տիկին Գոհարն ասաց, թե տնօրենն անընդհատ հետաձգել է ու ասել` մի փոքր սպասե՛ք. «Ինչքա՞ն կարելի է էս անարդարությանը դիմանալ: 10 տարի է` աշխատում է իմ աղջիկը, երեւի 5 ամսվա աշխատանքային ստաժ չունի, ինչ ճնշումների, ինչ վիրավորանքների ասես դիմացանք, ի՞նչ անենք, որ իր ամուսինը ոստիկանության բարձր պաշտոնյա է, ուրեմն մեզ հետ սենց պիտի վերաբերվե՞ն»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Մագամ» սրճարանի տնօրեն Վիոլետա Մամիկոնովնայի հետ: Նա շատ վրդովվեց մեր հարցից եւ հավաստիացրեց, թե այդ աղջիկը որտեղ աշխատել է, միշտ խնդիրներ է ունեցել. «Ինքը շատ վատ աղջիկ է, ինքը խուլիգանություն է արել մեր սրճարանում, իրեն շատ վատ է պահել, եւ որ ես չբողոքեմ, իրենք են եկել բողոքելո՞ւ: Իսկ խելքին մոտի՞կ բան է, որ մեկը 4 ամիս աշխատի, աշխատավարձ չստանա ու ձայն չհանի: Դուք մեր աշխատողներից հարցրե՛ք ու տեսե՛ք, որ նման բան չկա: Ես բոլորին էլ վճարում եմ, ուղղակի էդ մարդը հոգեկան հիվանդ ա, ինքը երբ եկավ ինձ մոտ, քաղմասում խնդիրներ ուներ»: Տիկին Վիոլետան կրկին վստահեցրեց, որ ինքը վճարել է Էմմայի աշխատավարձը եւ չի պատրաստվում ենթարկվել նրա շանտաժներին. «Ինքն ինչ ասում է՝ սուտ է ասում, որ ընդամենը 7000 դրամ գումար է ստացել, ինքն ու իր մաման ուզում են, որ ես իրենց անիմաստ գումար տամ»:
Մեր զրուցակիցը եւս նշեց, որ իր ամուսինը ուժային է, եւ իրենք օրենքի մարդ են ու չեն կարող օրենքով չաշխատել. «Իմ ամուսինը լուրջ պաշտոն է զբաղեցնում ներքին օրգաններում, եւ ես չէի կարող օրենքով չաշխատել կամ աշխատավարձ չտալ»: Մեր տեղեկություններով տիկին Վիոլետայի ամուսինը ոստիկանության ներքին անվտանգության աշխատակից է:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԿԻՆԸ ՃՆՇՈ՞ՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ