3 տարի ազատազրկում և տուգանք. դատավճիռ՝ ապօրինի անտառահատումների գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայանտառ» ՊՈԱԿ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի «Գետիկի» անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի հատվել է 22 ծառ՝ պետությանը պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս:

Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է.

«Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Մ.-ն, լինելով «Գետիկի» անտառպետության անտառապետը, խմբային շահերից ելնելով, 2019 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը, հրահանգել է նույն անտառպետության 3-րդ պահաբաժնի անտառապահ Ս.Ս.-ին թույլատրել Ճամբարակի բնակիչ Վ.Ս.-ին կատարել ապօրինի ծառահատում:

Արդյունքում, Տավուշի մարզի բնակիչներ Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք գնացել են 3-րդ պահաբաժին, կտրել 22 ծառ և տեղափոխել Ս.Ե.-ի կողմից շահագործվող փայտի արտադրամաս:

2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անտառապետ Ն.Մ.-ին և անտառապահ Ս.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), անհատ ձեռնարկատեր Ս.Ե.-ին՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), քաղաքացի Վ.Ս.-ին՝ 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում կազմակերպելը), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծիքի դրդչություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով և քաղաքացի Ա.Ս.-ին ու Ա.Ա.-ին` 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը):

2020 թվականի հոկտեմբերի 1-ին քրեական գործը (վարույթ) մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է դատարան:

2023 ապրիլի 4-ին դատարանի դատավճռով Վ.Ս.-Ն, Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն, Ն.Մ.-ն, Ս.Ս.-ն մեղավոր են ճանաչվել վերագրվող արարքների կատարման մեջ: Վ.Ս.-ն դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, Ա.Ս.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ա.Ա.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ն.Մ.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով, Ս.Ս.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով: Ս.Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ դատաքննության փուլում»:




Լրահոս