ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՌԱԽՄԱՆԻՆՈՎԻ 150-ԱՄՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի երաժշտությամբ սերունդներ են կրթվում: Բազմաթիվ երաժիշտներ փորձում են գերազանցել նրա կատարողական վարպետությունը, սակայն քչերին է դա հաջողվում: Իսկ այն, որ Ռախմանինովի երաժշտությունը հավերժ է, փաստում են դասականների նվագացանկերը, որոնցում նրա գործերն ուրույն տեղ են զբաղեցնում: Մեծն կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի առթիվ մայիսի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով քննարկում անցկացվեց՝ մշակույթի ոլորտի տարբեր գործիչների մասնակցությամբ: Ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի խոսքով՝ Ռախմանինովն իր հանճարեղ սիմֆոնիկ, օպերային եւ այլ ստեղծագործություններով հարստացրել է ոչ միայն ռուս, այլեւ համաշխարհային երաժշտարվեստը: «Ռախմանինովն իր ստեղծագործական գործունեությամբ անդրադարձել է հայ գրականությանը, մասնավորապես՝ Ավետիք Իսահակյանի պոեզիային: Մեծանուն կոմպոզիտորի գործերը հայ կատարողների նվագացանկի անբաժանելի մասն են եղել»,- ընդգծեց Սուվարյանն ու հավելեց՝ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը դարավոր պատմություն ունի, որում յուրահատուկ տեղ են զբաղեցնում գիտական ու մշակութային փոխհարաբերությունները:

 

Ակադեմիկոսն ասաց, որ այդ կապերն ամուր են եղել հատկապես երաժշտարվեստում, եւ հիշեցրեց, որ մեծանուն կոմպոզիտորներ Մակար Եկմալյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը եւ այլք ռուսական երաժշտական բուհերի շրջանավարտներ են եղել, իսկ ջութակահար Հովհաննես Նալբանդյանը, երգիչ Բեգլար Ամիրջանյանն ու այլք իրենց կատարողական գործունեությամբ նպաստել են ռուսական երաժշտության զարգացմանը:

Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանում է պահվում Ռախմանինովի ժառանգության մի մեծ մաս՝ 3700 նմուշ, սակայն ամեն անգամ նորություններ են գտնում: Միխայիլ Բրիզգալովը վստահեցրեց, որ Ռախմանինովը դեռ շատ երկար տարիներ, դարեր կապրի, քանի որ նրա երաժշտությանը սիրահարվում են անմնացորդ, այն երբեք ոչ ոքի անտարբեր չի թողնում:

Ռախմանինովի հոբելյանի առթիվ մայիսի 2-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվել է նրան նվիրված «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոիզտոր եմ» ցուցահանդեսը, որում ընդգրկված են Ռախմանինովի արխիվից հազվագյուտ փաստաթղթեր եւ լուսանկարներ, նրա ընտանիքի ծագումնաբանական ծառը եւ ստեղծագործությունների ձեռագրերը: Ներկայացված է նաեւ մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի միջոցով այցելուները կկարողանան լսել Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի եւ նշանավոր երաժիշտների կատարմամբ։ Դաշնակահար, տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց՝ դեռ տասը տարի առաջ թանգարանը Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի հետ համագործակցության պայմանագիր է կնքել, որի շրջանակում իրականացված առաջին նախագիծը Ռախմանինովին եւ Շալյապինին է նվիրված եղել եւ յուրահատուկ ցուցանմուշներով ցուցադրություն է բերվել Երեւան: «Այս տարի կրկին դիմեցի Միխայիլ Բրիզգալովին ու Ռախմանինովի 150-ամյակի առթիվ խնդրեցի մեզ ցուցադրության նյութեր տրամադրել, եւ նա անձամբ եկավ ցուցադրության բացմանը, որին հաջորդած համերգային ծրագրում հնչեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները»,-շեշտեց նա:

Գրիգորյանն իրեն կոմպոզիտորի մեծ երկրպագու է համարում եւ մշտապես կատարում է նրա դաշնամուրային ստեղծագործությունները: Միջոցառմանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի եւ Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի միջեւ համագործակցության համաձայնագիր կնքվեց: Կողմերը վստահեցրին, որ ձեռք բերված համաձայնագրի արդյունքները երկար սպասել չեն տա:

 

 

 

 

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՄԵՐԳՈՎ

Մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու ARTSRUNI Progressive Music Act նախագիծը տեւական դադարից հետո հանդես կգա բացառիկ համերգով։ 2003 թվականին եվրոպական Un Voyage en Progressif-ի կողմից 10 լավագույն եվրոպական պրոգրեսիվ խմբերի ցուցակում ընդգրկված թիմը համերգը կնվիրի այդ նշանակալից իրադարձության 20-ամյակին։ Համերգը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Hard Rock Yerevan-ում։ Խմբի կազմում հանդես են գալիս Վահան Արծրունին (վոկալ, ակուստիկ կիթառ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Վահագն Ամիրխանյանը (սոլո կիթառ), Արթուր Մոլիտվինը (բաս կիթառ), Լեւոն Հախվերդյանը (հարվածայիններ)։

 

«Խումբը հիմնադրվել է 2000 թվականին, ակտիվ գործունեություն է ծավալել, առաջարկ է ստացել եվրոպական հայտնի MUSEA Records-ից թողարկել երկու ալբոմ։ Երկուսն էլ թողարկվել են 2002-ին Ֆրանսիայում՝ արժանանալով քննադատների բարձր գնահատականին։ Մեր խումբն առաջինն էր, որ պրոգրեսիվ երաժշտությունը ներկայացրեց Հայաստանի սահմաններից դուրս։ Տեւական ժամանակ է, ինչ միասին համերգով հանդես չէինք եկել երաժիշտներից մեկի՝ Հայաստանից բացակայելու պատճառով։ Որոշեցինք օգտագործել եվրոպական պրոգրեսիվ խմբերի լավագույն տասնյակի ցուցակում ընդգրկվելու իրադարձային առիթն ու հանդես գալ համերգով»,-նշել է Վահան Արծրունին՝ ընդգծելով, որ համերգն անտարբեր չի թողնի ունկնդրին։ Մայիսի 17-ի երեկոյի ծրագրում ընդգրկված են Վահան Արծրունու գործիքային ստեղծագործություններն ու երգերը։ ARTSRUNI Progressive Music Act-ը հանդես է եկել թե՛ մենահամերգներով, թե՛ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի եւ երգչախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ այլ կոլեկտիվների հետ։

 

 

 

 

ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՏԱՃԱՐՆԵՐԻՑ

Luxatic պորտալը Երեւանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ներառել է աշխարհի 25 ամենագեղեցիկ տաճարների ցանկում։

«Սա մեր ցանկի նորագույն տաճարներից է՝ կառուցված Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Հայտնի է նաեւ որպես Երեւանի Մայր տաճար. այն Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից։ Հայկական ավանդական ճարտարապետական ոճով կառուցված տաճարը երկրի ամենաշատ այցելվող եկեղեցին է»,- նշում է հրատարակությունը։

 

 

 

 

ԶԱՐԴԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Ֆրանսիական Saint Laurent նորաձեւության տունը ներկայացրել է իր դեբյուտային զարդերի հավաքածուն։

Նորաձեւության տան առաջին հավաքածուի հիմնական շարժառիթներն էին Cassandre-ն, որը YSL-ի տարբերանշանն է, եւ Le Maillon-ը՝ խոշոր օղակների շղթաները։ Դրանք առկա են թեւնոցներում, վզնոցներում, մանժետներում, մատանիներում եւ ականջօղերում։

Ոսկերչական իրերը պատրաստված են դեղին եւ սպիտակ 18 կարատանոց ոսկուց եւ ադամանդներով։

Ոսկերչական իրերի գները տատանվում են $790-ից YSL ոսկյա գամասեղ ականջօղերի համար մինչեւ $48,000 մեծ ոսկյա շղթայի ապարանջանների համար:

Նորաձեւության տունն իր զարդերը համարում է ֆունկցիոնալ, դասական եւ կոլեկցիոներ:

Տան գովազդային արշավը նկարահանել է հայտնի լուսանկարիչ Յուրգեն Թելլերը։ Լուսանկարներում նուրբ տրիկոտաժով մոդելները կառավարվում են ձեռքերով, որոնք զարդարված են բազմաթիվ մեծ ապարանջաններով, պարտեզի գործիքներով:

 

 

 

 

51 ԳՈԼ՝ ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

«Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ընթացիկ մրցաշրջանում խփել է 51 գոլ։ Նա այդ ցուցանիշին հասած երկրորդ ֆուտբոլիստն է Անգլիայի ուժեղագույն դիվիզիոնի ակումբների պատմության մեջ։

Ռեկորդակիրը Դիքսի Դինն է, որը 1927-1928 թվականների մրցաշրջանում «Էվերտոնի» կազմում խփել է 63 գոլ։

Անգլիայում առաջին մրցաշրջանն անցկացնող Հոլանդը 51 գոլը խփել է բոլոր մրցաշարերի 45 խաղում։ Այս մրցաշրջանում Հոլանդը 35 գոլ է խփել Պրեմիեր լիգայում, 12 գոլ՝ Չեմպիոնների լիգայում, 3 գոլ՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում, 1 գոլ՝ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում։

 




Լրահոս