ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ Պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու նախագծի քննարկումը հետաձգվեց։
Խաչատրյանը ներկա չէր նիստին։
«Ժողովուրդ» օրաթերթը վաղ էր գրել, որ Տիգրան Խաչատրյանը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կներկայացնի պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի բարձրացման նախագիծը։
Հատկանշական է, որ խոսքը պետական համակարգում վարձատրության էական փոփոխությունների մասին է, որի արդյունքում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների:
Նախագիծը կառավարության հավանությանն է արժանացել սեպտեմբերի 17-ին, իսկ դրա հիմնական հիմնավորումն այն է, որ պետական համակարգում պետք է ձևավորվի մրցունակ վարձատրության համակարգ, և աշխատավարձը կապվի աշխատանքի արդյունավետության հետ։
Armlur.am-ը տեղեկացավ, որ նախագծով նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Կառավարության ներկայացմամբ՝ նոր համակարգի ներդրման համար պետական բյուջեից տարեկան լրացուցիչ 25 մլրդ դրամ կպահանջվի։
Աշխատավարձերի նախատեսվող բարձրացման չափերը բավական ուշագրավ են։ Մասնավորապես՝ Հանրապետության նախագահի աշխատավարձը ներկայիս շուրջ 1.5 մլն դրամից կդառնա 2.6 մլն դրամ, վարչապետինը նույնպես կհասնի 2.6 մլն դրամի։

