«ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՈՒՐ ԲԱՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի տարբերություն արտերկրի դերասանուհիների` հայ դերասանուհիները շատ ավելի ամաչկոտ են եւ միշտ չէ, որ  համաձայնում են նկարահանվել բաց, համարձակ կամ մերկ տեսարաններում: Շատերի համար նույնիսկ համբույրի տեսարանն է անընդունելի: Մերկանա՞լ, թե՞ ոչ` այս հարցի շուրջ իրենց տեսակետն են հայտնել հայ երեք դերասանուհի:
ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Սկզբունքորեն դեմ եմ բաց տեսարաններին
-Երբ սերիալներում խաղալու առաջարկ եմ ստանում, հեշտ չեմ համաձայնում: Ես կանխավ հարցեր եմ տալիս եւ ստանում պատասխաններ: Ինձ համար կան որոշակի սահմանափակումներ, խոսքս բաց տեսարանների մասին է: Չպետք է մոռանալ, որ Հայաստանում ենք ապրում, մեզանում դա շատ դժվար է ընկալել: Ասում են` գեղարվեստական ֆիլմում նորմալ է, երբ կա բաց տեսարան, բայց ինձ համար միեւնույն է, ես չեմ համաձայնի, եւ այստեղ միայն մենթալիտետը չէ, նաեւ քո բնավորությունից է գալիս: Արդյո՞ք դու կարող ես դա անել: Չեմ ասի երբեք, բայց կարծում եմ, երբեք չեմ համաձայնի նման տեսարաններում նկարվել: Դա էլ է կարողություն, եթե դու չես կարողանում, ավելի լավ է չանես:

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բաց մեջք եւ սրունք. մի՞թե մերկություն է
 -Ես չեմ համաձայնի նկարահանվել մերկ կամ համարձակ տեսարաններում: Դա իմ նախասիրությունը չէ: Համարձակ նկարահանվել եմ ոչ թե ես, այլ «Քրմուհի» ֆիլմի դերասանուհին, ով բոլորովին մերկ էր: Իսկ այն, որ «Սպանված աղավնի»-ում կամ մեկ այլ ֆիլմում երեւում է իմ բաց մեջքը կամ ուսը, դա մերկություն չէ:  Եթե իմ փոխարեն «Սպանված աղավնի» ֆիլմում նկարահանվեր մեկ այլ դերասանուհի, նա շատ ավելի ազատ կզգար իրեն, քան ես եմ զգացել: Եթե անկեղծ լինենք, այդ ֆիլմում ոչ մի արտառոց բան չի եղել, սրունքի մի մաս եւ մեջք, մի բան, որ ամեն մի քայլափոխի մենք տեսնում ենք փողոցում:

ՌՈՒԶԱՆ ՎԻԹ ՄԵՍՐՈՊՅԱՆ. «Քրմուհի» ֆիլմի գլխավոր դերակատարը
Մտքերն են կեղտոտում մերկությունը
-Ես պրոֆեսիոնալ դերասանուհի եմ եւ գիտեմ` անելուց ինչ եմ անելու: Բացի դրանից, ես ամեն մի դերի համար չէի մերկանա եւ ոչ էլ կքաչալանայի: Ֆիլմի ռեժիսորը` Վիգեն Չալդրանյանը, բարձ ճաշակ եւ կուլտուրա ունի, վստահ էի, որ գռեհիկ բան չի ստացվի: Ես էլ իմ առաջարկներն արեցի եւ վստահ լինելով, որ ոչ մի վուլգար, գռեհիկ ու սեռական բնույթ չի կրի, համաձայնեցի: Հետեւել եմ նաեւ մոնտաժի ընթացքին,  եղել են ավելի բացահայտ մերկ տեսարաններ, որ ես ուղղակի պահանջեցի դրանք հանել, որովհետեւ ֆիլմը կվերածվեր այլ բանի: Հետո ես գիտեմ, որ իմ մարմինը վուլգար չէ: Չէի վախենում հայ հասարակության կարծիքից: Ես 5 տարի ապրել ու աշխատել եմ Փարիզում բավականին հայտնի դերասանների կողքին: Արվեստագետը, ներողություն ասածիս համար, բոլորից մի քիչ բարձր է քայլում, որովհետեւ նրա հոգեւոր եւ մտային աշխարհը մի քիչ այլ կերպ է: Ես միայն հաճելի արձագանքներ եմ ստացել: Ես որեւէ հարցում ինձ վատ չեմ զգացել, միայն այն էր մտահոգությունս, որ ֆիլմը երկար կյանք ունենա:
Վերջերս եղավ ֆիլմի առաջարկ, որտեղ կրկին մերկ էի նկարահանվելու: Ֆիլմը պոռնկուհու մասին էր, որտեղ կային բացահայտ բռնաբարության տեսարաններ: Համաձայնությունս տվեցի, որովհետեւ դերը հետաքրքիր էր, ռեժիսորը` նույնպես, ցավոք դեռ ֆինանսներ չեն գտել: Ինձ համար կարեւոր է` ինչ դեր է ու ովքեր են նկարում: Հետո այդ մերկությունն այնքան մաքուր բան է: Մենք մերկ ծնվում ենք ու մերկ գնում այս աշխարհից: Մերկության մեջ այնքան աստվածային գեղեցկություն եւ արվեստ կա, մեր մտքերն են, որ կեղտոտում են: Ես այդպես եմ ընկալում եւ բոլորովին վատ չեմ զգում:
Նկարահանման հրապարակ մտնելուց առաջ ամեն անգամ աղոթում էի, նոր մտնում: Ի դեպ, իմ ամուսնուն ֆիլմից հետո եմ հանդիպել: Ամուսնացել ենք, բալիկ ենք ունեցել: Ամուսինս հիացած է ինձնով ու իմ խաղով, այն ժամանկ դեռ չէինք էլ շփվում: Ֆիլմը նաեւ պատճառ էր, որ ես գտա նրան:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս