ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Բրուտյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում քննությամբ չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով ձեռք է բերել թվով 20 հատ «50 ԱՄՆ դոլար» եւ «100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք փոխադրել եւ կնոջ՝ Ջուլիետա Բատիկյանի հետ խմբի կազմում պահել է իր եւ վերջինիս կողմից վարձակալած Երեւան քաղաքի Սիմոն Վրացյան 79/3 հասցեում տեղակայված բնակարանում:
Այնուհետեւ հիշյալ կեղծ արտարժույթներն իրացման նպատակով պահելու եւ դրանց իրացման միջոցով գույքային օգուտ ստանալու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել Ալլա Զուրաբյանի հետ, որի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Գոռ Հովհաննիսյանը՝ «100», ապա 2022 թվականի դեկտեմբերի 2-ին երկու հատ «50 ԱՄՆ» դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներն իրացրել է խմբի անդամ հանդիսացող Ալլա Զուրաբյանին՝ այն այլ անձի իրացնելու եւ գույքային օգուտ ստանալու նպատակով, որն էլ իր հերթին նշված կեղծ արտարժույթ հանդիսացող «100 ԱՄՆ» դոլար անվանական արժեքով թղթադրամը փորձել է փոխանակել տարադրամի փոխանակման սարքի միջոցով, սակայն ձախողելուց հետո այն եւ երկու հատ «50 ԱՄՆ» անվանական արժեքով կեղծ թղթադրամներն իրացրել է իր մտերիմ Սարգիս Արմենի Բրուտյանին։
Նշվածից հետո Գոռ Հովհաննիսյանի կողմից ձեռք բերված կեղծ արժույթ հանդիսացող «50 ԱՄՆ» անվանական արժեքով թղթադրամներից մեկը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է Երեւան քաղաքի Սիմոն Վրացյան 79/3 հասցեի ննջասենյակի աջ պատի վերջնամասում դրված անկյունային պահարանի վրա դրված պոլիէթիլենային տոպրակից, իսկ Ալլա Զուրաբյանի կողմից Սարգիս Բրուտյանին իրացված երկու հատ կեղծ արտարժույթ հանդիսացող «50 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով եւ մեկ հատ «100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամները 2023 թվականի փետրվարի 25-ին առգրավվել են Սարգիս Բրուտյանից։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՏՎԵԼ ՊԱՊԻՆ
Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այնթապ գյուղի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ ապօրինի պահում եւ օգտագործում է թմրանյութ: Տվյալն իրացնելիս մայիսի 5-ի երեկոյան ստացվեց նոր տեղեկություն, որ թմրանյութ կա նաեւ նրա 16-ամյա թոռան մոտ:
Թոռը հայտնաբերվեց Այնթապ գյուղի նոր գերեզմանատան մոտ: Նրա պայուսակում կար Մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը պետք է հասցներ պապին: Գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվեց նաեւ պապը: Նա ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժին եւ խոստովանեց, որ թոռան մոտ հայտնաբերված Մարիխուանան իրենն է, ինքն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն: Ըստ նրա` թմրամիջոցի հումք կանեփն էլ քաղել էր վայրաճ թփերից իր օգտագործման համար:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՊԱՅԹՅՈՒՆ՝ «ՄԵՐՍԵԴԵՍՈՒՄ»
Մայիսի 9-ին՝ ժամը 03։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության մոտակայքում լսվել է պայթյունի ձայն, եւ նկատվել է այրվող ավտոմեքենա: Պարզվել է, որ այրվում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Մ. Հ.՝ ծնված 1989 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:11-ին, մարվել՝ 03:19-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահն եւ բեռնախցիկը՝ մասամբ: Հրդեհի հետեւանքով տուժած վարորդը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
604 ԶՈՀ
Սուդանում բանակի եւ արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատայինների) միջեւ բախումների հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 604-ի, վիրավորվել է ավելի քան 65 հազար մարդ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Asharq հեռուստաալիքը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին։
ԱՀԿ-ն մինչ այդ տեղեկացրել էր, որ բախումների զոհ է դարձել ավելի քան 450 մարդ, 4-ից ավելի մարդ վիրավորվել է։
Մայիսի 5-ին Սուդանի առողջապահության նախարարությունը գրանցել էր զինված հակամարտության սկզբից ի վեր 551-րդ զոհված խաղաղ բնակչին։
Ո՞Վ Է ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մուրադ Նուրիջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներով եւ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով, հարվածներ է հասցրել «Մուրացան» հիվանդանոցի անվտանգության ծառայության աշխատակից Արսեն Արմենակի Բարսեղյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 6-ին սոցցանցում եւ լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել, թե, իբր, պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզը սպասարկող գումարտակի ծառայողներից մեկը վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն «տրանսպորտային միջոցը ուժը կորցրած վարորդական վկայականով վարելու» համար այն պայմանում, երբ տվյալ վարորդի վարորդական իրավունքի վկայականը վավեր է եղել։ Այս մասին պարզաբանում է տարածել ոստիկանությունը։
«Վերոգրյալի մասին հայտնում ենք, որ վարորդը պարեկային ծառայողին է ներկայացրել ոչ թե լրատվական կայքերում հրապարակված վարորդական վկայականը, այլ ժամանակավոր վարորդական վկայական, ինչը տրված է եղել 12.01.2023 թվականից մինչեւ 01.02.2023 թվականը, ինչը նաեւ երկարաձգված է եղել մինչեւ 20.03.2023 թվականը։
Տվյալ անձը մեքենան փաստացի վարել է ուժը կորցրած ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականով։
Հարկ է նաեւ նշել, որ հաշվառման-քննական ստորաբաժանման կողմից տրված ժամանակավոր վարորդական վկայականի ժամկետը լրանալուց հետո քաղաքացուն տրվում է վարորդական իրավունքի վկայական (պլաստիկ), որտեղ նշվում է ժամանակավոր վարորդական վկայականի տրման ամսաթիվը։
Եվս մեկ անգամ նշենք, որ մայիսի 5-ին՝ իրավախտումն արձանագրելու օրը, տվյալ անձի մոտ եղել է ժամանակավոր վարորդական վկայական, ինչի ժամկետը լրացած է եղել 20.03.2023 թվականին, իսկ վարորդական վկայականը նրան տրամադրվել է ՃՈ Մարտունու հաշվառման-քննական ստորաբաժանման կողմից մայիսի 6-ին՝ նրա սոցցանցում կատարած գրառման օրը։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին չհրապարակել չճշտված եւ ապակողմնորոշող տեղեկություններ, նաեւ անհարկի եւ անհիմն չվարկաբեկել ոստիկանության ծառայողին եւ նրա օրինական գործունեությունը»,-նշվում է պարզաբանման մեջ: