Ուսուցիչ պատգամավորը. ով է ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ժողովի 8-րդ գումարման ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Թերևս դա պայմանավորված է նաև նրանով, որ վերջինս, լինելով պատմության մասնագետ և տարիներ շարունակ դասավանդելով Երևանի տարբեր դպրոցներում, իր խոսքում հաճախ է հակահայկական հայտարարություններ անում:
Վերջերս, Ասլանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ճիշտ է համարում Հայաստանի Ադրբեջանի անկախությունը ճանաչելը, իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե այդ տարածքի մեջ է նաև Արցախը, Ասլանյանը պատասխանել է.

«Մենք կամաց-կամաց գնալու ենք Կոսովոյի նախադեպով: Սերբիայի տարածքային ամբողջականությունն էլ ճանաչվեց, բայց, ի վերջո, Կոսովոն ճանաչվեց որպես անկախ: Սերբիային ասացին, որ ճանաչում ենք, բայց կա ժողովրդի մի մաս, որ ինքնորոշվելու իրավունք ունի։ Միջազգային հանրության պահանջն է՝ մինչեւ չճանաչեք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրիշ հարց չի կարող մեջտեղ գալ: Բնական է, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրանից անմիջապես հետո միջազգային հանրությունը գիտի եւ ինքն էլ հասկանում է, որ պետք է նաեւ այդ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը դրվի»:

Իսկ ավելի վաղ, Ասլանյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով թե ինչո՞ւ են Արցախի դրոշը խորհրդարանից հանում, պատասխանել է. «Կներեք, էդ խորհրդանիշը բերեք գլխիս տնկեք: Խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է»:

Հակոբ Ասլանյանի կողմից երբեմնի ամենահայտնի «պատմական թեզիսներից» է նաև ՝ 2022 թվականի ապրիլի 15-ին հարցազրույցի ընթացքում արված հայտարարությունը, թե՝ «Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը»։ Նրա հնչեցրած այս արտահայտությանը բազմիցս անդրադարձել են մի շարք պատմաբաններ, լրագրողներ և այլ մասնագետներ:

Ուսումնասիրելով Հակոբ Ասլանյանի կենսագրությունը, հարց է առաջանում՝ ամբողջ կյանքում դպրոցներում պատմություն դասավանդած և սերունդներ կրթած անձնավորությունը ինչպես է նման կերպով արտահայտվում Արցախի և առհասարակ Հայաստանի մասին:

Ստորև ներկայացնում ենք Հակոբ Ասլանյանի աշխատանքային կենասգրությունը՝
1971-1972 թվականներին որպես բանվոր աշխատել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցում։
1972-1974 թվականներին և 1977-1978 թվականներին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր։ Որպես ապրանքագետ, ապա ճարտարագետ 1978-1982 թվականներին աշխատել է «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական միավորումում։
1987-1994 թվականներին Երևանի թիվ 149 դպրոցում եղել է ուսուցիչ։
1994-2002 թվականներին մանկավարժի աշխատանքը շարունակել է Երևանի Շիրակացու անվան ճեմարանում, եղել է պատմության ամբիոնի վարիչ, իսկ 2000-2003 թվականներին՝ Երևանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ։
2003-2010 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 164 դպրոցում, իսկ 2010-2015 թվականներին՝ Երևանի թիվ 127 ավագ դպրոցում։
2011 թվականի փետրվարից հուլիս ընկած հատվածում եղել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ։
2015-2018 թվականներին եղել է «Գլոբալ բրիջ» կրթահամալիր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ուսուցիչ։
2018-2019 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում եղել է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 2020 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատել է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական:

Մաշա Մելքոնյան




Լրահոս