ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է:
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել դեպքից: Մեր տեղեկություններով նրանք պայմանագրային զինծառայողներ են:
Ավելին, ըստ մեզ հասած լուրերի՝ մեքենան, որով նրանք սնունդ են տարել դիրքեր, հայտնաբերվել է, բայց իրենք չկա, ինչը ենթադրել է տալիս, որ զինվորներն անենայն հավանականությամբ հակառակորդի մոտ են։
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք: