Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսներ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը, ինչպես նաև վերջիններիս կաշառք տված 5 անձինք: Հակակոռուպցիան կոմիտեի հաղորդագորւթյան համաձայն՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:
Ըստ հաղորդագրության՝ Գագիկ Տոնոյանը, առանց ֆակուլտետի ուսանողի գիտելիքները ստուգելու վերջինիս դրական գնահատականներ նշանակելու համար ուսանողից պահանջել է յուրաքանչյուր քննության համար 120.000-ական, ընդհանուր՝ 480.000 դրամ կաշառք, այնուհետև այդ մասին տեղեկացրել է ֆակուլտետի դեկանին: Բացի այդ, դեկանը եւ տեղակալ՝ նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Արմեն Ներսիսյանի հետ մեկ այլ ուսանողի օգտին թողտվություն, հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու դիմաց ստացել են կոնյակ և 4000 ԱՄՆ դոլար կաշառք:
ArmLur.am-ն այդ ֆակուլտետի ուսանողներից ահազանգեր է ստացել, որ դեկանը եւ դասախոսները հստակ գումարային ցանկ են ունեցել՝ քննություններն անցկացնելու համար: Ընդ որում՝ հեռակա սովորող ուսանողների համար գնային այլ ցանկեր են գործել, իսկ առկա սովորողների համար՝ այլ:
ArmLur.am-ը այսօր եղավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ հասկանալու՝ ի՞նչ իրավիճակ է այսօր այնտեղ:
Նախ համալսարանում քննական աժիոտաժ էր, ուսանողները միջանկյալ քննություններ էին հանձնում:
Ուսանողները, որոնք հետագա անախորժություններից խուսափելու համար, չէին ցանկանում ներկայանալ, մեզ պատմում էին, որ թեւ իրենք անձամբ նման խնդիրների չեն բախվել, բայց այլ ուսանողնեից հաճախ են ահազանգեր ստացել, որ քննությունը ստանալու համար գումար են իրենցից պահանջել:
Ֆակուլտետի դասախոսները եւս չէին ցանկանում ներկայանալ, խուսափողական էին խոսում, գուցե անհանգստացած էին, որ դեկանը հնարավոր է վերադառնա աշխատանքին եւ չէին ցանկանում թշնամանալ նրա հետ:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի փոխդեկան Աստղիկ Փարսյանն ասաց, որ երկար տարիներ է աշխատում է համալսարանում, բայց ուսանողներից նման ահաանգեր չի ստացել, նորմալ հարաբերություններ են եղել թե՛ դեկանի, թե՛ փոխդեկանի եւ դասախոսների հետ: Մեր զրուցակիցները հիմնականում խուսափում էին տեսախցիկի առջև խոսելուց, հետագայում խնդիրներ չունենալու համար: Մասնավոր զրույցներում նշում էին, որ այս հարցը մշտապես եղել է իրենց ֆակուլտետում ու կարելի է ասել, որ այն տարիների պատմություն ունի: Բայց առաջիկայում ինչ հանգուցալուծում կստանա այս հարցը, դժվար է ասել, քանի որ իրավապահ համակարգը շատ գործ ունի անելու, բացահայտելու համար, թե ինչպես է տարիներ շարունակ նման կոռուպցիայի մեջ «թաղված» եղել այդ ֆակուլտետը:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն ներկայացրել էր, թե ովքեր են ձերբակալված դասախոսները և ինչով են հայտնի:
Քրիստինա Մուշեղյան