Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս, ինչպես նաև վերջիններիս կաշառք տված 5 անձինք:
Այսպիսով, խոսքը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գագիկ Տոնոյանի և այլ անձանց մասին է, ովքեր, օրինակ, 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:
Սակայն ֆակուլտետի դեկանի հետ կապված սա միակ ուշագրավ դրվագը չէ. հեղափոխությունից հետո դեկան Հայկ Սարգսյանը բավական ակտիվ է եղել, անգամ ինքն է 2019 թվականին կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Սարգսյանը դեկանի պաշտոնում նշանակվել է 2000 թվականին: Եվ չնայած հեղափոխությունից հետո Սարգսյանը դրական է արտահայտվել Փաշինյանի իշխանության հասցեին, անգամ տնտեսական հեղափոխությունն իրողություն համարել, սակայն նաև եղել են դեպքեր, երբ որպես ԵՊՀ դեկան նաև դեմ դիրքորոշմամբ է հանդես եկել:
Ի վերջո, ինչու երկարամյա դեկանին հիշեցին հենց հիմա: Կամ հարց է առաջանում, թե դեկան Հայկ Սարգսյանը, վերցնելով այդ գումարները, ինչ էր դա անում և արդյոք այդ գործունեության մասին տեղյակ է եղել նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իսկապես կարևոր են: ArmLur.am-ը երեկվանից փորձում էր այս հարցերի պատասխանները ստանալ ԵՊՀ ռեկտորից, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:
Ն.Հ.