Ընտանեկան սպանություններ. անցումային շրջանի արդյո՞ւնք, թե՞…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ է փոխվել հայ ազգի մտածելակերպում, արժեհամակարգում, կամ միգուցե կին-տղամարդ հարաբերություններում, որը  վերջին շրջանում հանգեցրել է ընտանեկան բռնությունների աճի:

Ազգագրագետ Կարինե Բազեյանը Armlur.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցող սպանությունները փորձել բացատրել ազգային մտածելակերպով կամ արժեհամակարգով ճիշտ չի լինի, քանի որ ագրեսիան  ընդհանրապես  բնորոշ է մարդուն ու բոլոր ժողովուրդներին և ունի անհատական դրևսորում:

Հայաստանում կատարվող ընտանեկան սպանությունների մասին խոսելուց առաջ պետք է  հիշել, որ մեզ մոտ հայրիշխանություն է, բայց  երբեք մեր մշակույթում տղամարդն ագրեսիվ ձևով չի վերաբերվել կնոջը: «Եթե տղամարդը ցանկացել է կնոջը պատժել, և տանը, բացի իրենից, եթե եղել են նաև սկեսուր-սկեսրայր, դա արել է կամ սկեսուրը կամ ամուսնու եղբայրը»,- մանրամասնեց ազգագրագետը:

Ընտանեկան սպանությունները, ըստ տիկին Բազեյանի, պայմանավորված են  հիմնականում մեր երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմաններով,  որոնց պատճառով մարդիկ մի փոքր չարացել  ու դարձել  են ագրեսիվ:  «Ընտանեկան սպանություններ ավելի շատ մարզերում են  լինում, որովհետև վիճակը ծայրահեղ ծանր է. աշխատանք չունենալը, հասարակական ընդհանուր մթնոլորտը նպաստում են բացասական երևույթների ի հայտ գալուն: Երևանում  կյանքը, ի տարբերություն մարզերի, համեմատաբար աշխույժ է. եթե անգամ  դրան  քաղաքաբնակը չի մասնակցում, միևնույն է, նա հույս ունի, որ մի օր այդ աշխուժությունն ու եռուզեռը  իրեն էլ կհասնի»,- վերլուծում է Կ. Բազեյանը:

Սակայն ճիշտ չէ բոլոր ընտանեկան սպանությունները բացատրել միայն  սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով, քանի որ կան ընտանիքներ, որոնք վատ պայմաններում են ապրում, բայց  նրանց օջախում համերաշխ  է: «Սա նշանակում է, որ այդ դեպքերը պետք է առանձին-առանձին քննել, քանզի պատճառները տարբեր կարող են լինել»,-  մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ մեզ հետ զրույցում նախ ասաց, որ  ամբողջ աշխարհում են տեղի ունենում սպանություններ, երկրորդ` հիմա գարուն է, սեզոնային առումով անցումային շրջան է: Մասնագետը  ամենևին համաձայն չէ, որ այդ սպանությունները հոգեբանական առումով պայմանավորված են սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով, քանի որ դրանք չեն հանգեցնում  ընտանեկան բռնությունների: Այն, որ մարզերում են տեղի ունեցել վերջին երեք սպանության դեպքերը, արտառոց ոչինչ չկա, պարզապես լրատվամիջոցներում դրանց մասին է բարձրաձայնվել:

Հոգեբանը համաձայն է, որ Հայաստանում տիրող ծանր իրավիճակը կարող է մարդկանց  վրա անուղղակիորեն վատ անդրադառնալ` նրանց դարձնել ագրեսիվ, բայց դրանով պայմանավորել ընտանեկան բռնությունները, ճիշտ չէ:




Լրահոս