«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը, որը նախկինում բավականին ակտիվ մասնակցում էր քաղաքական գործընթացներին, շատ սուր քննադատում էր Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության մյուս ներկայացուցիչներին, անհասկանալի պատճառներով վերջին շրջանում պասիվացել է, քաղաքական որեւէ գործընթացների չի մանակցում:
ArmLur.am– ի տեղեկություններով՝ վերջինս բացակայում է երկրից ու պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո, սկսել է շատ զգուշավոր լինել իշխանությունների հետ կապված ցանկացած հարցում:
Հիշեցնենք, որ նոյեմեբերի 29-ին Վահե Հակոբյանը հայտարարեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից ու հեռացավ խորհրդարանից:
««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում»,-հեռանալուց հետո նման հայտարարություն էր արել Վահե Հակոբյանի ղեկավարած կուսակցությունը: Իսկ ուր է այս պահին Վահե Հակոբյանը, ինչու նրա ղեկավարած կուսակցությունը որևէ ակտիվ աշխատանքով զբաղված չէ: Մենք փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Հակոբյանի հետ:
Պարզվեց Հակոբյանը շատ ագրեսիվ է տրամադրված ու հայտարարեց, թե մեր հարցերին չի ցանկանում պատասխանել:
«Ես Հայաստանում եմ՝ ոչ մի տեղ չեմ մեկնել, իսկ եթե իմ ակտիվության մասին եք ուզում իմանալ, կարող եք մտնել «Վերածնվող Հայաստան» կուսակցության էջ, ամեն ինչ պարզ կերևա»,-ասաց Վահե Հակոբյանը՝ անջատելով հեռախոսը:
Թե ինչու է Վահե Հակոբյանը նման վարք ցուցաբերում, դժվար է ասելը, բայց այն որ նա անհետացել է քաղաքական դաշտից ու որպես ընդդիմություն չի քննադատում ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, դա ակնհայտ է: