Նախագիծը պետության համար է, ուստի պատրաստ եմ հարվածների դիմակայել. Գևորգ Պապոյանը պարզաբանում է իր նախագծի շուրջ ստեղծված աղմուկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը վերջերս նոր նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է հետևյալը. բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարած գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ում:
ArmLur.am-ը վերջին օրերին դժգոհություններ է ստանում կառուցապատմամբ զբաղվող ընկերություններից, որոնք պնդում են, որ այս նախագիծը մեծ վնաս է հասցնելու կառուցապատման ոլորտին, կառուցապատողները նշում են, որ եթե գումար չստանան, չեն կարողանա աշխատանքը կատարել, նրանք մտադիր են մինչեւ անգամ բողոքի ակցիա կազմակերպել՝ ընդդեմ պատգամավորի հեղինակած նախագծի:

ArmLur.am-ը այս առիթվով զրուցել է պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ:

-Պարո՛ն Պապոյան, կխնդրեմ մանրամասնել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչու՞ այսքան մեծ աղմուկ բարձրացրեց այն:

-Այսօր Հայաստանում նորակառույց շենքերում մարդիկ բնակարան գնելիս շատ հաճախ բնակարանների գնման իրավունքը գնում են, երբ շենքը դեռ պատրաստ չէ: Օրինակ, մարդը կարող է շենքի 12 կամ 14-րդ հարկում բնակարան գնել, բայց այդ պահին շենքը կառուցված լինի մինչև երկրորդ հարկ. փաստացի կառուցապատողների 90%-ը երկու եղանակով է աշխատում. կա՛մ գումարի մեծ մասը սառած է լինում հաշվին՝ մինչեւ բնակարանը իրենց տան, կա՛մ փուլային ձեւով, այսինքն օրինակ կատարում է 20% աշխատանք , 20%-ը՝ բացում է գումարից և այլն: Եվ կան կառուցապատողների խումբ, հիմնականում այդ աղմուկ բարձրացնողներն են, որոնք, ըստ էության, գումարի 100% հասանելիություն են ստանում: Այսինքն, օրինակ շենքի 14-րդ հարկում բնակարան եք գնում, ձեզ տունը պետք է տան 2 տարի հետո, բայց կառուցապատողն ամբողջ գումարը այդ պահին վերցնում է: Այս դեպքերում կարող է ռիսկ առաջանալ, որ կառուցապատողը հնարավոր է սնանկանա կամ կառուցապատողը կարող է խաբեությամբ զբաղվել ու շինարարության կեսից դադարեցնել գործընթացը: Հատկապես հիմա, երբ Կենտրոնական բանկը գնահատել է, որ 25% -ով գները ուռճացվել են Հայաստանում, շատ հնարավոր է, որ գանք ուղղակի շուկայական իրավիճակի և որոշ կառուցապատողներ կա՛մ սնանկանան, կա՛մ իրենց գործունեությունը առաջ չգնա: Այս պահին մինչեւ 60.000 բնակարան է նախատեսվում կառուցել, որպեսզի մենք մարդկանց այս պահին եւ ապագայում պաշտպանենք, իմ նախագծով մենք առաջարկում ենք, որ 2024 թվականից 30%-ը, իսկ 2025 թվականից 50%-ը սառեցվի այդ գումարի եւ իրենք այդ գումարների հասանելիությունը ունենան այն ժամանակ, երբ շենքը կառուցած կլինեն: Սա բերելու է նաեւ նրան, որ գները կարող է իջնեն շատ պարզ պատճառով. այսօր նրանք ունեն ամբողջ գումարի հասանելիություն եւ, բնականաբար, կարիք չունեն, այսպես ասած, շատ բնակարաններ վաճառելու, իսկ այն դեպքում, երբ իրենք գումարի մի մասին կունենան հասանելիություն, որպեսզի կարողանան շինարարությունը արագ տեմպերով ավարտին հասցնել եւ ֆինանսավորվել, իրենք պետք է մի փոքր իջեցնեն գները, որպեսզի ավելի շատ վաճառեն:

-Պարո՛ն Պապոյան, կառուցապատողներն ահազանգում են, որ նախագիծը մեծ վնաս է հասցնելու ոլորտին, քանի որ եթե կառուցապատողները չստանան ամբողջական գումարը, չեն կարող աշխատանքը կատարել մինչ վերջ, դուք այս ռիսկերը հաշվի առե՞լ եք:

-Իրականում այդպիսի ռիսկ չկա: Ուրեմն, կառուցապատողների մեծ մասը գումարի 30-50%-ը այսօր ստանում է, եւ նրանց մոտ որեւէ ռիսկ չկա: Ուղղակի կան մի քանի կառուցապատողներ, որոնք ունեն 100% հասանելիություն եւ պատկերացրեք, օրինակ, դուք հիպոտեկով բնակարան եք ձեռք բերել, կառուցապատողը 100% հասանելիություն է ստացել ձեր գումարին եւ հետո սնանկացել: Ո՞վ է բնակարանը ձեզ տալու: Ես առաջարկում եմ այնպիսի մեխանիզմ, որ դուք ցանկացած պարագայում ունենաք բնակարան՝ ընդ որում իմ առաջարկի հիման վրա ես կարող եմ նաեւ ասել, որ գները կիջնի:

-Մինչ նախագիծն ԱԺ բերելը, քննարկում անցկացրե՞լ եք կառուցապատողների հետ:

-Այո, անցկացրել եմ: Կառուցապատողներն են առաջարկել 55% սահմանաչափ դնել, ես առաջին տարբերակում 75% էի առաջարկել, հետո ընդառաջ եմ գնացել ու ավելի եմ իջեցրել՝ մինչեւ 50%, որ որեւէ խնդիր չլինի ու ընդ որում 2025 թվականից: Կառուցապատողներն ասում են, որ 23-25% հարկ են վճարում, մոտավոր 25% շահույթ են ստանում, տոկոսավճարներ են ստանում, որոշակի կապիտալ ունեն ու այս հանրագումարը իրենց կարծիքով 50-55% է կազմում, եւ մենք հենց այս տարբերակով էլ առաջ ենք շարժվում: Այսինքն, սա կառուցապատողների հետ հանդիպման արդյունքում ձեւավորված առաջարկ է: Այդ քննարկմանը մասնակցել է նաեւ Կառուցապատողների ասոցիացիան, որտեղ 70% կառուցապատողներ են եւ, մոտավորապես, եւս 20 այդ պահին դժգոհ կառուցապատող, որոնց դժգոհություններին լուծում ենք տվել, որովհետեւ իրենք 75%-ի դեպքում էին խնդիր տեսնում:

-Պարո՛ն Պապոյան, մեզ ահազանգած կառուցապատողները պնդում էին, որ նախագիծը նպատակ ունի մենաշնորհ ապահովել «Ռենշին» ընկերության համար, որը կառուցապատմամբ է զբաղվում:

-Ես չգիտեմ՝ ի՞նչ է «Ռենշին» ընկերությունը, երբեւէ որեւէ կառուցապատողի չեմ հանդիպել՝ հանրային հանդիպումներից զատ: Այս նախագծի նպատակը ՀՀ-ում այս պահին 60000 ընտանիքի շահերի պաշտպանությունն է: Հենց այս պահին ունենք 3 կառուցապատող, որոնք արդեն իսկ խնդիրներ են ստեղծել: Դրանցից մեկը 120 երիտասարդ գիտնականներից գումարներ է վերցրել՝ 90-100% հասանելիությամբ, բայց շինարարությունը 3-4-րդ հարկերում դադարեցված է: Մեր խնդիրը սա է: Մենք ունենք կառուցապատող, ով մարդկանցից գումարներ է վերցրել՝ Դավիթաշենում բնակարաններ կառուցելու համար եւ շինարարությունը էլի կանգնած է: Երբ այս ծավալները հանկարծ մեծացան, դրա դեմը կանգնել մենք այլեւս չենք կարողանա: Մենք ընդամենը առաջարկում ենք կառավարել ռիսկերը: Ես այժմ յուրաքանչյուր ընթերցողի հարցնում եմ, արդյո՞ք իրենք պատրաստ են հենց այնպես ինչ-որ մեկին վճարել 20-30 մլն դրամ, այն հույսով, որ այդ ինչ-որ մեկը 3 տարի հետո իրեն բնակարան է տալու: Ինձ թվում է, որ մարդկանցից շատերն ուղղակի տեղեկացված չեն եւ մենք մեր քաղաքացիներին պետք է ուղղակի պաշտպանենք: Լոբբինգը ինձ մոտ չի աշխատում, ինձ մոտ լոբբինգ կարող են անել միայն ՀՀ հազարավոր քաղաքացիները: Հետեւաբար ինձ հետ նման շանտաժի եղանակով խոսելը անիմաստ է, դրա փոխարեն առաջարկում եմ, որ այն կառուցապատողները, որոնք կիսատ են թողել շինարարությունը, գնան շարունակեն իրենց գործ, նրանք թող ուղղակի մոռանան, որ հնարավոր է ՀՀ քաղաքացուն հնարավոր է «գցել»:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ մի քան հարուստ, շատ հարուստ տնտեսվարողների, կառուցապատողների, խոշոր կապիտալ ունեցող մարդկանց, որոնք կարող են գնել ամեն ինչ,այդ մարդկանց նախագծով ստիպում եմ ոչ միայն իրենց մասին մտածել, այլ նաեւ՝ հազարավոր մարդկանց, ուստի պատրաստ եմ որոշակի հարվածների՝ դրանք կարող են լինել հոդվածների, արշավների տեսքով, բայց ես վստահ եմ, որ սա հազարավոր մարդկանց համար է, պետության , շուկայի համար է: Հետևաբար չեմ պատրաստվում ընկրկել որևէ հարցի առաջ: Ուստի ի սկզբանե պատրաստ եմ եղել հարվածներն ընդունել, այդ խմբակներին էլ խորհուրդ եմ տալիս ոչ թե հոդվածներ պատվիրել, կամ մարդկանց ուղղորդել իմ նախագծի դեմ,  այլ՝ մտնել մասնագիտական քննարկման դաշտ: Նշեմ նաեւ, որ նախագծին դրական եզրակացություն է տվել կառավարությունը, Կենտրոնական բանկը:

զրուցեց Քրիստինա Մուշեղյանը




Լրահոս