Նախկինում` ՕԵԿ, այսօր՝ ՀՀԿ, վաղն էլ՝ անհայտ է…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԵՏՐՈ

ՀՀ Ազգային ժողովում դեռևս 2003-ից «աշխատում» է Արկադի Համբարձումյան անուն-ազգանունով մի պատգամավոր, որը երբևէ խորհրդարանի ամբիոնի կողքով անգամ չի անցել` ուր մնաց որևէ միտք հայտներ: Նա ևս դասական  «կոճակ  սեղմող» է աշխատում ԱԺ-ում:

Բայց քանի որ մեր ընթերցողին որևէ բան չի ասի Արկադի Համբարձումյան անուն-ազգանունը, տեղեկացնենք, որ այդ օրենսդիրը մի շատ կարևոր մականուն ունի`  «Դերժավայի Արկադ»: Այս մականունով նրան ճանաչում են ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ բիզնես միջավայրում: Բայց մինչ նրա այդ գործունեությանն անդրադառնալը, մի քանի դրվագներ հիշատակելով Արկադի կենսագրությունից, փորձենք «Ժողովուրդ»-ի ընթերցողներին լուսավորել, թե ով է այսօր ՀՀ քաղաքացիների համար օրենքներ ընդունում (հեղինակել ասվածը Արկադի դեպքում ուղղակի ծիծաղելի է-Ա. Խ.):

Եվ այսպես, Արկադի Համբարձումյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը, լուրջ իրավաբան է: Բայց  ցավալի և նույնիսկ շատ ամոթալի է, որ չի ծառայել հայոց բանակում: Համենայնդեպս, նրա պաշտոնական կենսագրությունն այդ մասին «լռում է»: Բավականին «աղքատիկ» կենսագրական տվյալների մեջ գրված է, որ Համբարձումյանն աշխատել է Երեւանի թիվ 5 հացի գործարանում` բանվոր, ապա`  «Կաթ» արտադրական միավորման ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար: «Ազատ քարտուղարի» պարտականություններից հետո Արկադի Համբարձումյանը անմիջապես մտել է ուժային ոլորտ. նա մեկ տարի Երեւանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ է աշխատել, որից հետո մեկ տարվա ընթացքում դարձել է «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների նախագահը: Նշենք, որ Արկադի Համբարձումյանի հայրը բավականին հարգված մարդ է և  իր որդու համար հարթ ուղի է գծել` քննիչից դարձնելով խոշոր գործարար: Պատերազմի տարիներից գործարարությամբ զբաղվող Արկադի Համբարձումյանը 2003-ի խորհրդարանական ընտրություններից առաջ  «տաքուկ» տեղավորվեց  «Օրինաց երկիր» կուսակցության ընտրացուցակում` դառնալով ԱԺ պատգամավոր: Իհարկե, նա այդպես էլ հավատավոր ՕԵԿ-ական չդարձավ: Միայն սուսուփուս կատարում էր բոլոր քվեարկությունների համար ՕԵԿ-ից ու նախագահականից իջեցված պատվերները ու, սեղմելով իրեն հասանելիք կոճակը, հեռանում խորհրդարանից: Ի տարբերություն այսօրվա ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանի, Արկադի Համբարձումյանի ճակատին «Օրինաց երկրի» մասով որևէ բան գրված չէ: Ինչեւէ, երբ ՕԵԿ-ը «գաղափարական տարաձայնությունների» պատճառով դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից, Արկադի Համբարձումյանը հասկացավ, որ ինքը որեւէ տարաձայնություն չունի իշխանության հետ և լքեց այդ օրերին խորտակվող ՕԵԿ-ի նավը: Չգիտենք` հիմա փոշմանել է, թե ոչ: Նշենք, որ ՕԵԿ քվոտայով Ներքին գործերի մշտական հանձնաժողովի երբեմնի ներկայացուցիչ Համբարձումյանը, 2007-ի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ 29 ընտրատարածքից: Սկզբում նա խորհրդարանում զբաղվում էր արտաքին հարաբերություններով, հետո հասկացավ, որ իրեն առավել հոգեհարազատ է գյուղատնտեսությունն ու բնապահպանությունը, ընդգրկվեց այդ հանձնաժողովի կազմում: Պետք է նկատել, որ Համբարձումյանը ԱԺ ամենապասիվ պատգամավորներից է, ու այդ պասիվությունը նկատվում է ոչ միայն խորհրդարանի դահլիճում, այլ նաև հանձնաժողովների նիստերին: Նա այն պատգամավորներից է, որին մանդատը անհրաժեշտ է խորհրդարանի պատերից դուրս` «գործի համար»: «Սուս ու փուս» պատգամավորի համարում ունեցող Արկադի Համբարձումյանը ցավոք, ո’չ առաջին, ո’չ էլ վերջին  պատգամավորն է, ով ՀՀ սահմանադրությունը ոտնահարում է հրապարակավ` առանց դույզն-ինչ վատ զգալու: Նա «Սնիկերսի», «Մարսի», «M&M» և  մի քանի այլ համեղ կոնֆետների ներկրողն է Հայաստանում: Նաև մի քանի մակնիշի արտասահմանյան ավտոմեքենաներ է ներկրում (չենք նշում` գովազդից խուսափելու համար), շինանյութ և այսպես շարունակ: Դրա համար էլ խորհրդարանում աշխատելու համար ժամանակ չունի: Բա ով պետք է կառավարի բիզնեսը, փողն այնտեղ է, ոչ թե խորհրդարանում: Այժմ Արկադի Համբարձումյանը «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության անդամ է, դարձել է Սերժ Սարգսյանի վստահելին, որը անձամբ էր մասնակցում նրա քրոջը պատկանող «Սլավմեդ» հիվանդանոցի բացման արարողությանը:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

« Ժողովուրդ » օրաթերթ 2011թ.




Լրահոս