«Արմավիա» ավիաընկերությունը 10 ամիս է` չի գործում, սակայն դեռեւս պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին եւ իր նախկին աշխատակիցներին: Չնայած աշխատակիցների բողոքներին եւ դատական հայցերին` «Արմավիա»-ի ղեկավարությունը չի ստանձնում ամբողջական պարտքը մարելու պարտավորվածությունը, այն դեպքում, երբ ընկերության՝ սնանկ ճանաչելու փաստը չի վճռվել դատարանով: Դրա փոխարեն «Արմավիա» ընկերության ղեկավարությունը պարզապես խուսափում է որեւէ մեկնաբանություն տալ:
«Արմավիա» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին դեռեւս պարտք է 5. 5 մլն դոլար, այդ մասին օդանավակայանի մամլո ծառայությունը տեղեկացրել էր դեռ մի քանի ամիս առաջ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտ ամսից սկսած, երբ ավիաընկերությունը հայտարարեց իր սնանկության մասին, այդ պարտքի մարում չի արել:
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ «Զվարթնոց» օդանավակայանը մի քանի անգամ հրաժարվել էր սպասարկել «Արմավիա»-ի չվերթները՝ պարտքերի պատճառով: Մարտին, երբ «Արմավիա»-ն հայտարարեց իր սնանկության մասին, պարզ դարձավ, որ ընկերությունը պարտք է նաեւ իր աշխատակիցներին, ՊԵԿ-ին եւ այլ կառույցներին: Սակայն ընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովը սնանկ ճանաչելու գործըթնաց դատական կարգով այդպես էլ չսկսեց, ինչը նշանակում է, որ իրականում «Արմավիա»-ն վճարունակ է, սակայն չի կատարում իր առջեւ դրված պարտավորությունները:
Հուսահատված նախկին աշխատակիցները 10 ամիս է` բողոքի ցույցեր են կազմակերպում աշխատավարձերի վճարման պահանջով: Բոլորովին վերջերս` փետրվարի 11-ին, նրանք բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին` ահազանգելով, որ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը, վերջնահաշվարկները եւ օրապահիկները։ Նրանք տեղեկացրել էին, որ դիմել են դատարան 3 տարի չվճարած օրապահիկների գումարը ստանալու նպատակով, իսկ արդյունքում՝ Բաղդասարովը հրաման էր տվել դադարեցնել արդեն իսկ կամաց-կամաց վճարվող աշխատավարձերի վճարումը:
Մեզ հետ զրույցում «Արմավիա»-ի նախկին մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի, թե որքան է կազմում ընկերության պարտքը «Զվարթնոց» օդանավակայանին եւ նախկին աշխատակիցներին, կամ երբ են մարվելու ունեցած պարտքերն ընդհանրապես: Տեղեկացնենք, որ այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով մենք մեկ շաբաթ առաջ հարցում էինք ուղարկել Ավետիսովային, սակայն չէինք ստացել հարցման պատասխանը:
«Ձեր ուղարկած հարցերը ես ուղարկել էի «Արմավիա», բայց ոչ ոք ինձ չի պատասխանել, ղեկավարությունը չկա, դրա համար չկա պատասխան»,- ասաց Ավետիսովան` շեշտելով, թե ընկերությունը վաղուց արդեն լուծարվել է, հետեւաբար ինքն այլեւս խոսնակ չէ: Այնուամենայնիվ հիշեց, որ ամանորյա տոներից առաջ վճարվել է աշխատավարձերի 88 տոկոսը, իսկ այժմ բացարձակապես ծանոթ չէ նոր իրադարձություններին:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապվել «Արմավիա»- ի սեփականատեր Միկա Բաղդասարովի հետ, ով սկզբում պատասխանեց հեռախոսազանգին, ապա մեզ չլսելու պատճառաբանությամբ անջատեց հեռախոսը: Կրկին անգամ զանգահարելուց հետո, հեռախոսը վերցրեց այլ անձ` ներկայանալով որպես Բաղդասարովի օգնական, ասաց, թե Բաղդասարովը զբաղված է եւ չի կարող խոսել: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաղդասարովը խուսափում է ԶԼՄ-ների հետ հաղորդակցվել՝ ասաց. «Իհարկե չի խուսափում, ինքն իրավունք չո՞ւնի զբաղված լինելու, այ քեզ բան»: Չսպասելով արձագանքի` Բաղդասարովի օգնականն անջատեց հեռախոսը:
Այդպես էլ անհայտ մնաց, թե ով կարող է լույս սփռել փակուղի մտած այս խնդիրների վրա: Նախկին խոսնակը չի կարող, «Արմավիա»-ի սեփականատեր Բաղդասարովը փաստացի խուսափում է: Ստացվում է, որ պարտատերերը ահազանգում եւ պահանջում են, իսկ պարտապանը «թռած» է ման գալիս:
Լիլիթ Լալայան
«Ժողովուրդ» օրաթերթ