Այսօր տեղի կունենա Ռաֆայել Քոթանջյանի հուշարձանի բացման արարողությունը․ որդին մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում այսօր տեղի  կունենա արտիստի հուշարձանի բացման արարողությունը: Armlur.am-ն այս ամենի շուրջ զրուցել է արտիստի որդու՝ Մայքլ Քոթանջյանի հետ:

-Պարո’ն Քոթանջյան, խնդրում եմ կպատմե՞ք հուշարձանի մասին: Ո՞վ է հեղինակը:

-Հեղինակը շնորհալի երիտասարդ Զամոկ Սարգսյանն է, որը տարբեր մրցույթներում գրավել է պատվավոր հորիզոնականներ: Արեցինք ամեն բան, որպեսզի համահունչ լինի Ռաֆայել Քոթանջյանին, իր կերպարին, քանի որ նա շատ լուսավոր անձնավորություն է եղել:

Ռաֆայել Քոթանջյանի հետ կապված  ի՞նչն եք ամենաշատը վերհիշում և կարոտում:

-Ինքը այնքան մեծ էներգիայով անձնավորություն էր, որ ամենաշատը, երևի թե կարոտում եմ իր էներգիան, որը քաղաքից է պակասել:

-Մահից մեկ տարի անց ի՞նչ կորցրեց հասարակությունը:

-Վառ անհատականություն, որը շատ պետքական էր մեր ժողովրդին: Շատ սրտացավ անձնավորություն էր Ռաֆայել Քոթանջյանը, և իր ամենամեծ ցանկությունն այն էր, որ հայ ժողովուրդը լավ լինի, լինի ուրախ և երջանիկ: Ցավոք սրտի անցյալ 2 տարիների ընթացքում մենք շատ հայրենասեր մարդկանց կորցրինք:

-Ի՞նչ եք անում, որ հանրությունը հիշի իրեն և իր աշխատանքը:

-Ինքը հեռատես անձնավորություն էր և իրենից հետո ինձ մոտ կա բավականաչափ ինֆորմացիա և արխիվային նյութեր, որոնցով համատեղել և բեմադրել եմ այս նախագիծը, որը ամսի 18-ին կխաղանք կինոյի տան դահլիճում: Դա հուշ-երեկո է, որը կարծում եմ, որ պիտի լինի շարունակական:

-Մտածե՞լ եք թանգարան կամ թատրոն բացելու մասին:

-Թատրոն բացելու մասին հայրս էր մտածում, և ունի պահպանված շատ գրառումներ, որոնք ուզում էր իրագործել, սակայն չհասցրեց:
Իսկ թանգարանն արդեն մտածել ենք: Կինոտան առաջին հարկում՝  Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ, բացվել է «Հայֆիլմ»-ի թանգարանը, և ամսի 18-ին այնտեղ բացվելու է Ռաֆայել Քոթանջյանի անկյունը, որտեղ կլինի իր մանիկենը, և այն ամենը, ինչ կապված է իր հետ:

Մ. Քոթանջյանը նշեց, որ այսօր հուշարձանի բացմանը ներկա են լինելու ինչպես անծանոթներ, ովքեր սիրում և գնահատում են Ռաֆայել Քոթանջյանին, այնպես էլ ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները, և առաջին անգամ նաև թոռնիկները:

զրուցեց Ինեսա Սուքիասյանը




Լրահոս