Գարեգին Բ-ն ընդունել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր անդամներին՝ առաջնորդությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Տիար Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր կազմին։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ կազմում ընտրվելու կապակցությամբ։ Նորին Սրբությունը նկատեց, որ հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում են ստանձնում իրենց պատասխանատու առաքելությունը՝ մաղթելով, որ ամենայն նվիրումով ու նախանձախնդրությամբ լծվեն ծառայության ի շահ հայրենիքի և ի խնդիր ազգի արժանապատիվ, լուսավոր գալիքի կերտման։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, մասնավորապես կարևորվեց համազգային միասնականության անհրաժեշտությունը, Հայաստան-Արցախ-սփյուռք գործակցության սերտացումը՝ ի նպաստ առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենիքի զորացման։




Լրահոս