ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտնել է, որ հունիսի 21-ին հանձնաժողովում տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ։
Պատճառը՝ ըստ հայտարարության, տարածաշրջանում բռնության վերսկսման ռիսկերի մեծացումն է:
«Ադրբեջանի կառավարության աջակցությունը վայելող ակտիվիստների կողմից Լեռնային Ղարաբաղ տանող Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 7 ամիս, իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանը միջանցքում բացել է ռազմական անցակետ, որը, ըստ կարծիքների, հակասում է 2020 թվականի հրադադարի համաձայնագրի դրույթներին:
Միջազգային ջանքեր են գործադրվում նոր լայնամասշտաբ պատերազմի ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչ է պահանջվում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության համարժեք պաշտպանության համար, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել»,- նշված է հայտարարության մեջ:
Լսումների ընթացքում կքննարկվեն Արցախի խոցելի էթնիկ բնակչությանը պատշաճ կերպով պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցները և առաջարկներ կներկայացվեն: