ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ:

 

-Տիկի՛ն Թովմասյան, Դուք մասնակցեցիք Հայաստանի Ժողովրդավարության ֆորումին, որտեղ միակ ընդդիմադիր պատգամավորն էիք, սակայն անցած տարի չեք մասնակցել նույն ֆորումին: Ինչպե՞ս ստացվեց, որ այս տարի մասնակցեցիք:

-Նախ շնորհակալ եմ հրավերի համար: Ուզում եմ տեղեկացնել, որ, այո՛, անցած տարի չեմ մասնակցել մի պարզ պատճառաբանությամբ. անցած տարի ինձ հրավիրել էին պարզապես մասնակից, իսկ այս անգամ ես հնարավորություն ունեի մասնակցել քննարկմանն ու ներկայացնել այլընտրանքային տեսակետ Հայաստանի ժողովրդավարության մասին, դրա համար ես որոշեցի այս տարի մասնակցել եւ իմ խոսքը ասել, ոչ թե լինել մասնակից:

-Որպես ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ի՞նչ եք կարծում, Հայաստանը ժողովրդավա՞ր պետություն է:

-Ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է: Այնպես չի, որ մի քննություն հանձնես ու ասես, որ, վերջ, այսօրվանից մենք ժողովրդավար հանրապետություն ենք: Ժողովրդավարությունը անընդհատ փայփայվող եւ շարունակ  ապացուցվող գործընթաց է:  Հայաստանի իշխանությունները, հասարակությունը  եւ, առհասարակ, Հայաստանը հավաքական իմաստով անընդհատ  պիտի ապացուցի, որ ինքը ժողովրդավար երկիր է: Ես ֆորումին ներկայացրի մի շարք սպառնալիքներ, որոնց առջեւ կանգնած է Հայաստանի Հանրապետությունը: Պետք է ասեմ, որ այն բոլոր պատկերացումներին, որ Հայաստանն իսկապես ժողովրդավար երկիր է, ես տալիս եմ մեկ ընդհանուր վերնագիր՝ «Հայաստանում առկա է հայկական ժողովրդավարություն»

-Ձեր պլանային քննարկման ժամանակ նշեցիք, որ Հայաստանի ժողովրդավարության դեմ մի շարք ներքին սպառնալիքներ կան: Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ նույն սրահում հայտարարել էր, որ Հայաստանի ժողովրդավարությանը  ներքին սպառնալիքներ չկան, միայն արտաքին են: Այս մասով ի՞նչ կասեք:

-Ես ամենեւին համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ: Ո՛չ, հենց Հայաստանի իշխանությունները, հենց Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները ժողովրդավարության ներքին սպառնալիքներից են, որովհետեւ նրանք այնպիսի քայլեր են անում, որոնք ուղղակի հակասում են ժողովրդավարության նորմերին, եւ ես նաեւ բացատրեցի՝ ինչպե՞ս կարող է ժողովրդավար երկրում մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը մեր հանձնաժողովում անցնի այդպիսի պատմական  խայտառակ պայմաններում, երբ ընդդիմադիր թեկնածուին իշխանական խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ականջներն ու լեզուն: Ես դրանից հետո ուղարկեցի գրություն գլխավոր դատախազին, սակայն մինչ այս պահը որեւէ  առաջընթաց, որեւէ քայլ  չի իրականացվել: Ընդհակառակը՝  դատախազը մերժեց իմ դիմումը՝ ասելով, որ հանցակազմ չկա: Այսինքն՝ սպառնալիքը, որը հնչեցվել է ուղիղ եթերում, չի համարվում սպառնալիք Հայաստանի իրավապահ համակարգի համար:

Զրուցեց ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ գերագույն դատարան եւ հանդիպել դատավորների եւ դատական համակարգի ծառայողների հետ։

Նախագահը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից եւ դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։

Դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին եւ քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները:

Այս ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների եւ շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ:

Դրանց ընթացքում նախագահ Հարությունյանը մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի դրույթները եւ ձեւակերպել հիմնական անելիքները տվյալ ոլորտներում։

Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը:

 

 

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը  ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Արգենտինայի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 25-ին:

«Շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի կապակցությամբ եւ, ի դեմս Ձեզ, հղում իմ լավագույն բարեմաղթանքներն Արգենտինայի ժողովրդին, Արգենտինայի նախագահին»:

Դեսպան Մարիանո Վերգարան իր հերթին նշել է. «Շնորհակալություն, հարգելի՛ պարոն նախագահ, այս ընդունելության համար: Մեզ համար շատ կարեւոր եւ գնահատելի է Ձեր մոտեցումը, Ձեր պատրաստակամությունը մեզ հյուրընկալելու եւ  աջակցելու: Շնորհակալություն եւս մեկ անգամ ընդունելության եւ լավ խոսքերի համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական բարեկամական սերտ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, ինչի կապակցությամբ դեսպան Վերգարան ընդգծել է Արգենտինայի պատրաստակամությունը լիարժեքորեն աջակցել հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման եւ կայուն ու հարատեւ խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են խորհրդարանական դիվանագիտության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները:

 

 

 

 

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԴՐԴԵԼ ԵՆ ՀԱՆՑԱՆՔԻ

Պարզվում է՝ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի  տեղակալ Կորյուն Մխիթարյանի վրա կրակել են ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ  քանի որ նա Ռոման Համբարձումյանի տեղակալն է եւ քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային կանոններով:

Հիշեցնենք, որ, համաձայն պաշտոնական՝ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության, դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքացին  հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի տեղակալ Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոմանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն: Փոխանակ օրենքը կիրառի, վարչարարությամբ արգելի ապօրինությունը, թաղապետի տեղակալը խոսակցությունը տեղափոխել է փողոցային դաշտ, այդ բառապաշարով կամ, ինչպես ասում են, «գողական բարքերով» փորձել է հարցին լուծում տալ, թե, իբր, կատարվող շինարարությունը ապօրինի է, ու մինչեւ թույլ չտա փոխթաղապետը, քաղաքացին չի կարող շարժվել սեփական հողի վրա: Եւ, ահա, այս պատմությանը հաջորդել են կրակոցները: Պաշտոնապես հայտնի դարձավ, որ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց եւ Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու եւ մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է  թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանը, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով  թաղապետի տեղակալի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:

Այսինքն՝ թաղապետի տեղակալը այնպիսի վիճակի է հասցրել քաղաքացուն, որ սեփական ձեռքերով են փորձել հաշվեհարդար տեսնել նրա հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի այս պատմությանը՝ վեր հանելու, թե թաղապետ Ռոման Բաղդասարյանն ինչ առնչություն ունի օրենքից դուրս գործող իր տեղակալի կրիմինալ պատմության հետ:

 

 

 

 

ՔՊ-Ի ՓԱԿ ՆԻՍՏԸ

Ինչպես հայտնել էինք, նախօրեին ՔՊ կուսակցությունը վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել փակ նիստից: Այսպիսով, տեղեկացանք, որ նիստին հիմնականում քննարկվել են անվտանգային հարցեր, Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացի հետ կապված հարցեր: Փաշինյանը ներկայացրել է թիմակիցներին՝ ինչ փուլում են այս պահին բանակցությունները, այնուհետեւ վարչության անդամներն են հարցեր ուղղել նրան: Նիստի վերջում արդեն քննարկվել են քաղաքական եւ ներկուսակցական հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ քննարկվել են արդյոք Քիշնեւում սպասվող հանդիպումը կամ Ալեւի վերջին սպառնալից հայտարարությունները՝ ուղղված Արցախին: Վերջինս ասաց. «Ոչ, քննարկվել են միայն այն հարցերը, որոնք ռելիզում է նշված»:

 

 

 




Լրահոս