ՈՐՔԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը «Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» հարցն է: Ընդ որում՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը ընդգրկված է չզեկուցվողների թվում:

 

Բանն այն է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՕ-1-Ն օրենքում  2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՕ-619-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, եւ լրացվել է  «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն՝ նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Համաձայն կատարված փոփոխության՝  պաշտոնաթող վարչապետի գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով: Միեւնույն ժամանակ, նույն օրենքի անցումային դրույթներով սահմանվել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետ` օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար: Նշված հոդվածով ամրագրված նորմերի կատարումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել եւ ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`  նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն  եւ գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների եւ ապրանքների ձեռք բերում, սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի, սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ): Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է` աշխատավարձի մոտավոր հաշվարկը`14,8 մլն դրամ. 83.200 (Բազային աշխատավարձ) * 6.1 (գործակից) * 12 (ամիս)  =6.090.240  83.200  (Բազային աշխատավարձ)   * 4.9 (գործակից)  *12  (ամիս)  = 4.892.160 83.200 (Բազային աշխատավարձ)  * 3.3 (գործակից)  *12  (ամիս) = 3.294.720: Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝  2 մլն դրամ. ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8մլն դրամ:

Հավելենք, որ «Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Ն.Հ.

 

 

 

«ՊԼՅՈՆԿԱՆԵՐ» ՉՀԱՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՏՈՒԳԱՆՎԻ

Երեկ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպեցին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման եւ լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։

 

Հանդիպման ընթացքում կարեւորվեց ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողության շարունակական բարելավման անհրաժեշտությունը։

Նախարարը ներկայացրեց առկա իրավակարգավորումներն ու փաստացի իրավիճակը։

Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվեց առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 29-ին գրել էր, որ հայրենի իշխանությունները մտափոխվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ներքին քննարկումներ են ունեցել հայրենի իշխանության ներկայացուցիչները ու որոշել են զիջումների գնալ, վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել, կարճ ասած՝ հանդուրժել այն վարորդներին, որոնք չեն կատարելու պահանջները: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սա արվում է նաեւ հայրենի իշխանության համար, քանի որ վերջիններս չեն էլ պատրաստվում «պլյոնկա» պոկել:

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների եւ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջեւի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

 

 

 

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ՝ ՏԱՎՈՒՇԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Տավուշի մարզից սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները ինձ դժգոհել են, որ դպրոցական «Վերջին զանգի»  կապակցությամբ հանրակրթական դպրոցներում մեծ չափերով դրամահավաքություն է եղել։ Այդ փողահավաքությունը կատարվում է  դպրոցների ծնողական կոմիտեների նախաձեռնությամբ, սակայն ծնողական կոմիտեները դպրոցների տնօրենությունների  հետ այդ գործում ներդաշնակ են գործում։ Ծնողների վկայությամբ՝ որոշ դպրոցներում ավարտական դասարանի դասղեկին ծրարով փող է տրվում։ Սոցիալապես անապահով ծնողները դժգոհում են, որ «Վերջին զանգի»  կապակցությամբ իրենց զավակների համար գնված շորերի փողին գումարվում են ավարտական ճոխ քեֆի, դպրոցի տնօրենի, դասարանի դասղեկի համար գնված նվերների, տեսանկարահանման, լուսանկարահանման  եւ այլ ծախսերի գումարները։ Ոչ ավարտական դասարանների աշակերտների անապահով ծնողներն էլ դժգոհում են աշակերտների տարեվերջյան էքսկուրսիաների թանկ գներից։  Ամեն տարի մարտի 8-ի, ապրիլի 7-ի, սեպտեմբերի 1-ի, Ուսուցչի օրվա կապակցությամբ ծնողներից հազարական դրամ են հավաքում դասղեկի համար ծաղիկ գնելու նպատակով, 30 ծնողից հավաքված 30 հազար դրամով ինչքա՞ն ծաղիկ են գնում. դժգոհում են ծնողները։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ? ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին մայիսի 22-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե դպրոցական  «Վերջին զանգի»  կապակցությամբ մարզի դպրոցների շրջանավարտները միջինը ինչքան ծախս են կատարել։ Մարզպետ Հայկ Ղալումյանը, խախտելով  «Տեղեկատվության ազատության մասին»   օրենքը, մինչ օրս չի պատասխանել հարցապնդմանս։

 

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2022թ. մայիսի 24-ից  ընթանում է պայմանագրային զինծառայողներ Աշոտ Օհանյանի, Արմեն Մեսրոպյանի, Հովհանննես Դարբինյանի, Վարդգես Նիկողոսյանի  դատավարությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ  ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ, 2021 թվականի մարտի 18-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում խմբով ծխելու եղանակով գործածել են կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.2 հոդվածի 2-րդ մասով։ Սույն քրեական գործով առաջադրված մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։  Աշոտ Օհանյանի, Արմեն Մեսրոպյանի, Հովհաննես  Դարբինյանի, Վարդգես Նիկողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս