ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԴԵՊՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը եւ պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։

 

Մասնավորապես, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ պարզվում է, որ պահեստազորում ընդգրկված անձինք, ստանալով համապատասխան հրավեր, ներկայանում են ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ՝ իրենց կցագրման տարածքային ստորաբաժանումներ, որտեղ պատշաճ կերպով ծանուցվում են հայտարարված վարժական հավաքներում ընդգրկված լինելու մասին, սակայն հրաժարվում են ստանալ դրանց մասնակցելու եւ վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագրերը, ինչի մասին կազմվում են արձանագրություններ:

Որոշ դեպքերում անձինք ստանում են ծանուցագրերը, սակայն սահմանված օրը եւ ժամին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, չեն ներկայանում ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ՝ այդկերպ խուսափելով վարժական հավաքներից։

Բացի այդ, շրջանառվում է նաեւ վարժական հավաքներից խուսափելու առերեւույթ հանցանքի կատարման նոր եղանակ, համաձայն որի՝ վարժական հավաքների ներգրավման ենթակա քաղաքացիները ձեւականորեն որպես վարձու աշխատակիցներ են ձեւակերպվում այնպիսի ընկերություններում կամ հիմնարկ- ձեռնարկություններում, որոնց աշխատակիցներն օրենքի ուժով ունեն ամրագրում, այսինքն, աշխատանքի բնույթով պայմանավորված, ենթակա չեն վարժական հավաքների ներգրավման: Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերեւույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նշված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Նշված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, եւ գործերն ուղարկվել են դատարան:

Քրեական վարույթների մի մասով դեռեւս նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն հատկապես պահեստազորում հաշվառված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում վարժական հավաքներից խուսափելը հանցագործություն է, որը պատժվում է ընդհուպ մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Հարկ է ընդգծել, որ վարժական հավաքների ենթակա անձանց վերոնշյալ բնույթի ընկերություններում կամ հիմնարկներում ձեւականորեն որպես վարձու աշխատակիցներ ձեւակերպելու պարագայում քրեաիրավական հետեւանքներ են առաջանում ոչ միայն այդկերպ վարժական հավաքից խուսափողների, այլ նաեւ տվյալ հիմնարկ-ձեռնարկության ղեկավարի համար՝ որպես արարքին օժանդակողի:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման, պետության անվտանգության համար վարժական հավաքների եւ դրանց բնականոն կազմակերպման եւ իրականացման բացառիկ կարեւոր նշանակությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է լինելու վարժական հավաքներից դիտավորությամբ խուսափելու յուրաքանչյուր դեպքի համաչափ իրավական գնահատական տալու, իր պարտականությունների կատարումից հանցավոր կերպով հրաժարվող, ինչպես նաեւ ցանկացած եղանակով այդ արատավոր երեւույթն օժանդակող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

 

Պաշտպանը հյուրին ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած խնդիրներին, գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցեր: Նա հատուկ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանամերձ բնակավայրում մայիսի 17-ին շտապօգնության ավտոմեքենայի եւ բուժանձնակազմի թիրախավորմանը՝ ընդգծելով, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է։

Խոսելով Նիդերլանդների հետ համագործակցության մասին՝ Անահիտ Մանասյանը կարեւորել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ 2022 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագիրը, ըստ որի՝ կողմերն իրականացնում են «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության եւ հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորում է Թագավորության կառավարությունը։

Պաշտպանը դեսպանին ծանոթացրել է նաեւ կառույցի գործունեության առաջնահերթություններին, որոնց թվում են երեխաների, կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, խտրականության բացառումը:

Իր հերթին դեսպանը, շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ, ընդգծել է, որ շատ է կարեւորում դեսպանության եւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջեւ արդյունավետ փոխգործակցությունը։

Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

 

 

 

Ո՞Վ ԷՐ ԿԱԽՎԱԾ ԱՂՋԻԿԸ

Մայիսի 25-ին՝ Ժամը 02։25-ի սահմաններում, ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Իջեւան խոշորացված  համայնքի սահմանամերձ Սեւքար գյուղի եկեղեցուն հարակից  «Եղեւնիներ»   վայրում ծառից կախված դի կա: Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 17-ամյա Սյուզաննա Տ-ի դին. աղջկա մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը: Սեւքար գյուղից տեղեկացա, որ ծառից կախված աղջիկը ընտանիքի 7 զավակներից մեկն էր, ընտանիքի հայրը ազգությամբ վրացի է, մայրը՝ հայ,  ընտանիքի երեխաները կրում են վրացական ազգանուն։ Ընտանիքը Սեւքար գյուղում վերաբնակվել է Իջեւան համայնքի սահմանամերձ  Կիրանց գյուղից, բարեգործները բազմազավակ  այդ ընտանիքի համար Սեւքարում առանձնատուն եւ տան գույք են գնել: Ընտանիքի 7 երեխաներից ավագը աղջիկ է, որն ամուսնացել է Իջեւան համայնքի գյուղերից մեկում: Սյուզաննան եղել է ամուսնացած քրոջից տարիքով փոքր,  ընտանիքի մյուս երեխաներից՝ տարիքով մեծ։ Սյուզաննան օգնել է բազմազավակ, կարիքավոր ընտանիքի հոգսերը լուծելուն, մանավանդ որ ընտանիքի 7 երեխաներից մեկը եղել է մանկահասակ։ Ընտանիքի վրացի հայրը  բանվորական աշխատանքներ է կատարել Ռուսաստանում, հետո վերադարձել է Սեւքար։ Ընտանիքի  մայրն էլ տարբեր աշխատանքներ է կատարել, որոշ տեղեկություններով՝ սննդի օբյեկտներում մատուցող  է աշխատել։ Սյուզաննան դպրոցում միջին առաջադիմություն է ունեցել, նա 2021 թվականին թողել է ուսումը Սեւքարի դպրոցում։ Աղջկա ինքնասպանության պատճառը պարզ կդառնա քննության ավարտից հետո։

 

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է

2023թ. մարտի 9-ին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի   դատարան հայցադիմում է ներկայացրել՝  ընդդեմ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղում գործող  «Դեբեդ ավտոտեխսպասարկում»  ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու, պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջներով։ Մայիսի 2-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը որոշել է նշված քաղաքացիական  գործով նախնական դատական նիստ նշանակել  հունիսի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում։ Դատարանը մերժել է քաղաքացիական գործով հայցվորի ներկայացրած միջնորդությունը՝ պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով  արգելանք դնելու վերաբերյալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս