ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ԱԺ-ում հազվադեպ է ելույթներ ունենում կամ օրինագծեր հեղինակում, փոխարենը պարբերաբար սկանդալների մեջ է հայտնվում:

 

Հանրությունը Նարեկ Գրիգորյանին ճանաչեց Ազգային ժողովում մի քանի ուշագրավ հայտարարություններից ու ցուցաբերած պահվածքից հետո, մասնավորապես՝ երբ «սեպտեմբերի փոխարեն» ասաց «սեկտեմբեր», կամ երբ հայտարարեց, որ օրենքի նախագիծ է բերելու ԱԺ, որպեսզի կաթը թանկանա։

Վերջինս նաեւ խորհրդարանում պատգամավորների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքների մեծ մասի ակտիվ մասնակիցներից է:

Նրա մասնակցությամբ ամենատպավորիչ սկանդալը թերեւս այն է, որ նա 2022թ.-ին ԱԺ ամբիոնից գլուխ էր գովել, թե 44-օրյա պատերազմի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, եւ, իբր, իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ, իբր, խնդրել է Նարեկ Գրիգորյանին, թե հիվանդ է, թողնեն՝ գնա տուն, ինչից հետո ԱԺ-ում ծեծկռտուք էր սկսվել:

ՊՆ-ից հերքել էին պատգամավորի այս հայտարարությունը՝ պարզաբանելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի եղել եւ մարտական որեւէ առաջադրանք չի կատարել:

Նկատենք նաեւ, որ պատգամավորը խորհրդարանում հաճախ աչքի է ընկնում բռնության կադրերում:

Նարեկ Գրիգորյանը խորհրդարանի դահլիճում ընդդիմության շատ պատգամավորների ելույթների ժամանակ ռեպլիկներ է բաց թողնում, վեճ հրահրում, իսկ իր թիմակիցներն էլ Գրիգորյանին կա՛մ հանդարտեցնում են, կա՛մ դահլիճից դուրս հանում: Այդկերպ նա հավանաբար փորձում է արդարացնել իր գոյությունը խորհրդարանում եւ բարձրանալ իշխանության աչքին:

Ուսումնասիրելով Գրիգորյանի կենսագրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա մինչեւ 2018 թվականը որեւէ աչքի ընկնող գործունեություն չի ծավալել, այն էլ՝ քաղաքական դաշտում: Ծնվել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում, ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանը:

Նա Նորատուսի հայտնի ձկնավաճառներից է եղել, ավելին՝ իր ծննդավայր Գեղարքունիքում հայտնի է որպես «ձկնգող», քանի որ տարիներ շարունակ՝ անգամ արգելված սեզոնին, զբաղվել է ձկի որսով՝ ձգնգողությամբ: Նրան այդ մասին ԱԺ ամբիոնից հիշեցրել էր նաեւ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ «ձկնգող» անվանելով:

2016-2018թթ.-ին Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի «Ելք» դաշինքի կողմից Նարեկ Գրիգորյանը առաջադրվել եւ ընտրվել է Նորատուս համայնքի ավագանու անդամ: Ապա ավագանու անդամ լինելով՝ 2018թ. -ին Նիկոլ Փաշինյանը նրան միանգամից նշանակել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ մինչեւ 2020 թվականը: Ուշագրավ է, որ Նարեկ Գրիգորյանը փոխմարզպետ է նշանակվել՝ իր դաշնակցական աներ Արտաշես Նիկոյանի փոխարեն:

Հիշեցնենք, որ 2018թ.-ին Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու, սակայն չէր ընտրվել եւ շարունակել է գործունեությունը որպես փոխմարզպետ:

Իսկ 2020թ. դեկտեմբերի 4-ին արդեն դարձել է ԱԺ պատգամավոր` «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով:

Ուսումնասիրելով Գիրգորյանի ոչ պաշտոնական լուսանկարները՝ պարզ է դառնում, որ պատգամավորը բավականին «խեղճուկրակ» կյանքից միանգամից փոխել է ապրելակերպն ու հագուկապը, նաեւ քաշն է ավելացրել:

Նարեկ Գրիգորյանը նաեւ ՔՊ-ական այն մեծաթիվ պատգամավորների շարքին է դասվում, որոնք տարբեր պատճառաբանություններով չեն ծառայել Հայաստանի զինված ուժերում: Ըստ «Հետք»-ի՝ ազատման հիմքը եղել է ինքնավնասումը: Ընդ որում՝ ինքնավնասման հետեւանքով ունեցած սպիները ակնհայտորեն երեւում են նաեւ Գիրգորյանի կողմից հրապարակված անձնական լուսանկարներում:

Այսպիսով, ամփոփելով Նարեկ Գրիգորյանի քաղաքական գործունեությունը՝ կարող ենք արձանագրել, որ նրա բախտը բերել է, որ 2015 թվականին անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ ձկնգողից դարձել ԱԺ պատգամավոր:

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին, Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց ակցիա կկազմակերպվի՝ ի աջակցություն Արցախի: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում հայ համայնքի տարածած հաղոդագրությունից:

 

«Հավաքվում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց՝ Տետելաշվիլի 4 հասցեում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Բաբայանը, անդրադառնալով կազմակերպվելիք վերոհիշյալ ակցիային, ասաց, որ այս ամենի կարեւորությունը այն է, որ պետք է բոլորը տեսնեն, թե ինչ նշանակություն ունի Արցախը հայ ժողովրդի համար, եւ ինչքան ցույց տանք, որ Արցախը սրբություն է, այնքան դա կազդի աշխարհի վրա:

– Ընդհանրապես, Արցախի նկատմամբ հետաքրքրվածությունն  ու այն, որ Արցախը սրբության նման է հայերի համար, կարող է իր ազդեցությունը ունենալ աշխարհաքաղաքական զարգացումների վրա : Հետեւաբար Արցախը , միշտ ասել ենք, որ եղել ու  պետք է մնա  գլխավոր, գերագույն արժեքներից մեկը  հայության համար: Եվ մենք տեսնում ենք, որ սփյուռքում  իսկապես հատուկ ընդգծված վերաբերմունք  կա Արցախի նկատմամբ, եւ այն պահպանվում է: Տեսնենք, նայած ինչ ձեւով է այդ ամենը իրականացվում, բայց այն, որ Արցախը պետք է լինի արժեք բոլորի համար, սա միանշանակ է: Եթե այդպես չլինի, եւ մենք կորցնենք Արցախը, կորցնելու ենք ամեն ինչ:

Ուղղակի պետք է բոլորը տեսնեն, թե ինչ կարեւորություն ունի Արցախը հայ ժողովրդի համար: Օրինակ՝ տեսնում եք՝ ինչ մեծ հանրահավաք է տեղի ունեցել Բելգրադում՝ ի սատարում Կոսովոյի. դա չի կարող, չէ՞, իր ազդեցությունը չունենալ:

Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ

Վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Այս մասին նշվել է հունիսի 5-ին՝ Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով աշխատանքների որակին, շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձեւական  չլինի. «Կատարված աշխատանքների վերաբերյալ բազմիցս եղել են բողոքներ, որ բավարար որակով չեն իրականացվում: Այստեղ մենք ունենք տեխնիկական հսկողության կառույցը, որը պետք է սկսի իրապես աշխատել:

Պետք է հասկանանք, թե քանի տեխհսկող է պատժվել իր գործը չանելու համար: Նաեւ գուցե ուսումնասիրենք կառավարության փորձը՝ աշխատանքների տեխնիկական հսկողության լոտերը մեծացնելու առումով, եւ, համապատասխանաբար, ավելի խոշոր խաղացողներին  մասնակցելու հնարավորություն տանք: Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձեւական բնույթ: Եթե այդպես է, ավելի լավ է չունենանք: Պետք է գտնել բովանդակային ձեւը, որպեսզի տեխհսկողությունը դառնա իրական գործիք, եւ խստորեն հետեւենք որակին»,- ընդգծել է փոխքաղաքապետը:

 

 

 

ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՎ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԸ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանդես է եկել Երեւանի Մյասնիկյան պողոտայում խցանումները թեթեւացնելու առաջարկով։

Ըստ առաջարկի՝ Մյասնիկյան պողոտայում երթեւեկությունը պետք է կարգավորվի ռեվերսային գծերով, որոնք կմեծացնեն պողոտայի թողունակությունը օրվա տվյալ ժամին՝ միեւնույն ժամանակ չխցանելով հակառակ կողմը։

«Ես առաջարկում եմ նոր լուծում Մյասնիկյան պողոտայի ծանրաբեռնվածությունը թոթափելու համար։ Դա ժամանակակից ռեվերսային համակարգն է։ Սա նշանակում է, որ երբ դուք Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններից կիջնեք դեպի Հերացի փողոց, երեքի փոխարեն՝ կունենաք 4 կամ 5 երթեւեկելի գիծ։ Ինչպե՞ս։ Տեղակայված կլինեն լուսացույցներ, որոնք ձեզ ցույց կտան, որ առավոտյան ժամերին վերեւից իջնելու պարագայում դուք ունեք հավելյալ մեկ կամ երկու գիծ։ Նույնը երեկոյան ժամերին, երբ դուք Հերացի փողոցից կփորձեք բարձրանալ դեպի Մյասնիկյան պողոտա, ապա բարձրացող երեք գծերի փոխարեն՝ կունենաք 4-ը կամ 5-ը, որն այդ պահին չի ունենա վերեւից իջնող ուղղությունը»,- մանրամասնել է Խաժակյանը։

 

 




Լրահոս