ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից եւ կիրականացվի 3 փուլով։

 

Այս տարի եւս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։

Առաջին փուլով՝ հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու եւ ազատելու կարգի» համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝

l տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին եւ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին (այս կետի արտոնությամբ հայտագրումը կշարունակվի մինչեւ հունիսի 25-ը ներառյալ),

l ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին,

l տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան՝ ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին:

Վերջին երկու կետերի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում, եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։

Վերը նշված արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։

Երկրորդ փուլով՝ հունիսի 27-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

Երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից հայտագրում կիրականացվի նաեւ  օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որեւէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Հավելենք, որ, որպես հայտագրման առաջին քայլ, նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով ԿՏԱԿ-ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու եւ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

 

 

 

 

ՃԱՆԱՉԵԼԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կողմից Ադրբեջանը՝ 86.6 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29.8 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են. այս մասին հունիսի 5-ին՝ ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

Մանուկյանը հետաքրքրվեց` արդյոք ՀՀ-ն որեւէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, տարածքային ամբողջականությունը ճանաչելիս այդ երկիրը մակերեսով ճանաչել է, թե ոչ։ Նա նկատեց, որ իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը, եւ փորձեց Միրզոյանից պարզաբանում ստանալ` արդյոք Ադրբեջանի որեւէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 քառակուսի կմ է» արտահայտությունը։

«Որեւէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ Ենթադրում եմ, որովհետեւ բոլորը չեմ կարդացել։ Հայաստանի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ-ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանից այն մակերեսով ու այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետության համար»,- ասաց Միրզոյանը։

Նա շեշտեց, որ Մանուկյանը ճիշտ է նկատել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.8 ք/կմ տարածքով։ ԱԳ նախարարը վստահեցրեց` ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որի միջնորդությամբ հանդիպում էր տեղի ունեցել, եւ որին ներկա է եղել նաեւ Իլհամ Ալիեւը, որեւէ հրապարակային հերքում էլ չի եղել։

Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ երբ կառավարության կողմից անընդհատ շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86,6 քառակուսի կմ-ը, դրանով արդեն կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` առանց դրա համար ունենալով ԼՂ իշխանությունների արտոնությունը։

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, եւ հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաեւ, որ Հայաստանի 29 800 քառ. կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը եւ Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

 

 

 

 

 

2 ԴՊՐՈՑ՝ 147 ՀՈԳՈՒՆ

Դիլիջան համայնքի Գոշ գյուղում գործում է հանրակրթական երկու դպրոց՝ հիմնական եւ միջնակարգ։ Ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի՝ Գոշի հիմնական դպրոցն ունի 28, միջնակարգ դպրոցը՝ 119 աշակերտ։ Ընդամենը 147 աշակերտի համար մոտ 1100 բնակիչ ունեցող գյուղում երկու դպրոց է պահվում, պետական բյուջեից  մեծ ծախսեր են կատարվում։

 

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի կենսագրականում, որը հրապարակված է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում, նշում չկա Հայկ Ղալումյանի կուսակցական պատկանելիության մասին, մինչդեռ Հայկ Ղալումյանը շարքային կուսակցական չէ, նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահն է։

 

 

 

 

ՂԵԿԱՎԱՐԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ

Իջեւանի համայնքապետարանը պայքարում է ինքնակամ բացօթյա առեւտուր իրականացնողների դեմ։ Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի 96 հասցեում քաղաքացի Լյուբա Ստեփանյանի կողմից  առանց թույլտվության, ինքնակամ իրականացվել է բացօթյա առեւտուր, որի վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2023թ. մայիսի 15-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, կատարվել է լուսանկարում: Իջեւանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առեւտրի, սպասարկման  եւ  գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանը այդ արձանագրությունը՝ կից զեկուցագրով եւ լուսանկարներով,  ներկայացրել է Իջեւան համայնքի ղեկավարին՝ իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Հիմք ընդունելով  այդ զեկուցագիրը եւ  կից ներկայացված նյութերը՝ վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով, համայնքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ, եւ  վարույթի քննության ժամկետ  է  նշանակվել 2023թ. մայիսի 31-ը՝ ժամը 11:00-ն։ Լյուբա Ստեփանյանը այդ լսումներին չի մասնակցել։ Հունիսի 1-ին Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը որոշում է  կայացրել Լյուբա Ստեփանյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք (տույժ)՝ 50 հազար դրամի չափով, նրան պարտավորեցնել դադարեցնել ինքնակամ առեւտուրը, նրան պարտավորեցնել նաեւ  տուգանքի  մասին որոշումը ստանալուց  ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում տուգանքը կամավոր վճարել համայնքապետարանի գանձապետական համապատասխան հաշվին, սույն որոշումը եռօրյա ժամկետում, առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Լյուբա Ստեփանյանին։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս