ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն այժմ ավարտված է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին «Ավրորա» հիմնադրամի գրասենյակից:  Այս մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2024թ. մրցանակի առաջադրումների փուլն սկսել էր դեռ 2022 թ. հունիսի 1-ից՝ կոչ անելով համայն մարդկությանն առաջադրելու մերօրյա հերոսների: Ընդհանուր ստացվել է 730 հայտ 74 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Քենիայից, Հայաստանից, Նիգերիայից, Գերմանիայից, Պակիստանից, Կանադայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Վրաստանից եւ Իրանից: Մրցանակի համար առաջադրվել է 676 եզակի թեկնածու:

 

«Կյանքում ինձ բախտ է վիճակվել հանդիպելու եւ ճանաչելու այնպիսի մարդկանց, որոնք, հավատարիմ իրենց հանձնառությանը, մշտապես ձգտում են օգնել մարդկանց: Եվ ես գիտեմ, որ ճանաչման արժանանալը կարող է վճռորոշ լինել՝ հնարավորություն տալով նրանց շարունակելու մարդկանց փրկելու նվիրական գործը: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հանդիպելու 2024 թ. «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:

Մարդասիրության ոլորտի մասնագետներից կազմված «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհուրդը մանրամասն կուսումնասիրի բոլոր հայտերը եւ կկազմի վերջնացուցակ, որն էլ կներկայացնի «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովի անդամներն արդեն կընտրեն 2024 թ. «Ավրորայի» հերոսներին, իսկ հետո՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:

«Ուրախ եմ, որ «Ավրորան» շարունակում է միջոցներ տրամադրել աշխարհին՝ ճանաչելու եւ հարգանքի տուրք մատուցելու մարդասերներին՝ օգնելով նրանց կապ հաստատել միմյանց հետ եւ միասին պայքարել ընդդեմ բռնության եւ անարդարության»,- նշեց «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր, 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանին:

«Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ. գարնանը: Նա կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ եզակի հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն, IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը եւ մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը: Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: Պատվավոր համանախագահն է օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։

Մենք հարգում ենք ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.), «Ավրորայի» համահիմնադիր, ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի (1934-2021 թթ.), խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Բենջամին Ֆերենցի (1920-2023 թթ.) հիշատակը:

 

 

 

 

ԹԵԺ ԿՐՔԵՐ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ահազանգեր է ստացել Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Մանե Արշակյանից:

 

Ըստ նրա՝  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն իր վարչական կազմով արշավ է սկսել այն ուսանողների դեմ, որոնք համակարծիք չեն իրենց հետ, եւ համալսարանի ուսանողական խորհուրդը համալրում են իրենց համակիր ուսանողներով, ինչը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել համալսարանում:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջ կատարվող լարված իրավիճակի հետ կապված պարզաբանումների մասով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի հետ, սակայն վերջինս որոշեց, որ հաճելի ձայն չէ իր համար,  եւ առանց լսելու մեր կողմից հնչեցվող հարցադրումները անջատեց հեռախոսը:

Նշենք, որ մարտի 15-ին  Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն, ի հակադրություն Դավիթ Գյուրջինյանի նշանակման, ուսանողները  տեւական ժամանակ դասադուլ էին հայտարարել։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎԵՐՀԻՇԵԼՈՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Դերասանուհի Անաիս Սարդարյանը, որն ակտիվ գործունեություն է ծավալում «Ինստագրամ»-ում եւ ակտիվորեն իր հետեւորդների հետ կիսվում է ոչ միայն աշխատանքային, այլ նաեւ երեխաների առօրյայով, հետաքրիր գրառում է կատարել` վերհիշելով իր մանկությունը:

 

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ

Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի եւ Ռուսաստանի բռնցքամարտիկները։ Իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ են տոնել 46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանն ու 54 կգ քաշային Վազգեն Քարհանյանը։ Հայաստանը մրցաշարին ներկայացված է 5 բռնցքամարտիկով։

 

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան. հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, կատարել 12 գոլային փոխանցում։ Նա խփել է 10 գոլ եւ ռմբարկուների ցուցակում գրավել 7-րդ տեղը։

«Կրասնոդարը» 48 միավորով գրավել է 6-րդ տեղը։

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026 թվական։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։

 




Լրահոս