Ինչ է ցանկանում հասկացնել Փաշինյանը եվրոպացիներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 44-օրյա պատերազմը ընթացքում դադարեցնելու հնարավորությունների մասին։ Անդրադառնալով հոկտեմբերին պատերազմը դադարեցնելու հնարավորությանը՝ Փաշինյանը նշեց. «Խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի երկայնքով, այլեւ Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջեւանի հետ:

Ես չհամաձայնեցի նաեւ դրան. չհամաձայնեցի, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ: Այսինքն՝ իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ ես կարծում եմ՝ այո՛, ճանապարհները պետք է բացվեն, այո՛, Ադրբեջանի արեւմտյան շրջանները պիտի Նախիջեւանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, եւ դա պետք է լինի ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»:

Սակայն այստեղ մեջբերենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:

Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»: Այսինքն՝ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում հստակ նշված է ապաշրջափակման մասին, որը պետք է հսկվի ռուսական սահմանապահների կողմից, սակայն Փաշինյանը երեկ եւ նախկինում եւս խոսում է դրա անթույլատրելիության մասին։ Պարզապես հիմա Փաշինյանը եվրոպացիների մոտ ցանկանում է ցույց տալ, թե ռուսների վերահսկողությամբ ճանապարհ չի թուլատրելու, մինչդեռ 2020-ին ստորագրել է դրա տակ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս