ՀՀ կառավարության որոշման համաձայն` նոյեմբերի 1-ը փաստաթղթային փաթեթների ներկայացման վերջնաժամկետն էր աղետի գոտու այն անօթեւանների համար, որոնք ակնկալում են բնակարան ստանալ:
«Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ Գյումրի քաղաքում եւ Ախուրյան համայնքում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերով բնակարան ստանալու հավակնող ընտանիքների կողմից նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթներ այլեւս չեն ընդունվի»,-այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
Հոկտեմբերի 31-ին բնակբաշխման հանձնաժողովը հերթական նիստն էր գումարել: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը զարմանքով արձանագրեց, որ սպասում էր, թե մարզպետարանում մեծ թվով քաղաքացիներ կլինեն, որոնք կշտապեն վերջին ժամերն օգտագործել եւ փաստաթղթային լիարժեք փաթեթներ կներկայացնեն, սակայն նրանց թիվը շատ քիչ էր: Դա նշանակում է` շատ անօթեւաններ փաստաթղթային ինչ-ինչ խնդիրների կամ սահմանված ժամկետից ուշանալու պատճառով կզրկվեն բնակարանից: «Ես ինքս էլ սպասում էի, որ էսօր ակտիվություն պիտի լիներ, բայց նման բան չնկատեցի: Ես արդեն հակված եմ մտածելու, որ էն շահառուները, որոնք փաստաթղթերը չեն ներկայացրել, իրենք էլ գիտեն, որ իրենք բնակարանի շահառու չեն»,-ասաց նախարարը:
Հարկ է նշել, սակայն, որ շատ անօթեւանների համար փաստաթղթային լիարժեք փաթեթ ներկայացնելը բավականին բարդ գործ է, թղթատարական քաշքշուկն էլ այնքան շատ, որ մարդիկ պարզապես հոգնել են տարիներ շարունակ հաշվառվելուց, այս կամ այն կառույցից փաստաթղթեր պահանջելուց եւ այլն: Անօթեւան Ռիմա Գալստյանի խոսքերով` ինքը շատ մեծ դժվարությամբ է կարողացել հանձնաժողովականներին ապացուցել, որ իր ընտանիքը բնակարանի շահառու է. «Չի կարելի էդքան տանել-բերել: Մեղք են մարդիկ, 22 տարի կսպասեն, ու հիմի մինչեւ բդի տուն տան, քթից կբերեն: 2 երեխա ունեմ, երկուսն էլ Հայաստանում չեն, արտասահմանից հետ` ստիպված եմ եղել թղթեր ուզել»:
Թե քանիսի փաստաթղթերն են լիարժեք կամ թե քանի անօթեւան չի դառնա բնակարանատեր, հանձնաժողովականները խուսափեցին հրապարակել: Հստակ տվյալները հայտնի կդառնան մեկ շաբաթից, երբ տեղի կունենա բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը: «Մինչեւ բոլոր ներկայացված գործերը մեկ առ մեկ չնայենք, մենք չենք համարի, որ մեր աշխատանքները վերջացած են: Հաջորդ նիստին ես ձեզ հստակ թիվ կասեմ»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց Վարդան Վարդանյանը:
Անորոշ են նաեւ վիճակահանության եւ բնակարանների հավաստագրերի հանձնման մասին տեղեկությունները: Քաղաքաշինության նախարարն այդ հարցերում ես չկարողացավ լրագրողներին հստակ պատասխան տալ. «Վիճակահանության օրը եւ ժամը դեռ վերջնական չեն, բայց, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին կանենք վիճակահանություն: Իսկ երբ այդ գործերն ավարտենք, տեղի կունենա հավաստագրերի հանձնում»:
Գյումրի