Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթի հիմնական մասին անդրադառնալ չեմ ուզում, քանի որ փաստացի կրկին արձանագրվել է այն, ինչը մենք արդեն գիտենք, ներկայացվել է իրավիճակը:
Այստեղ ավելի ուշագրավ էին որոշ շեշտադրումներ, օրինակ` խոսելով վերջին տարիների մի քանի ձեռքբերման մասին` առաջին նախագահն առանձնացրեց քաղաքացիական և բողոքի ցույցերի աննախադեպ ծավալումն ու ավելի կազմակերպված և զանգվածային դառնալու միտումը` օրինակ բերելով տրանսպորտի վարձավճարների բարձրացման և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումները, որոնք որակապես և զանգվածայնությամբ տարբերվում են նախկիններից: Իհարկե, Տեր-Պետրոսյանը չմոռացավ նշել, որ նախկինում էլ հաջողությամբ պսակվեց Մաշտոցի պուրակի պահպանման համար մղվող պայքարը:
Դժվար թե առաջին նախագահը նկատած չլինի, որ այս շարժումները հնարավորինս քիչ քաղաքականացված էին. հատկապես տրանսպորտի թանկացման դեմ շարժման ժամանակ գրեթե չէինք տեսնում քաղաքական ուժերի, տեսնում էինք հանուն իրենց իրավունքների, ոչ թե հանուն քաղաքական ուժերի պայքարող քաղաքացիների: Նաև գաղտնիք չէ, որ նույնիսկ տրանսպորտի շարժումը քաղաքականացնելու փորձեր արվել են, միայն թե` ապարդյուն:
Հաջորդ դրական տեղաշարժը Տեր-Պետրոսյանը համարեց ոչ իշխանական խմբակցությունների սերտ համագործակցությունը: Այստեղ պետք է նկատել, որ այդ ոչ իշխանական կոչվող խմբակցություններից ԲՀԿ-ի մասով «ոչ իշխանական» արտահայտությունը պետք է օգտագործել վերապահումներով, քանի որ ԲՀԿ-ում ամեն ինչ ըստ իրադրության է, և ՀԱԿ-ում էլ դա շատ լավ գիտեն, որովհետև հենց ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի մերձեցումը հանդիսացավ ՀԱԿ-ի շարքերում դժգոհության առաջացման և այդ շարքերի խարխլման հիմնական պատճառներից մեկը: Բայց առաջին նախագահը սա համարում է դրական, այսինքն` նաև ՀԱԿ-ԲՀԿ մերձեցումը:
Եվ ահա երրորդ դրական տեղաշարժը, ըստ ՀԱԿ նախագահի, «քաղաքացիական ու քաղաքական շարժումների հակադրման արհեստածին գաղափարի» հաղթահարման միտումն է, «ինչի վառ ապացույցն են «Դեմ եմ» շարժման և խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների սերտ համագործակցությունը»: Այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես թե հակասում է ինքն իրեն` նախ, որակապես բարձր է գնահատում քաղաքացիական շարժումները, և հետո էլ` կողմ է արտահայտվում դրանց քաղաքականացմանը, քանի որ սերտ համագործակցությունը դժվար թե չհանգեցնի այդ քաղաքականացմանը: Սրան էլ գումարում ենք ԲՀԿ-ի հետ մերձեցման մասին նրա դրական վերաբերմունքը, և ամբողջական պատկեր ստանալու համար մնում է ընդամենը հետևել Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին մասին, որտեղ նա արդեն խոսում է Մաքսային միությանն անդամակցությունից: Այդ անդամակցությունը համարելով անխուսափելի և կարծես թե հաշտվելով այդ մտքի հետ` առաջին նախագահը գտնում է, որ պետք է ՄՄ ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնել մեր շահերին: Իսկ դա չի կարող անել սարգսյանական ռեժիմը. հետևաբար ո՞վ կարող է անել` ըստ Տեր-Պետրոսյանի: Բնական է, որ առաջին նախագահը պետք է նկատի ունենար իր գլխավորած քաղաքական ուժին, որը, փաստորեն, դեմ չէ ռուսամետ կողմնորոշում ունեցող և Մաքսային միության կողմնակից ԲՀԿ-ի հետ մերձեցմանը, և հետևաբար, կարելի է արձանագրել, որ փոխվել է նաև ՀԱԿ-ի տեսլականը Հայաստանի ապագայի նկատմամբ: Եթե նաև հաշվի առնենք, որ ՀԱԿ-ը միայնակ այլևս ի վիճակի չէ լուրջ եղանակ ստեղծել ՀՀ քաղաքական դաշտում, և որ ռեսուրսների տիրապետող ԲՀԿ-ի հետ մերձեցումը կարող է կոմպենսացնել ՀԱԿ-ի կորցրած հնարավորությունները, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի` այսօրվա ելույթի տողատակերն առավել ընթեռնելի են դառնում:
Կարեն Վարդանյան