«Գրեթե 4 տարի ոչինչ չէի անում, բայց վերագտա ինձ»․ Ալլա Լևոնյանը մեկնում է հանգստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հրուշակագործների համահայկական միավորում» հասարակական կազմակերպության միջոցառմանը ներկա էր նաև երգչուհի Ալլա Լևոնյանը։ Armlur.am-ը զրուցեց երգչուհու հետ ներկա պահին իր գործունեության և Արցախի խնդրի լուծման մասին։

«Գրեթե 4 տարի ոչինչ չէի անում, ցանկություն չկար, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում ինձ հավաքեցի և հասկացա, որ միայն իմ աշխատանքով և այստեղ ապրելով կարող եմ պայքարել կյանքի և այս ամենի դեմ։ Փորձում եմ ինձ վերագտնել, վերջերս թողարկեցի «Հարսի քող» երգը, իսկ այսօր ամուսնուս հետ միասին մեկնում ենք հանգստի՝ ծննդյանս օրն այնտեղ անցկացնելու նպատակով»։

Մեր դիտարկմանը, որ այսօր շատերը արտագաղթում են, նա նման միտք ունի՞, երգչուհին պատասխանեց․ «Ես չեմ պատրաստվում փախնել ո՛չ ինքս ինձնից, ո՛չ իմ Հայրենիքից։ Իմ անվան հետ կապված հաճախ եմ նման բաներ լսում, սակայն այդպիսի միտք չունեմ։ Ես և իմ ընտանիքը չենք պատրաստվում լքել Հայաստանը։ Ուզում եմ, որ մեր երկրում լինի խաղաղություն և այս մղձավանջը որքան հնարավոր է շուտ ավարտվի», – նշեց նա։

Մեր մյուս դիտարկմանը, թե Արցախը արդեն 6 ամիս է շրջափակման մեջ է, ինչպե՞ս է պատկերացնում Արցախի լուծման հարցը, նա նկատեց․ «Դա շատ խորը հարց է։ Նախ մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի ասել «հայաստանցի», «արցախցի» և այլն։ Սակայն քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում և չեմ պատրաստվում միանալ այնպիսի ուժերի, որոնք այլ կերպ են կիսում Հայրենիքի նկատմամբ իրենց գաղափարը, ես՝ այլ։ Ամեն օր աղոթում եմ, իսկ թե, որն է լուծումը չեմ կարող ասել»։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս