ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում կայացել է Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Նիստին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, քոլեջների, ուսումնարանների տնօրեններ, կարիերայի կենտրոնների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգային հարցերից էին գործատուների պահանջարկի եւ ՄԿՈՒ հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների առկա խնդիրները, կարիերայի կենտրոնների աշխատանքի արդյունավետությունը, կատարվող աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) առաջարկները, ԿԳՄՍ նախարարության ռազմավարական մոտեցումը ՄԿՈՒ խորհուրդների աշխատանքին եւ այլ հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին եւ կարեւորել ներկայացված օրակարգի քննարկումը՝ վստահություն հայտնելով, որ այն արդյունավետ կլինի բոլոր կողմերի համար:

Նախարարի խոսքով՝ շրջանառության մեջ է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով, եւ կառաջարկվի կազմակերպել հանրային լսումներ՝ հրավիրելով ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ներդրված նոր մեխանիզմները:

Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական, Թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի եւ Երեւանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենները ներկայացրել են իրենց ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, որոնք վերաբերում են մասնագիտությունների համալրմանը, դրանց գրավչության բարձրացմանը, կիրառական գիտելիքի մատուցման համար նոր սարքավորումներ ունենալու անհրաժեշտությանը, ուսանողներին աշխատանքով ապահովելու, գործատուների հետ համագործակցելու ներկա պայմաններին:

Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի տնօրեն Արտակ Սարգսյանի հավաստմամբ՝ քոլեջը գործատուների հետ համագործակցության հաջողված փորձ ունի, սակայն ակնհայտ է արդիական սարքավորումների անհրաժեշտությունը, քանի որ այդ առումով ուսումնական պրակտիկան եւ գործատուների պահանջները չեն համապատասխանում:

Ուսումնական հաստատությունների ղեկավարների խոսքով՝ մասնագիտությունների վերաբերյալ իրազեկումն ապահովելու նպատակով նրանք աշխատում են դպրոցների հետ, իսկ ուսանողներին աշխատանքով ապահովելու նպատակով՝ անձամբ գործատուների հետ, որոնք անմիջապես ներկա են լինում նաեւ ամփոփիչ քննություններին: Ընդգծվել է, որ թեեւ որոշ մասնագիտություններ լայն պահանջարկ ունեն, սակայն աշխատաշուկա մուտք գործելու համար դիպլոմավորված մասնագետ լինելը նախապայման է հանդիսանում, ինչը ՄԿՈՒ ոլորտում լրացուցիչ խնդիր է առաջացնում:

Կարիերայի կենտրոնների ներկայացուցիչների խոսքով՝ մարզերում մասնագիտություններն ընտրվում են՝ ըստ տվյալ տարածաշրջանին բնորոշ տնտեսական առանձնահատկության, եւ այդ առումով ուսանողները հիմնականում աշխատանք գտնելու խնդիր չեն ունենում: Կողմերը հավաստել են ՄԿՈՒ ծրագրերը տվյալ մարզի զարգացման ծրագրին համահունչ դարձնելու անհրաժեշտությունն ու արդյունավետությունը բոլոր մարզերի համար:

Հանդիպման ընթացքում ՀԳՀՄ ներկայացուցիչները հանդես են եկել ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ առաջարկներով: Մասնավորապես՝ առաջարկվել է ոլորտի մասնագիտությունների ցանկը հաստատելիս կիրառել հավատարմագրման այլընտրանքային տարբերակ՝ այլ կառույցների ակտիվ մասնակցությամբ, կրթական չափորոշիչներում եւ մոդուլային ծրագրերում որպես բաղկացուցիչ ավելացնել ժամանակի կառավարում, վերլուծական մտածելակերպ, թիմային աշխատանք, խնդիրների լուծում եւ այլ հմտություններ, գործնական դասերն անցկացնել հենց գործատուների տարածքում եւ այլն:

ՀԳՀՄ-ի կողմից առաջարկվել է նաեւ ԿԳՄՍ նախարարության եւ «Արդյունաբերության անվտանգության ուսումնական ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնել վերապատրաստում ՄԿՈՒ ոլորտի սովորողների եւ աշխատակազմի անվտանգության ապահովման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հաջորդիվ առանձին հանդիպումներ կազմակերպելու եւ ոլորտին առնչվող խնդիրները քննարկելու նպատակով:

 

 

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

«Ararat կոնյակի մատակարարումները Ռուսաստան  իրականացվում են արտադրողի հետ գործող պայմանագրերով եւ կշարունակվեն նաեւ հետագայում, հարկ եղած դեպքում ելք կգտնվի»,- «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է երկրի խոշորագույն գինի ներկրող Luding Group-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը։

Մայիսի վերջին ընկերությունը հայտարարեց, որ Pernod Ricard-ից, որը նախկինում որոշել էր դադարեցնել իր արտադրանքի արտահանումը երկիր, ծանուցումներ չի ստացել Ararat կոնյակի ապրանքանիշի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին եւ շարունակում է այն մատակարարել ռուսական շուկա։

«Ոչինչ չի փոխվել, մատակարարումները շարունակվում են։ Ռուսաստանը՝ առանց Ararat-ի, եւ Ararat-ն առանց Ռուսաստանի ես չեմ պատկերացնում։ Գործող բոլորը պայմանագրերը կատարվում են, հետո կնայենք, ինչ-որ ելք կգտնենք։ Կրկին ֆրանսիական արտադրողը երկար ժամանակ հարաբերություններ էր հաստատում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասաց Խաչատուրյանը։

Մայիսի կեսերին Pernod Ricard-ը հայտարարեց, որ ապրիլի վերջին դադարեցրել է իր բոլոր միջազգային ապրանքանիշերի արտահանումը Ռուսաստան։ Նշվել էր, որ ընկերությունը կդադարեցնի նաեւ իր արտադրանքի տարածումը երկրում։ Ընկերության պորտֆելը ներառում է տասնյակ ապրանքանիշեր, այդ թվում՝ Chivas Regal վիսկի, Jameson, Ballantine’s, Absolut օղի, Olmeca տեկիլա, Havana ռոմ եւ Ararat կոնյակ։

Մայիսի կեսերին նաեւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ Pernod Ricard-ին պատկանող Երեւանի կոնյակի գործարանը կարող է դադարեցնել իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան։

 

 

 

 

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում գտնվող՝ կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը՝ 1.2կմ երկարությամբ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ շինարարությունը ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներով իրականացնում է «Ճանշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է ծածկի քանդում, ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցում, տեղադրվում են վաքեր։ Ամբողջովին կվերականգնվի երթեւեկելի հատվածը, կնորոգվեն նաեւ ճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե կամուրջները, հիմնանորոգվող հատվածը կկահավորվի անվտանգության տարրերով։

Նշված ճանապարհի հիմնանորոգումը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման առումով։ Լճաշենը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ բացվում են մեր անցյալի մասին պատմող նշանակալի հնագիտական շերտեր, ինչի վկայությունն է հենց կիկլոպյան ամրոցը, որը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակին։

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԿՐՔԵՐ՝ ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ

«Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի  «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետ  Արտակ Հարությունյանը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարան՝ «Դիլիջան ազգային պարկ»   ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանի՝ 2023թ. մայիսի 12-ի թիվ 107-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջով. այդ հայցն ընդունվել է դատավոր Նանա Կոստանդյանի վարույթ։ Մինչ այդ Արտակ Հարությունյանը  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել՝ Ռոբերտ Ալիխանյանի՝ 2023թ. մարտի 24-ի  թիվ 67-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ 2023թ. մայիսի 18-ին դատարան է հանձնվել  այդ հայցադիմումի պատասխանը։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Դիլիջան ազգային պարկի տնօրենի ԺՊ Ռոբերտ Ալիխանյանի հետ, որպեսզի ճշտի, թե  իր՝   2023թ. մարտի 24-ի թիվ 67-Ա հրամանն ու 2023թ. մայիսի 12-ի  թիվ 107-Ա հրամանն ինչ բովանդակություն ունեն։ Նա ասաց, որ այդ հրամանները նույն բովանդակությունն ունեն, ինքը դրանցով Արտակ Հարությունյանին նկատողություն է  հայտարարել բնակչությանը թափուկ վառելափայտ մատակարարելու հետ կապված աշխատանքներում թերանալու համար։ Հավելենք, որ Արտակ Հարությունյանը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ի  հրամանը  դատական կարգով վիճարկելու հաջող փորձ ունի։ «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա  Խլոյանի՝ 2021 թվականի հունիսի 25-ի հրամանով՝ Արտակ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ. նա ազատվել է ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետի պաշտոնից։ Վերջինս դիմել է դատարան։ 2022 թվականի ապրիլի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը վճռել է Ա. Հարությունյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել Ա. Խլոյանի՝ 2021 թվականի հունիսի 25-ի թիվ 258-Ա հրամանը՝ «Դիլիջան տեղամաս»  մասնաճյուղի պետ Ա. Հարությունյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու եւ նրան աշխատանքից ազատելու մասին, Ա. Հարությունյանին վերականգել իր նախկին աշխատանքում, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել միջին աշխատավարձը՝ հաշվարկը կատարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2021թ. հունիսի 25-ից մինչեւ վերջինիս իր նախկին աշխատանքում վերականգնելու օրն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ ՀՀ  պետական բյուջե բռնագանձել 4000 դրամ, ինչպես նաեւ դատարանի վճռով  հաշվարկվող գումարի երկու տոկոսը՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումարներ։ Ազգային պարկի տնօրենի ԺՊ Արմեն Ղազարյանը, չսպասելով, որ անցնի մեկամսյա ժամկետը, եւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնի,  հրաման է տվել Ա. Հարությունյանին վերականգնել իր նախկին աշխատանքում։ Ազգային պարկի իրավաբանը համարել է, որ դատարանի վճիռը բողոքարկելու իմաստ չկա, վերաքննիչ դատարանում հաղթելու շանս գոյություն չունի, իսկ յուրաքանչյուր օրվա համար ՊՈԱԿ-ը պետք է Ա. Հարությունյանին գումար վճարի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս