Տնտեսագիտական քոլեջում ուսանողների հետ կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգ էինք ստացել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական քոլեջում աշակերտ ուսանող կոնֆլիկտ կա: ArmLur.am-ը փորձեց կապվել դասախոսի և ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ:

Նույն քոլեջի դասախոս Տաթև Գամաղելյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց խնդիրը, որի մասին եղել է ահազանգը:

-Տիկին Գամաղելյան, ի՞նչ խնդիր է եղել ՀՊՏՀ քոլեջում կապված գնահատականների և ուսանողների հետ:

-Ուսանողներից մեկը, ով աշխատասեր է և որոշակի առաջադիմություն կարող է ցուցաբերել, մինչև տարբերակված ստուգարքի ամփոփումը, ինձ մոտեցավ կուրսղեկը և ասաց՝  հնարավոր է՝ իրեն տասը նշանակեք, որովհետև իր համար էնքան մարդիկ են զանգել: Ես ասացի, որ բոլորին նույն ձևով եմ վերաբերվում: Այո, նա չի ձգտում տասի, բայց ես իրեն հնարավորություն տվել եմ:

– Աշակերտը ի՞նչ քայլեր է արել:

-Նա գնաց, պատրաստվեց, եկավ և չկարողացավ, միգուցե և ոչ էլ պատրաստվել էր, ի նկատի ունենալով, որ իր համար արդեն ասված է: Ես տասը չնշանակեցի, քանի որ գնահատականն ուզելով չեն ստանում, այլ ստանում են սովորելով: Աշակերտի հարազատներից մեկը բողոքել է, որ ես անարդար եմ գնահատել և ուսանողին ընթացքում դաս չեմ հարցրել, բայց ինն եմ նշանակել՝ ուսանողի ակտիվության համար: Ես հնարավոր է դաս եմ հարցրել, կարողացել է գիտելիք ցույց տալ, ակտիվություն ցույց տալու համար գումարվել և ինն եմ նշանակել: Ինչ վատ բան կա դրա մեջ:

-Ի՞նչ են պատասխանել Ձեր այդ հարցին:

Ասացին ո՛չ, ես ձայնագրություն ունեմ: Այսինքն առանց իմ թույլտվության ինձ ձայնագրել են: Չեմ կարող ասել կա նման ձայնագրություն, թե՝ ոչ:

-Ի՞նչ կա այդ ձայնագրությունում:

Ասացին, որ ձայնագրությունում ես ասել եմ. «Ակտիվության համար քեզ նշանակում եմ ինը, առանց դաս հարցնելու:»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով խնդրին լուծում տալու համար ռեկտորատի նիստ է գումարվել, որից հետո ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի N ՄՌԿ/480-Ա որոշման համաձայն Տաթևիկ Գամաղելյանին նկատողություն հայտարարել: Դասախոսի՝ խմբերից մեկի դասամատյանը ոչ պատշաճ կերպով, ժամկետների խախտումով լրացնելու պատճառով էլ նկատողություն է հայտարարվել:

Պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Դիանա Գալոյանի հետ:

-Տիկին Գալոյան, ինչի՞ց հետո է առաջացել նման խնդիր:

Նման խնդիր առաջացել է վեց ուսանողի բողոքից հետո: Վեց ուսանող բողեք է գրել, դասախոսը ժամկետից դուրս, այսինքն՝ պիտի քարորդն արդեն փակած լիներ, բայց այդ օրվանից հետո՝ առանց ուսանողներին հարցում անելու, կամայականորեն ուսանողներին գնահատականներ է ավելացրել մատյանում: Ընդ որում, մատյանը լուսապատճենել էինք հունիսի 8-ին, այն օրը, երբ քարորդները պետք է փակված լիներ: Լուսապատճենելուց հետո մենք կարողացել ենք ապացուցել, որ այդ 6-7 գնահատականը ավելացվել են, ինչի հիման վրա ուսանողները բողոք են գրել և համապատասխանաբար ռեկտորատի նիստ է արվել: Նիստի ընթացքում, այդ կամայականորեն ավելացված գնահատականները առոչինչ են համարվել:

-Նման դեպքերում ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում:

-Նման դեպքերում հայտարարվում է կա՛մ բանավոր նկատողություն, կա՛մ գրավոր նկատողություն, կա՛մ, եթե Աշխատանքային օրենսգրքի համապատասխան hոդվածի համաձայն, թույլատրվում է այնպիսի արարք, որն անհամատեղելի է ուսումնադաստիրակչական գործունեության հետ, կարող է հանգեցնել նաև աշխատանքից ազատման: Տվյալ դեպքում միջին ծանրության պատիժ է՝ գրավոր նկատողությունը: Եթե դասախոսը մրցույթով է ընտրված և ունի 3-5 տարի ժամկետով պայմանագիր, ապա աշխատանքից ազատումը հնարավոր է միայն երրորդ նկատողությունից հետո:

Զրուցեց Էմմա Միքայելյանը




Լրահոս