ԴՐԱՄԱՀԱՎԱՔՆԵՐ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԵՆՔԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ ԱՃՈՒՐԴԻ

Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երեւանի Ավան թաղամասի Խուդյակովի փողոց 1 գիտահետազոտական ինստիտուտ հասցեում գտնվող 1780.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաեւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.1176 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության երեկվա նիստի ժամանակ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գույքի գնահատված շուկայական արժեքը 2023 թվականի փետրվարի 23-ի դրությամբ կազմում է 322 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված՝ հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 195 մլն 600 հազար դրամ։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 322 մլն 500 հազար դրամ։

Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 16 մլն 125 հազար դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս եւ գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ, փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

 

 

 

 

ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ

Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ են սահմանվել։ Որոշումը ընդունվել է երեկ՝ կառավարության նիստի ժամանակ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարուսելները, (ատրակցիոնները) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն, արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում, եւ տվյալ ոլորտի լիազորող մարմինը հանդիսանում է ԱԻՆ-ը, Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշումը վերանայելու կամ այն ուժը կորցրած ճանաչելու մասով:

Նշվում է, որ ներկայումս Հայաստանում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ եւ հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Կառավարության որոշում, որը կսահմանի տեխնիկական անվտանգության կանոններ:

Ն.Հ.

 

 

 

 

ՍԵՆԱՏԻ ԿՈՉԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ

ԱՄՆ հանրապետական սենատոր Ալեքս Պադիլլան եւ դեմոկրատական սենատոր Մարկո Ռուբիոն երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու կոնտեքստում Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ եւ դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական աջակցություն Ադրբեջանին. այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նշվում է, որ այս միջոցառումը նման է երկկուսակցական 108 բանաձեւին, որի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը եւ հայկական հանձնախմբի ղեկավարությունը, որն այժմ ունի 88 համահեղինակ:

Նոր ներկայացված բանաձեւը, որին աջակցում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, մասնավորապես կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման եւ հակահայկական մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ եւ կոչ է անում Ջո Բայդենի վարչակազմին դադարեցնել բոլոր ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կիրառելով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը:

Ըստ Հայ դատի հանձնախմբի տրամադրած տեղեկության՝ Արցախի շրջափակման դեմ Պադիլլա-Ռուբիո միջոցառմանը կարելի է աջակցությունը հայտնել՝ այցելելով https://anca.org/resolution էջը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է եւ անընդունելի: Այս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին զրկելով սննդից, դեղորայքից եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Մեր բանաձեւը պարզ կդարձնի, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար», – ասել է սենատոր Պադիլլան բանաձեւը ներկայացնելիս:

Կոնգրեսական Փալոնը ողջունել է Սենատում այդ բանաձեւի ներկայացումը՝ հայտարարելով. «Ես այսօր կանգնած եմ իմ գործընկերների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված է եւ նպատակ ունի փակել Արցախ պարենի, բժշկական պարագաների եւ փոխադրումների, ինչպես նաեւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ճանապարհը։ Մենք միասնական ենք՝ կոչ անելով Ադրբեջանին վերջ տալ այս միտումնավոր հումանիտար ճգնաժամին»:




Լրահոս