ԵԼՈՒՅԹ՝ ՋԱԶԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեւոն Մալխասյանը, Մհեր Համբարձումյանը եւ Արտյոմ Լալայանը ելույթ են ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված ջազային համերգին: Հայկական ջազի աստղերը երեւանյան հանդիսատեսին են ներկայացրել հայ, ռուս եւ այլ երկրների կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները Ռուսաստանի օրվան նվիրված երաժշտական երեկոյի ընթացքում:

 

Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից տեղեկացնում են, որ միջոցառումը նախաձեռնել էր «Դոմ Մոսկվի»-ն՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:

«Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ակտիվ գործակցում է տարբեր ժանրերում ստեծագործող մշակութային գործիչների եւ երաժիշտների հետ։ Այս տարի լրանում է հայկական ջազի 70-ամյակը, որոշեցինք մայրաքաղաքի հանդիսատեսին նվիրել ջազ երաժշտության համերգ։ Հայ կատարողները հայտնի են ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, որտեղ նրանք հաճախ են ներկայանում ռուս ջազմենների հետ: Այս միջոցառումը կոչված է կրկին ցույց տալու մեր մշակույթների ընդհանրությունը»,- նշել է Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի եւ նրա գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ վաղեմի ընկերներ ենք։ Տարիներ շարունակ մենք սերտ գործակցում ենք։ Համերգին ելույթ ունենալու հրավերին պատրաստակամորեն արձագանքեցի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ լինելու է բարձր մակարդակի վրա։ Այսօրվա հանդիսատեսի համար կատարեցի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունը, որը բարեկամության խորհրդանիշ եւ կապող օղակ է հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ: Իսկ երկրորդ կոմպոզիցիան նվիրեցի իմ հեռակա ուսուցիչ Օսկար Փիթերսոնի հիշատակին»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, ջազմեն, կոմպոզիտոր եւ երաժիշտ Լեւոն Մալխասյանը։

Ըստ աղբյուրի՝ համերգին ելույթ է ունեցել նաեւ Մհեր Համբարձումյանը՝ լեգենդար ծանրորդ, աշխարհի ռեկորդակիր Սերգո Համբարձումյանի որդին: Մհեր Համբարձումյանի երգացանկում կան բազմաթիվ կատարումներ Ֆրենկ Սինատրայի երգացանկից: Ջազային երեկոն համընկել էր Մհերի ծննդյան տարեդարձի հետ։

«Ուրախ եմ, որ հանգամանքների բերումով Ռուսաստանի օրվան նվիրված համերգը համընկավ իմ ծննդյան օրվա հետ։ Ավելի քան 50 տարի ապրում եւ ստեղծագործում եմ Մոսկվայում, ուրախ եմ այստեղ լինելու համար, շատ ոգեւորեց հանդիսատեսի ջերմ ընդունելությունը», – ընդգծել է Մհեր Համբարձումյանը։

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել ջազ տրիոն՝ կոմպոզիտոր եւ երաժիշտ Գարիկ Սարիբեկյանի գլխավորությամբ, «Ջազ հայկական ակցենտով» նախագծի հեղինակ, կոմպոզիտոր Արտյոմ Լալայանը, Նիկ Տեր-Հովհաննիսյանը (կիթառ), Արեգ Կարախանյանը (սաքսոֆոն), վոկալիստներ Սոնա Ումրոյանը եւ Արման Վարդանյանը:

Նշվում է, որ համերգին ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ՀՀ պետական կառույցների եւ ռուսական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

 

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԲԱՑՄԱՆ ՕՐԸ

Երեւանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։

 

Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի եւ այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ «Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, եւ փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։

 

 

 

 

 

«ՊՌԵԳՈՄԵՇ»-Ը՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատմում է «Պրեգոմեշը» միջազգային շուկա մտցնելու մասին։

«Սա մեր 2-րդ նորաձեւության շաբաթն է: 1-ինը Նյու Յորքում էր, իսկ հիմա մենք Փարիզում ենք եւ շատ ուրախ ենք լինել այստեղ։ Մենք մեծ պահանջարկ ունեցող զարդերի բրենդ ենք Հայաստանում, եւ սա մեծ հնարավորություն է մեզ համար, որպեսզի մտնենք միջազգային շուկա», – նշել է նա։

 

 

 

 

ԱԴՐԻԱՆԱ ԼԻՄԱՅԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ

Հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը շնորհավորել է բրազիլացի մոդել Ադրիանա Լիմային (որը հունիսի 12-ի տոնում էր ծննդյան 42-ամյակը)՝ հրապարակելով գեղեցկուհու լուսանկարը, որում Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակը» կրում է դիզայների հեղինակած կոշիկներից: Լիման Սիրադեկյանի «Աշխարհն առանց սահմանների» հավաքածուի նմուշներից մեկով է՝ ԱՄՆ-ի դրոշի պատկերով: «Շնորհավոր ծնունդդ, իմ գեղեցի՛կ ընկեր»,-ինստագրամյան Story-ում գրել է Ալեքսանդր Սիրադեկյանը: Աշխարհահռչակ մոդելն իր էջում կիսվել է դիզայների մաղթանքով: Ռուսաստանում հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը վաղուց «գրավել է» ռուսական շոու-բիզնեսի աստղերին իր ստեղծած յուրահատուկ ու թրենդային կոշիկներով. նրա հայտնի հաճախորդների թվում են Քսենիա Սոբչակը, Քրիստինա Օրբակայտեն, Լենա Լետուչայան եւ այլք: Ալեքսանդրը «համախմբել է» նաեւ ամբողջ աշխարհին 2020 թ-ին ստեղծված իր «Աշխարհն առանց սահմանների» կոշիկների հավաքածուի շուրջ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է որեւիցե երկրի դրոշ:

 

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆԸ

Ամերիկյան հայտնի դերասան Թրիթ Ուիլիամսը, որ հայտնի է «Մազեր» մյուզիքլից եւ «Էվերվուդ» սերիալից, 71 տարեկան հասակում մահացել է ավտովթարի հետեւանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Վերմոնտում հունիսի 12-ին. արտաճանապարհային մեքենան հարվածել է դերասանի մոտոցիկլետին: Ուիլիամսին ծանր վնասվածքներով ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, սակայն այնտեղ հասնելիս արձանագրվել է նրա մահը: Իր 50 տարվա դերասանական կարիերայի ընթացքում Թրիթ Ուիլիամսը նկարահանվել է նաեւ «Մի անգամ Ամերիկայում», «Ինչ անել Դենվերում մահվանից հետո», «Մեռած ոստիկանը» ֆիլմերում: Նա առաջադրվել է «Էմմի» մրցանակի 1996 թ.-ին լույս տեսած «Կեսգիշերային հերթափոխ» ֆիլմում կատարած դերի համար, իսկ 1980-ականներին արժանացել է երեք «Ոսկե գլոբուս» մրցանակների:

 




Լրահոս