ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի 2022 թվականի տվյալներով՝ ամբողջ աշխարհում 108,4 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը ռազմական հակամարտությունների, հետապնդումների, բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Այս ցուցանիշը տասներորդ անգամ անընդմեջ աճել է մինչեւ առավելագույն արժեք. մեկ տարի առաջ այն գրեթե 20 միլիոնով ցածր էր:

 

2023 թվականի մայիսին ամբողջ աշխարհում փախստականների թիվը կարող է հասնել 110 միլիոնի: Այս մասին ասվում է հունիսի 14-ին հրապարակված ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության (ՄԱԿ ՓՀԳ) «Գլոբալ միտումները» ամենամյա զեկույցում:

Այս ցուցանիշի կտրուկ աճի գլխավոր պատճառը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմն է։ Ուկրաինայից փախստականների թիվը 2021 թվականի վերջին 27 300-ից 2022 թվականի վերջին հասել է 5,7 միլիոնի։ ՄԱԿ ՓՀԳ-ի տվյալներով՝ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր արտագաղթի ամենաարագ ալիքի մասին է։ Բացի այդ, 2022 թվականին ամբողջ աշխարհում տեղահանվածների թվի աճը բացատրվում է Աֆղանստանից փախստականների ենթադրյալ ցուցանիշների վերահաշվարկով, ինչպես նաեւ ռազմական այլ հակամարտություններով, հատկապես՝ Սուդանում:

Ընդ որում, փախստականների մեծ մասն ընդունել են աշխարհի ոչ ամենահարուստ երկրները։ Հարկադրված միգրանտների ավելի քան հինգերորդը գտնվում է 46 առավել թույլ զարգացած պետություններում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 1,3 տոկոսից պակասը. նշում է ՄԱԿ-ը:

Զեկույցի համաձայն՝ 2022 թվականին ավելի քան 339 հազար փախստական է վերադարձել հայրենիք՝ 38 պետություն, մասնավորապես՝ Հարավային Սուդան, Սիրիա, Կամերուն եւ Կոտ դ’Իվուար։ Ներքին տեղահանվածների թվում իր բնակավայր է վերադարձել 5,7 մլն մարդ, այդ թվում՝ Եթովպիա, Մյանմար, Սիրիա, Մոզամբիկ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։

 

 

 

 

 

ՎԻԶԱՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

ԵՄ խորհրդի եւ Եվրախորհրդարանի բանակցողները համաձայնեցրել են թվային շենգենյան վիզաների սահմանման նոր դրույթը, որոնք ապագայում հնարավոր կլինի ստանալ օնլայն։ Այս մասին ասվում է խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Այս դրույթը հնարավորություն է տալիս վիզա ստանալու համար դիմել առցանց, ինչպես նաեւ այժմ օգտագործվող կպչուն պիտակը փոխարինում է թվային վիզայով»,-ասվում է հայտարարության մեջ:

Եվրախորհրդում վստահեցնում են, որ այս նախաձեռնությունը կդյուրացնի շենգենյան վիզայի ստացումը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ կուժեղացնի անվտանգությունը շենգենյան տարածքում:

Ինչպես նշել են ԵՄ խորհրդում, առաջարկն ուժի մեջ մտնելուց հետո կստեղծվի հատուկ միասնական առցանց հարթակ, որի միջոցով կիրականացվեն դիմումների ներկայացումը եւ էլեկտրոնային վիզաների տրամադրումը, ինչը զգալիորեն կհեշտացնի ընթացակարգը ինչպես ճանապարհորդների, այնպես էլ հյուպատոսական ծառայությունների համար:

Հաղորդվում է նաեւ, որ դիմորդները, այնուամենայնիվ, ստիպված կլինեն անձամբ ներկայանալ հյուպատոսություն այն դեպքում, եթե շենգենյան վիզայի հայտը ներկայացվում է առաջին անգամ, եւ իշխանությունները պահանջում են ստանալ դիմողի կենսաչափական տվյալները, ինչպես նաեւ եթե կենսաչափական տվյալներն այլեւս անվավեր են: Բացի այդ, անձնական ներկայությունը անհրաժեշտ կլինի այն դեպքում, եթե ձեռք բերվի նոր փաստաթուղթ, որով դիմումատուն ճանապարհորդում է:

 

 




Լրահոս