«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի եւ այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։  

 

«Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, եւ փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 9-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երեւանի կինոյի տունը եւ «Մոսկվա» կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական ռանդեվուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում։

Փառատոնի բացումը կազդարարվի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադեւոսյանը։

Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

Փառատոնին կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում՝ բացման ֆիլմը։ Կներկայացվի նաեւ հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։

Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։

Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ինչպես նաեւ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։

Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցեւոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Կինոփառատոնի Gaiff Pro կրթական եւ արտադրական հարթակը, որը, ինչպես միշտ, կանցկացվի փառատոնի օրերին, առաջին անգամ կաջակցի ոչ միայն լիամետրաժ, այլեւ կարճամետրաժ կինոյին։

Փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երեւանի քաղաքապատերանը փառատոնի գլխավոր հովանավորն է։

 

 

 

 

ԿՏԱՎՆԵՐ՝ ՇՈՇԱՓԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։

 

«Սարեր» մշակութային կազմակերպությունն ու Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հնարավորություն կընձեռեն դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճեններին եւ թույլ կտան զուգահեռաբար ունկնդրել, թե ինչ է պատկերված տվյալ նկարներում։  Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 30-ին Սարյանի տուն-թանգարանում։

Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավելն է։ Ծրագրի շրջանակում ստեղծվել են թանգարանի հավաքածուից 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ՝ « Պաննո «Հայաստան»» (1964), «Արագած» (1925), «Կոստանդնուպոլսի շները» (1910), «VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ» (1956), «Դեպի աղբյուր» (1928), «Երեւանյան բակը գարնանը» (1928)։ Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը տեսողության խնդիրներ ունեցող մարդուն թույլ է տալիս զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։

 

 

 

 

ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի տնային հանդիպումները։

Արքայական ակումբի տեխնիկական հովանավորը Adidas ընկերությունն է։

 

 

 

 

 

YouTube-Ի ՆՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

YouTube վիդեոհոսթինգը պարզեցրել է գործընկերային ծրագրին (Youtube Partner Program) մասնակցելու պայմանները, որը թույլ է տալիս գումար վաստակել տեսանյութերում գովազդի եւ այլ գործիքների միջոցով. այս մասին հայտնում է The Verge-ը։

Այժմ Youtube Partner Program-ին միանալու համար բավական է ունենալ 500 բաժանորդ եւ 3000 ժամ դիտում վերջին 12 ամիսների ընթացքում։ Նախկինում այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 1000 բաժանորդ եւ 4000 ժամ դիտում։

Բացի դրանից, YouTube-ն իջեցրել է TikTok-ի հետ մրցակցող Shorts տեսանյութերի դրամայնացման ծրագրին հասանելիություն ունենալու շեմը։ Այժմ բավական է վերջին 90 օրվա ընթացքում 3 միլիոն դիտում հավաքել, մինչդեռ նախկինում պահանջվում էր 10 միլիոն դիտում։

Նոր կանոնները շուտով ուժի մեջ կմտնեն հինգ երկրում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Թայվանում եւ Հարավային Կորեայում: YouTube-ը նախատեսում է ապագայում դրանք ընդլայնել այլ տարածաշրջաններում:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ YouTube-ն այլեւս թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը եւ կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։

Մայիսին տեղի ունեցած YouTube Brandcast ամենամյա միջոցառման ժամանակ Google-ը հայտարարել էր, որ գովազդային նոր ձեւաչափ է գործարկում. այսուհետ խելացի հեռուստացույցներում YouTube հավելվածից օգտվողներին կցուցադրվի 30 վայրկյան տեւողությամբ գովազդային տեսանյութեր՝ առանց դրանք բաց թողնելու հնարավորությամբ։

 




Լրահոս