ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշնանը Երեւանում սպասվում են ավագանու ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ, որը եւս մասնակցելու է ավագանու ընտրություններին

 

-Պարո՛ն Մնացականյան, գիտենք, որ աշնանը Երեւանում տեղի են ունենալու ավագանու  ընտրություններ, եւ Դուք հայտարարել եք, որ մասնակցելու եք այդ ընտրություններին: Նախ՝ որքանո՞վ եք մրցակցային համարում այս ընտրությունները. տպավորություն է, որ հայրենի քաղաքական դաշտում բոլոր քաղաքական ուժերը  հայտ են ներկայացրել՝ մասնակցելու ընտրություններին: Ինչու՞ երեւանցին հենց Ձեզ պիտի ընտրի:

-Շնորհակալ եմ հարցի համար: Հատկապես մրցակցային բառը շատ հետաքրքիր ասոցիացիաներ առաջացրեց, բայց ես չեմ կարող իհարկե պատասխանել կամ հասկանալ ամբողջ քաղաքական դաշտի դերը: Եթե չեմ սխավում, նախորդ օրը լսեցի, որ շուրջ 180 կուսակցություններ կան. իհարկե ամբողջը չեն, ակտիվ մասն է: Ես անկեղծ շատ ուրախ եմ,  եւ ինչքան ակտիվ լինեն ընտրությունները, այնքան կշահի քաղաքը, որովհետեւ ես արդեն սկսել եմ նկատել իմ գործընկերների, իրենց մրցակիցների նախընտրական ծրագրերը: Բոլորն էլ շատ հետաքրքիր են, բոլորն էլ հավակնոտ են, եւ կարեւոր չէ այստեղ այս պահին, թե ընտրություններից 4 ամիս առաջ ստարտային ինչ փուլում են գտնվում, կարեւորը՝ վերջում՝ ընտրության օրը եւ հաջորդ օրերին, ինչ արդյունքներ կգրանցեն: Եւ ինձ էլ շատ հետաքրքիր է, ինքս էլ կցանկանամ իմանալ, թե քաղաքացիները ինչքանով են ուսումնասիրել կամ ինչքան խորքային են հետաքրքրված ու անհանգստացած քաղաքային խնդիրներով ու քաղաքական մարտահրավերներով:

Ես կարծում եմ՝ շատ կուսակցություններ, ցավոք, չունեն քաղաքային պրոբլեմների միջով անցնելու  կամ քաղաքային կառավարման փորձը, որը  պետք կգա մեզ մոտակա ամիսներին, քանի որ մենք պետք է ներկայացնենք երեւանցիներին մեր ծրագրերը: Խոսքն այն ծրագրերի մասին է, որոնք կդարձնեն Երեւանն ավելի ապահով, ավելի հարմարավետ, ավելի գրավիչ, եւ նաեւ հաշվի առնելով աշխարհաքաղաքական խնդիրները՝ ավելի դիմագրավող՝ որպես համայնք: Դա կարող է լինել անվտանգային առումով, պարենային անվտանգության առումով, էլ չասեմ (իհարկե չեմ ուզում վախեցնել մեր բնակիչներին) պատերազմական գործողությունների դեպքում:

-Պարո՛ն Մնացականյան, կխնդրեմ նաեւ ներկայացնեք, թե որ կուսակցության կողմից եք առաջադրվելու, Ձեր նշանաբանը, ովքեր են լինելու Ձեր թիմակիցները: Կուզեմ՝ խոսեք նաեւ Ձեր ծրագրերի մասին. որո՞նք եք այս պահին համարում Երեւանում ամենալուրջ խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում: Քաղաքացիներն, օրինակ, հիմնականում բողոքում են աղբի ու տրանսպորտի խնդիրներից: Սրա լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:

-Կուսակցության առումով կդժվարանամ պատասխանել. մի քանի օրից մենք կհայտարարենք, երբ կունենանք նախարարության գրանցման վերջնական փաստաթուղթը:

Կարծում եմ՝  Երեւանի առջեւ ծառացած ամենամեծ ու վտանգավոր խնդիրներից մեկը  տրանսպորտն է. այն ավելի խորքային խնդիր է, քան աղբի խնդիրը, քանի որ ճիշտ աշխատանքի դեպքում աղբի խնդիրը մեկ ամսում կարելի է վերացնել: Ամենակարեւորն այն է, որը եւ ես տեսնում եմ քաղաքապետարանի աշխատելաոճի մեջ, որ մենք պատկերացում չունենք, թե ինչպես պետք է այս խնդիրը լուծվի, բայց նաեւ չենք հասկանում՝ որն է խնդիրը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի կազմով հանդիպում ենք ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ մեր երկու հանրապետությունների՝ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները։

Խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն կես տարի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների, Ադրբեջանի վարած էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության մասին՝ բարձրացրել եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության հարցը, ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի Կոսովոյի օրինակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը։

Գործընկերներիս ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, դրանց հետեւանքով հայկական կողմից ունեցած զոհերի եւ վիրավորների, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտների, շտապ օգնության մեքենաների թիրախավորման դեպքերը։ Խնդրել եմ հնարավորության դեպքում նպաստել ՀՀ սուվերեն տարածքից դուրս բուֆերային գոտի ստեղծելու ջանքերին՝ ելնելով անվտանգային նկատառումներից։

Հանդիպման վերջում առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն Գասպար Կարապետյանին եւ իր թիմին՝ հայանպաստ լայնածավալ աշխատանքի համար։ «Դուք, Բելգիայում ապրելով, շատ ավելի հայրենանվեր աշխատանք եք իրականացնում, քան որոշ ՀՀ գործիչներ Հայաստանում»,- նշել եմ իմ խոսքում»։

 

 

 

 

 

ԹԵԺ ԿՐՔԵՐ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն ստացավ, որ Արմավիրի 4-րդ դպրոցը փակվում է, եւ ուսուցիչները ակցիա են անցկացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 4-րդ դպրոցի տնօրենի տեղակալ Լիլիթ Եփրեմյանն ասաց, որ դպրոցի ուսուցիչները հենց այս պահին գնում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ բողոքելու:

«Դպրոցը փակվում է այն հիմնավորմամբ, որ երկու ավագ դպրոցներում աշակերտների թիվը գնալով նվազում է, եւ 4-րդ դպրոցը միանում է առաջինին, բայց այս մասին մեզ որեւէ կերպ չեն տեղեկացրել. մենք իմացել ենք համացանցում տարածվող հայտարարություններից: Մեր մտահոգությունը նրանում է, որ փաստացի մեր շենքի ճակատագիրը պարզ չէ: Հիմա գալիս ենք ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի հետ հանդիպելու պահանջով, եւ մեր պահանջն է, որպեսզի նախագիծը հետ կանչվի, քանի որ այն շատ կողմնակալ է: Մեր դպրոցները հավասար պայմաններով չեն միանալու առաջին դպրոցին, որը մեզ համար անընդունելի է», – նշեց նա:

Այսինքն՝ հավասար պայմաններ չեն։ «Այսինքն՝ չեն միավորում երկու դպրոցները հավասար, այլ 4-րդ դպրոցը միանում է առաջինին. ինչո՞ւ մենք չպետք է հավասար պայամաններով միավորվենք: Փոխնախարարը երեկ մեզ ասաց, որ առաջին դպրոցի ուսուցիչները կշարունակեն աշխատել, իսկ մեր պարագայում կլինեն կրճատումներ: Անհասկանալի է, եթե երկու կառույց միանում են իրար, ինչո՞ւ են մեկից կրճատումներ անում, մյուսից՝ ոչ: Ինչպե՞ս է ստացվում, որ միավորումից առաջացած վնասները կրում է միայն մեր դպրոցն ու անձնակազմը»,- նշեց  Լիլիթ Եփրեմյանը:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ Է ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀՅԴ ԳՄ ԿԱԶՄԻՑ

Հունիսի 9-11-ը կայացած ՀՅԴ Հայաստանի 26-րդ գերագույն ժողովի ժամանակ կուսակցությունը թեժ քննարկումների արդյունքում Գերագույն մարմնի նոր կազմ է ընտրել:

Կազմում ընդգրկվել են՝

  1. Թադեւոս Ավետիսյանը,
  2. Լիլիթ Գալստյանը,
  3. Արգիշտի Գեւորգյանը,
  4. Վարդան Հակոբյանը,
  5. Հակոբ Մաթիլյանը
  6. Գեղամ Մանուկյանը,
  7. Պետրոս Մեղրյանը,
  8. Իշխան Սաղաթելյանը,
  9. Իգոր Սարգսյանը,
  10. Աշոտ Սիմոնյանը,
  11. Խաչատուր Ստեփանյանը,
  12. Գերասիմ Վարդանյանը,
  13. Տարոն Տոնոյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սաղաթելյանի թեկնածության շուրջ ՀՅԴ-ականները տարաձայնություններ են ունեցել, դժվարությամբ են կարողացել համաձայնության գալ ու վերընտրել նրան: Մյուս հետաքրքիր փաստն այն է, որ ՀՅԴ ԳՄ նախորդ կազմում, որը ընտրվել էր 2021թ.-ին, կար Արծվիկ Մինասյանը, հիմա, սակայն, նա չկա Գերագույն մարմնի նոր կազմում: Ինչո՞ւ, ո՞րն է խնդիրը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ  զրույցում Արծվիկ Մինասյանը պարզաբանեց. «Ես չեմ ցանկացել ընդգրկվել ՀՅԴ ԳՄ նոր կազմում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»:

 

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՍՈՒՐ ՔՆՆԱԴԱՏԸ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատժվում է իր քաղաքական գործունեության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նշենք, որ իրավապահները ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը խախտելու համար, նաեւ առաջիկայում նրան կալանավորելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան:

«Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենասուր քննադատն է, եւ ամենասուր քննադատն է հայրենիքը հանձնող այն իշխանության նկատմամբ, որոնք անթաքույց ներկայացնում են իրենց ծրագրերը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Թովմասյանի խոսքով՝ այդ քրեական գործը երկար տարիների պատմություն ունի. «Հեղափոխությունից հետո այս գործը սկսվել է քննվել: Տարիներ շարունակ տարբեր առիթներով այս քրեական գործի հիմքերն են փոխվել, փորձ է արվել տարբեր կողմերից մոտենալ գործին, որպեսզի հնարավոր լինի պատժել Աշոտյանին, բայց մինչեւ օրս չի հաջողվել: Ստացվում է, որ այն, ինչը ՀՔԾ-ն չէր կարողանում հիմնավորել, հիմա ՔԿ-ն է որոշել կալանավորել քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանին: Կարծում եմ՝ սա երկար կյանք չի կարող ունենալ, բայց այն, որ մենք կունենանք քաղբանտարկյալ, եւ ժողովրդավար երկրում կլինի քաղբանտարկյալ, դա միանշանակ է»:

 




Լրահոս