ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՍՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 44-օրյա պատերազմը ընթացքում դադարեցնելու հնարավորությունների մասին։ Անդրադառնալով հոկտեմբերին պատերազմը դադարեցնելու հնարավորությանը՝ Փաշինյանը նշեց. «Խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի երկայնքով, այլեւ Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջեւանի հետ: Ես չհամաձայնեցի նաեւ դրան. չհամաձայնեցի, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ: Այսինքն՝ իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ ես կարծում եմ՝ այո՛, ճանապարհները պետք է բացվեն, այո՛, Ադրբեջանի արեւմտյան շրջանները պիտի Նախիջեւանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, եւ դա պետք է լինի ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»: Սակայն այստեղ մեջբերենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»: Այսինքն՝ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում հստակ նշված է ապաշրջափակման մասին, որը պետք է հսկվի ռուսական սահմանապահների կողմից, սակայն Փաշինյանը երեկ եւ նախկինում եւս խոսում է դրա անթույլատրելիության մասին։ Պարզապես հիմա Փաշինյանը եվրոպացիների մոտ ցանկանում է ցույց տալ, թե ռուսների վերահսկողությամբ ճանապարհ չի թուլատրելու, մինչդեռ 2020-ին ստորագրել է դրա տակ։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, նրա մտերիմ դարձած Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել Արցախից՝ «ճեղքելով» շրջափակումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց անձամբ կապ հաստատել Արման Հակոբջանյանի հետ։ Սկզբում զանգահարեցինք նրա Արցախի հեռախոսահամարին, որն անհասանելի էր, այնուհետեւ զանգահարեցինք նրա երեւանյան հեռախոսահամարին. Հակոբջանյանը պատասխանեց այդ հեռախոսահամարին: Նա չցանկացավ մեկնաբանություն տալ, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ: Շատ մարդիկ գտնվել են այս կողմում, բայց ճանապարհը փակվելուց հետո կարողացել են դուրս գալ: Այդ ի՞նչ հարց է, որ տալիս եք: Ես պարտավո՞ր եմ մեկնաբանություն տալ. դա իմ անվտանգության հարցն է »,-ասաց նա: Այսինքն՝ ըստ Հակոբջանյանի՝ Արցախում ապրելն այլեւս անվտանգ չէ: Սա ասում է Արցախում պետական պաշտոն զբաղեցրած անձնավորությունը: Հարցին, թե Արցախից ինչպես է փախչել, դուրս եկել,  վերջինս վրդովված արձագանքեց. «Ես չեմ կարող դրական պատասխան տալ. ինձ ով զանգում, հարցնում է, ես ոչ մեկին չեմ պատասխանում՝ ուր եմ։ Ինչու՞ պետք է ասեմ: Ես ո՞վ եմ, գործարար տղա եմ, ի՞նչ հետաքրքրություն կա՝ ինձ հետ կապված»: Հակոբջանյանն այդպես էլ չհասկացավ, որ Արցախի հաշվին հարստացած, Արցախի գրեթե բոլոր մրցույթներում հաղթած ու միլիոններով գումարներ աշխատած մարդը երբ շրջափակված Արցախից դուրս է գալիս, փախչում է, դա շատ վատ ազդակ է շարքային քաղաքացու համար: Այսինքն՝ էլ ոչինչ չկա՞անելու Արցախում: Իսկ թե ինչով է զբաղված Արման Հակոբջանյանը Երեւանում, կներկայացնենք հաջորդիվ:

 

 

 

 

Աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ հայաստանյան ներքաղաքական դաշտը վերջին շրջանում ակտիվացել է: Տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացրել ավագանու ընտրություններին մասնակցելու համար: Այս առումով առավել ակտիվ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ընտրություններից դեռ 3 ամիս առաջ ողջ ռեսուրսով լծվել է ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:  «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կուսակցության դիլիջանյան քաղաքական ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, եղել է նաեւ ավագանու ընտրությունների  հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ քննարկումների արդյունքում ինչ որոշում են կայացրել, ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին։ «Կարծում եմ՝ ընտրությունների մասնակցության ձեւաչափի մասին դեռ վաղ է խոսելը: Մենք լրացուցիչ հայտարարություն կանենք այդ մասին, ամեն ինչ՝ իր ժամանակին»,-ասաց նա: Հիշեցնենք, որ  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստանի»-ի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չէր բացառել, որ, հնարավոր է, ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցեն ավագանու ընտրություններին: Այս թեմայով քննարկումներ եղե՞լ են արդյոք ՔՊ-ում, հավանական համարո՞ւմ է Խաժակյանի կամ այլ թեկնածուի հետ դաշինքով մասնակցությունը: Հարցերին ի պատասխան՝ Ալեքսանյանը չբացառեց՝ ասելով. «Կրկնում եմ՝ չափազանց  շուտ է այդ թեմայով մեկնաբանություններ անելու համար»: Այսինքն՝ ՔՊ-ն ժողով է արել ու դեռ չի հստակեցրել՝ միայնակ է  մասնակցելու, թե դաշինքով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ է առել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի քննչականում ԱԱԾ-Ի աղմկահարուց բացահայտումից հետո ողջ անձնակազմին ազատել են աշխատանքից, եւ փոփոխություններ են սկսել, ուստի քրեական վարույթների քննությունները, իրավիճակով պայմանավորված, կանգ են առել։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն բացահայտել էր, որ բաժնի քննիչները թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում քննիչներ կալանավորվեցին։

 

 

 




Լրահոս