Ստեղծվել է թափառող շների կացարանների նախագիծ. ինչ է այն ենթադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հաճախ է խոսվում Երևանում թափառող շների հարձակումների մասին: Իսկ ահա երեկ էլ ԵՊԲՀ-ի լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ միայն այս տարվա հունիս ամսին Մուրացան համալսարանական բուժհաստատություն են դիմել 32 երեխա՝ շան կծելու հետևանքով:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ գործուն քայլեր են ձեռնարկվում:

«Մեր կենտրոնը զբաղվում է միայն Երևան համայնքի թափառող շներով և այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքերից քանիսն է տեղի ունեցել Երևանում և քանիսն է տեղի ունեցել մարզերում, թափառող շներն են կծել, թե ընտանի կենդանին, ինչու եմ սա նշում, քանի որ շատ դեպքերում մարդիկ թաքցնում են, թե դեպքը որտեղ է եղել: Խնդրի լուծման համար ընտրվել է հստակ մեխանիզմ, որը գործում է աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում, և որը իր արդյունքը տվել է, դա ստերջացման համալիր ծրագիրն է, որը Երևանում իրականացվում է 2019 թվականից»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` այս տարի ստեղծվել է թափառող շների կացարանների նախագիծ, որը հնարավորություն կտա մեծ քանակությամբ ստերջացված շների ապահովել կացարանով. «Մեկ կացարան արդեն նախագծման փուլում է, և ևս 4 պատրաստվում ենք նախագծել»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտ ամսից Երևանի քաղաքապետարանում գործում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, որը կոչված է զբաղվելու թափառող կենդանիների հարցերով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս