ԱՆԵԾՔ-ԲԱՆԱԴՐԱՆՔ ԿԱՆԻ՞ ԵԿԵՂԵՑԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության առաջին իսկ օրերից ձեռնոց է նետել Եկեղեցուն ու հոգեւորականներին: 2018թ. հեղափոխականների իշխանության օրոք Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի երեւույթ. «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնություն էր ձեւավորվել, որի անդամներն ընդդեմ կաթողիկոսի ակցիաներ էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով նրա հրաժարականը: Իշխանության գալուց մեկ տարի անց Փաշինյանը «սպառնում էր ծնկի բերել եկեղեցականներին»: «Երբ մենք ասում ենք, որ Եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում եւ ասում են՝ սրանք նախկին կառավարության նման չեն, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ: Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան եւ ծնկի կբերվեն` բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով», – հայտարարում էր նա: Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները սրվեցին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պաշտոնապես միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ հորդորելով «հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաեւ հնարավոր բախումներն ու ողբերգական հետեւանքները»։ Այն, որ Մայր Աթոռն ու Փաշինյանի իշխանությունը տարաձայնություններ ունեն, առաջին անգամ հրապարակային խոստովանել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Եկեղեցի-պետություն անջրպետն արդեն թերեւս անդառնալի կետին է հասել. Մայր աթոռը եւ իշխանության ներկայացուցիչներն այլեւս անթաքույց փոխադարձ մեղադրանքներ, քննադատություններ են հնչեցնում, անգամ պետական միջոցառումներին եւ տոներին են իշխանություններն ու Եկեղեցին խուսափում մասնակցել: Ի դեպ, Եկեղեցին, իր կանոնադրության համաձայն, կարող է անիծել, բանադրել (հեռացնել Եկեղեցու շարքերից) անհավատներին, Եկեղեցու դեմ դուրս եկած անձանց: «Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից  հետաքրքրվեց՝ հնարավոր է արդյոք այս իրավիճակում Եկեղեցին կիրառի այս գործիքը Նիկոլ Փաշինյանի դեմ, որքանով է կիրառելի բանադրումը հիմա: «Նախ՝ բանադրանքի գործիքն արդեն 200 տարուց ավել է՝ Եկեղեցին չի կիրառում: Բանադրանքն արժեք ունի նրա դեպքում, ում համար Եկեղեցին հոգեւոր իշխանություն է համարվում: Եթե Եկեղեցին նրանց համար հոգեւոր իշխանություն չէ, բանադրանքն ի՞նչ պետք է փոխի. Դուք շատ գերագնահատում եք բանադրանքի դերը: Հիմա եթե Եկեղեցին բանադրանք կիրառեց, դա ի՞նչ է փոխելու. անարդյունավետ ու ոչ կիրառելի գործիք է դա այս դեպքում: Բանադրանքը կարող է սթափեցնել միայն այն մարդուն, որը հաղորդության մեջ է Եկեղեցու հետ ու բանադրելու դեպքում կզրկվի հաղորդությունից: Այս մարդիկ ոչ էլ հաղորդության մեջ են Եկեղեցու հետ, ինչի՞ց պետք է զրկվեն: Բանադրանքը հավատացյալի համար է խնդիր, անհավատի համար ի՞նչ խնդիր է»,- բացատրեց Սրբազանը: Այսպիսով, Եկեղեցին թերեւս անիմաստ է համարում անիծել-բանադրելը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

 

 

 

 

 

«Քաղաքացիական պայմանագրի» դիլիջանյան ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում. իշխանականները դեռ շարունակում են հաշիվ մաքրել միմյանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախորդ շաբաթ ՔՊ-ի դիլիջանյան քեֆն ավարտվել էր ծեծկռտուքով. ՔՊ-ականները ծեծել էին Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանին, որը անցել ու ոմանց չէր բարեւել: Հիմնական հավաքվածները եղել էին ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել էր Մաթեւոսյանին, թե՝ որ անցնում ես, ինչի՞ չես բարեւում: Մաթեւոսյանն էլ հայտարարել էր, թե չի ուզում, չի բարեւում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել էին վիճաբանել, քաշքշել իրար ու ծեծել: Պարզվում է՝ այս միջադեպից հետո իշխանականները դեռ չեն հանդարտվում, պարբերաբար հանդիպում են իրար հետ, շարունակում «ռազբորկան»: Նախ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը համարվում է Վայքի համայնքապետի հովանավորը, որոշել էր հաշիվներ պարզել Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանի հետ: Սա էլ դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ հանդիպել են մարզպետների հետ: Կռվի սիրահար ՔՊ-ականները հասկացել են, որ բարկացրել են Նիկոլ Փաշինյանին, ու որոշել են հանդիպել, մի վերջին անգամ զրուցել, ծեծկռտուքի թեման փակել,  որպեսզի կրքերը չբորբոքվեն, ու Փաշինյանին չբարկացնեն: Արդյոք ՔՊ-ականները կհանդարտվեն, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ թավշյա հեղափոխականներն իրենց կրիմինալ վարքուբարքով չեն զիջում անգամ նախկիններին, դա փաստ է:

 

 

 

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ կառավարության անդամները գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն, եւ այն հրապպարակվի Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման e-gov.am համակարգում։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ոչ բոլոր հաշվետվություններն են ներկայացվում կամ հրապարակվում։ Օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-14-ը գործուղվել է Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը մասնակցելու նպատակով։ Այս գործուղման հաշվետվությունը դեռ տեղադրված չէ։ Նույնկերպ հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի հունիսի 5-9-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն էր գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, սակայն այս գործուղման վերաբերյալ եւս հաշվետվություն տեղադրված չէ կայքում։ Տեղեկություն առկա չէ նաեւ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի՝ հունիսի 4-8-ը ներառյալ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման մասին։ Այս երեւույթը երկու պատճառ կարող է ունենալ. կա՛մ պաշտոնյաները դրանք չեն ներկայացնում ճիշտ ժամանակին, կա՛մ կայքում այն չի տեղադրվում։ Ու սա անում է այն իշխանությունը, որ օրուգիշեր խոսում էր իշխանությունների թափանցիկության մասին:

 

 

 

 

Ամիսներ առաջ ԱԳՆ մեր աղբյուրները փոխանցել էին, որ դեսպանի պաշտոնի է նշանակվելու Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ գործարար Միսակ Բալասանյանը։ Համաձայն ամիսներ առաջ մամուլում շրջանառված լուրերի՝ Միսակ Բալասանյանը ցանկանում էր դառնալ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս, սակայն գործը գլուխ չի եկել, քանի որ Բալասանյանը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ, շրջանառվող լուրերի համաձայն, բիզնեսներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, ավելին՝ հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի։ Չստացվեց ԱՄՆ-ն, հիմա էլ փորձում են վերջինիս դեսպան նշանակել Իրաքում, ու, ըստ հրապարակումների, արդեն ուղարկվել է համապատասխան ագրեմանը։ Դժվար է հասկանալ, թե շահագրգռող  ինչ հանգամանք կա, որ ԱԳ նախարարը փորձում է Միսակին դարձնել դեսպան, ու թե Միսակին ինչը կարող է գրավել տվյալ երկրում, հատկապես որ երկիրը հեղինակավոր երկրների շարքում չէ, ավելին՝ անվտանգության առումով այնքան էլ ապահով չէ։  Վերջին օրերին մամուլում նաեւ տարածվեցին լուրեր, թե  պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին։ Այս ամենում անհասկանալի է մնում այն, թե ԱՄՆ դեսպանի գլխավոր հյուպատոսի առաջարկ ստացած Միսակ Բալասանյանը, որը բիզնեսներ ունի ՌԴ-ում, հիմա ինչո՞ւ պետք է համաձայնի Իրաքի դեսպանի պաշտոնին. իսկ գուցե բիզնեսների ընդլայնման  հարթակն է այնտեղ լավը եւ գրավիչ։ Այս ամենի մասով մենք կփորձենք կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ Միսակ Բալասանյանից: Հիշեցնենք, որ արդեն հրապարակել էինք շրջանառված տեղեկություններ այն մասին, որ Գյումրու ապագա քաղաքապետ դառնալու է Աննա Հակոբյանի ազգական, 28-ամյա փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։

 




Լրահոս