Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի հայրենակիցներ
Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է: Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ:
Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը: Այն արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները:
Դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։
Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»:Հատկանշական է , որ այն մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։
Ասել է թե վաղ ժամանակներից է գիտակցվել պետության ամրապնդման գործում Սահմանդրության կարևորությունը՝ երկրի ներքին կյանքի կանոնակարգման ու արտաքին հարաբերությունների հաստատաման տեսանկյունից:
Հայաստանի մերօրյա Սահմանադրությունը ստեղծվել է անկախության վերականգնմամբ ,այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։
Այդ օրվանից հուլիսի 5-ը դարձավ պետական տոն,քանզի ընդունված փաստաթուղթը ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:
Ուզում եմ կրկին շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին այդ տոն օրվա կապակցությամբ ու հորդորել հավատարիմ մնալ երկրի հիմնական օրենքի դրույթներին:
Տեր կանգնեք Սահմանադրությամբ նախանշված ձեր իրավունքներին,կատարեք Սահմանադրությամբ նախանշված պարտավորությունները: Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն:Դա կարևոր է հատկապես այս բարդ ժամանակներում,երբ վտանգված են հայկական պետականության հիմքերը,քաղաքացու՝ իր հողում ազատ ապրելու իրավունքը :
Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ կարևորեցեք այդ ամենը ու պայքարեք մեր ու ձեր իրավունքների համար»։