ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ժողովրդավար ու խաղաղասեր ազգաբնակչությունն այսօր ենթարկվում է ավտորիտար ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների եւ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջեւ. այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է ուժ, սպառնալիքներ գործադրել եւ ահաբեկչություն իրականացնել՝ նպատակ ունենալով արտաքսել կամ բնաջնջել Արցախի քաղաքացիներին եւ առանց հետեւանքների վերահսկողություն հաստատել հայկական տարածքների վրա։ Շուրջ յոթ ամիս Արցախի ժողովուրդն ապրում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, ինչը միջազգային իրավունքի եւ հրադադարի մասին 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,- ասել է կոնգրեսական Շիֆը։

Նրա դիտարկմամբ՝ Արցախն օգտագործվել է որպես սակարկության առարկա բանակցային գործընթացում՝ առանց որեւէ ներկայացվածության, ինչը հակասում է ԱՄՆ-ի դավանած արժեքներին եւ միջազգային իրավունքին։ Կոնգրեսականը վկայակոչել է ՄԱԿ-ի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»։ Շիֆը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով միակամ հռչակեց իր անկախությունը եւ այդ քայլը համահունչ էր միջազգային իրավունքի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կողմից 1970 թվականին վավերացված պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների ու համագործակցության դաշնագրի դրույթներին։

Ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի կառավարությունը շարունակում է բարձրաձայնել միջազգայնորեն ճանաչված ձեւաչափով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցային գործընթացում ներգրավվելու իր ցանկության մասին՝ որպես իրավահավասար կողմ, ինչն, ըստ կոնգրեսական Շիֆի, պետք է լինի անվտանգության, ինքնորոշման իրավունքի հարցում միջազգային երաշխիքների առկայության եւ բանակցող կողմերի պարտավորությունների կատարման պայմաններում։

«Արցախում ապրող 120.000 հայերի անվտանգությունն ու իրավունքները չեն կարող երաշխավորվել Իլհամ Ալիեւի ավտորիտար իշխանության կողմից, որը տարիներ շարունակ կազմակերպել է բազմաթիվ վայրագություններ արցախահայերի նկատմամբ, ներառյալ Շուշիի եւ Հադրութի հազարավոր հայերի էթնիկ զտումները 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ադրբեջանցիներն իրականացրել են նաեւ հայ ռազմագերիների խոշտանգումներ ու սպանություններ, ոչնչացրել են Արցախում հայկական կրոնական եւ մշակութային արժեքները»,- նշել է Շիֆը։

Կոնգրեսականի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Արցախի ժողովրդին ու կանգնել նրա կողքին՝ հասնելու այն ճանաչմանը, որին արցախահայությունն արժանի է՝ ի թիվս այլ ժողովուրդների։ ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության համար՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները,

«ԱՄՆ-ն պետք է կոչ անի Ադրբեջանին անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատժամիջոցների եւ օգնության դադարեցման միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, պետք է ապահովի Արցախի ժողովրդի պաշտպանությունն ու ինքնորոշման իրավունքը, առավել եւս, որ արցախահայությունը հայտարարել է, որ չի հրաժարվի անկախության իր իրավունքից եւ արժանապատիվ, խաղաղ կյանքով ապրելու նպատակադրությունից»,- եզրակացրել է կոնգրեսական Շիֆը։

 

 

 

 

ՊԱՀՊԱՆԵԼ ԱՐՑԱԽԸ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ

Էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու նպատակով Ադրբեջանը  շարունակում է ճնշումներն Արցախի բնակչության նկատմամբ. այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

Նա ընդգծել է, որ դրանք աստիճանաբար խորանում են՝ ստանալով տարբեր դրսեւորումներ:

«Արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախն ապրում է լիակատար շրջափակման պայմաններում: Այստեղ մենք չենք ստանում ո՛չ դեղորայք, ո՛չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո՛չ սնունդ: Կենսական բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը եւս խափանված է: Դեռ հունվարի 9-ից ադրբեջանական կողմի միջամտությամբ կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ընդհատված է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, վառելիքի բացակայության պայմաններում գրեթե անհնար է դարձել շրջաններից դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ եւ հակառակը տեղաշարժը:

Այս անելանելի թվացող իրավիճակում ուզում եմ խոսել մի փոքր ծրագրի մասին, որը  ջերմացնում է: «Մենք ենք մեր սարերը» գործակալությունն Արցախում սկսել է նոր ծրագիր, որի շրջանակում  Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներում եւ առողջապահական հաստատություններում արեւային ջրատաքացուցիչներ են տեղադրվելու: Սա նշանակում է, որ, անկախ հոսանքազրկումից ու գազազրկումից, այս կարեւոր սոցիալական հաստատություններն ունենալու են տաք ջուր այլընտրանքային եղանակով՝ արեւային էներգիայի շնորհիվ: Սա եւս այն ծրագրերի թվում է, որի «գաղափարի հեղինակը» շրջափակումն է եղել: Փոքրամասշտաբ ծրագիր է, բայց  չեզոքացնում է ադրբեջանական կողմի ջանքերի ազդեցությունը առնվազն 70 հաստատության համար:

Այս օրինակը բերելով՝ ուզում եմ ասել, որ կարող ենք: Կարող ենք դիմակայել, կարող ենք պահպանել Արցախը, եթե գործենք խելացի, գտնելով ոչ ստանդարտ, «այլընտրանքային» լուծումներ, ոչ համաչափ, բայց ուժեղ պատասխաններ, որոնք հակառակորդին ստիպելու են հաշվի նստել մեզ հետ: Ամեն ինչ մեր ձեռքերում է», – գրել է նա։

 

 

 

 

ԳՇ ՊԵՏԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

 

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։

ՊՆ-ից հայտնում են, որ համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մի շարք այլ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։

ԳՇ պետը նույն ձեւաչափով հանդիպել է նաեւ Եվրոպայում ՑԶ հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ:

 

 

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԼԵՀԱՍՏԱՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի 3-6-ը կգործուղվի Լեհաստան՝ Վարշավա:

Պատվիրակության կազմում կլինեն՝

  1. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը,
  2. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը,
  3. ԱԺ ՔՊ խմբակցութան պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը,
  4. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը,
  5. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:

Պատվիրակության կազմում կլինեն նաեւ ԱԺ աշխատակիցներ:

Պատվիարկության գործուղման ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկը եւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ




Լրահոս