ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սերժ Սարգսյանը 2017-ի նոյեմբերին հարցազրույցում հայտարարել է, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել թողնել բոլոր 7 շրջանները, բայց Արդբեջանն ամեն անգամ նոր պահանջներ էր առաջ քաշում. այսինքն՝ ո՞րն է նոր պահանջը. դա այն է, որ պահանջում են Ղարաբաղը ներառյալ»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Եթե մենք 7 շրջանները եւ Ղարաբաղը տայինք, ես վստահ չեմ, որ դա մեզ շանս չէր տա պատերազմից խուսափելու»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակին՝ Փաշինյանն ասաց. «Բանակի հետ կապված, ըստ էության, հետեւյալն է արվել. արդյոք մարտունակության վիճակի մասին եղե՞լ են քննարկումներ: Այո՛, եղել են, եւ ես մինչեւ ներառյալ 2020-ի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ, իհարկե, շատ դժվար է լինելու, բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարելու է: Սա արձանագրում չէ, որ ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018-ին ես որդեգրել եմ «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը: Արդեն 2019-ին էականորեն բարձրացել են բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումներ: Շատ է խոսվում այն մասին, որ իմ՝ վարչապետ դառնալուց հետո սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռք բերման պլանները փոխվել են, ձեւախեղվել են: Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել: Բացառված է, որ որեւէ մեկը հիշի դեպք, որ բանակը կառավարությն առջեւ դրել է խնդիր, եւ դա չի լուծվել այն պատճառով, որ փող չկա: Բայց շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չի կապված»: ՀՀ վարչապետը նաեւ հայտարարեց, որ իր վարչապետ դառնալուց հետո արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարց չի քննարկվել: «Ընդհակառակը, մեր ընկալումը եղել է այն, որ նման փոփոխությունը կարող է ծանր հետեւանքներ ունենալ հենց ԼՂ հակամարտության համատեքստում»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 26-ին  Ազգային ժողովում  հայտարարել է, որ 12 տարի առաջ ուսուցիչների համար օրենքով սահմանվել է պահանջ, որպեսզի վերջիններն ունենան պարտադիր բարձրագույն կրթություն, ու  նրանց  տրվել է  ժամանակ՝ այն ձեռք բերելու համար: Հանրակրթության համակարգում դեռեւս կան 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն. նրանք, օգոստոսի 20-ից սկսած, այլեւս չեն կարողանալու աշխատել դպրոցներում: Նախարարն ասել  է, որ  այդ ուսուցիչներին իրենք   հնարավորություն են ընձեռել մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին. եթե հավաքեն 60 տոկոս եւ ավելի միավոր, կտրվի հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու։ Եթե բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին օգոստոսի 20-ից ազատեն աշխատանքից, Տավուշի մարզի դպրոցներում գոյություն ունեցող  ուսուցիչների պակասն ավելի է սրվելու։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում ընդհանուր առմամբ աշխատում են 1830 ուսուցիչ եւ ուսուցչի օգնական։ Նրանցից 1722-ն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն, 173-ը՝ բարձրագույն ոչ մանկավարժական կրթություն, 113-ը՝ միջին մասնագիտական կրթություն։ Մարզի հանրակրթական դպրոցներում առկա է ուսուցչի 27 թափուր հաստիք՝ տարբեր  առարկաների գծով: Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցների 113 ուսուցիչ  աշխատանքից  ազատելու դեպքում ո՞վ է փոխարինելու այդ ուսուցիչներին, ո՞վ է մեկնելու մարզի հեռավոր, սահմանամերձ  գյուղեր, ցածր աշխատավարձով ուսուցչությամբ զբաղվելու։ Մանկավարժական բուհերի, համալսարանների տավուշցի շրջանավարտների մեծամասնությունը ուսումնառությունից հետո  Տավուշ չի վերադառանում, գերադասում է  ոչ մանկավարժական աշխատանք գտնել Երեւանում՝ մայրաքաղաքի հետ կապելով իր ճակատագիրը։ Տավուշի մարզի դպրոցներում քիչ են տղամարդ ուսուցիչները, միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների մի մասը տղամարդիկ են, նոր ուսումնական տարվա նախաշեմին նրանց աշխատանքից ազատելու դեպքում մարզի հանրակրթական դպրոցներում  ավելի է նվազելու տղամարդ մանկավարժների թիվը: Նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները 12 տարի ժամանակ են ունեցել բարձրագույն կրթություն ձեռք բերելու համար։ Մինչդեռ ուսուցչի ցածր աշխատավարձով  յոլա գնացող, հեռավոր, սահմանամերձ Տավուշի  մարզի բնակիչ մանկավարժների մեծամասնությունը, կքած ընտանեկան հոգսերի տակ, բավարար ֆինանսներ  եւ ժամանակ չեն ունեցել  թեկուզ հեռակա կարգով բարձրագույն կրթություն ստանալու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս