ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի եւ Արցախի սահմաններին ստեղծված լարված իրավիճակի, ԱԺ՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ զրուցել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ:

 

-Պարո՛ն Խաչատրյան, զրույցը սկսենք ամենաառաջնային հարցերից. տեսնում ենք, որ Հայաստանի եւ Արցախի սահմաններին իրավիճակը գերլարված է, ամեն օր կրակոցներ են, ինչն էլ իր հերթին, ցավոք սրտի, պատճառ է դառնում նոր զոհերի ու տարածքային կորուստների: Ի՞նչ կասեք այս մասին: Ինչու՞ այս իրավիճակին հասանք: Ինչու՞ է հակառակորդը օր օրի ավելի լկտիանում եւ նման քայլերի դիմում:

-Այն, ինչ ուզել է հակառակորդը, երբեք էլ գաղտնիք չի եղել: Հակառակորդը ձգտել է, որ Արցախը չունենա ինքնիշխանություն, լինի իր կազմում որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի  բաղկացուցիչ մաս, ցամաքային կապ հաստատելու միջոց: Այսօր իրենք ունեն դրա մեծ հնարավորությունը: Ի՞նչ առումով: Գնահատելով իրավիճակը՝ իրենց բանակի, հնարավորությունների, հզորության, վարած հաջող դիվանագիտական քաղաքականության շնորհիվ  հայտնվել են թելադրողի կարգավիճակում, եւ այն, ինչը որ իրենց ծրագրերում կա, փորձում են իրականություն դարձնել՝ անտեսելով ոչ միայն միջազգային հանրության պահանջները, այլեւ ընդհանրապես համամարդկային հումանիտար պահանջի հետ կապված խնդիրները, մեղմ ասած՝ թքած ունենալով այդ ամեն ինչի վրա: Եվ այդ ամենը, իմ պատկերացմամբ, ստեղծվել է զուտ նրա արդյունքում կամ հետեւանքով, որ մեր իշխանությունները իրենց ոչ ճիշտ դիվանագիտական մոտեցումներով, ներքին խնդիրների ոչ պատշաճ լուծումներով բերել են այնպիսի վիճակի, որ ժողովուրդը իր ինքնության, իր իրավունքների համար պայքարելու կամքից հրաժարվել է: Այստեղ պետք է ընդամենը հասկանալ, որ դա մերօրյա իշխանության վարած թույլ, անհետեւողական կամ ցածր մակարդակի քաղաքականության արդյունք է: Մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունենալ, բնականաբար, չի կարելի:

-Չնայած սահմանային լարված այս իրավիճակին՝ Հայաստանի իշխանություններն ասում են, որ իրենց չխանգարեն, որովհետեւ իրենք գնում են խաղաղության օրակարգով: Ի՞նչ գին են վճարում Հայաստանը եւ Արցախը խաղաղության այդ օրակարգի համար:

-Այդ հայտարարությունը իրենք շուրջ երեք տարի է՝ անում են: Ցավալին այն է, որ որեւէ տեսանելի բան չկա: Ինչ-որ բան, որը մեզ տալու է այդ խաղաղությունը,  եւ դրա արդյունքում մենք ունենալու ենք հանգիստ, ստեղծագործ, բարգավաճելու համար գործուն միջավայր, չկա: Բոլորն էլ տեսնում են, որ այսօր մենք այդ եզրույթ կոչվածը, որը գցել են հասարակության մեջ՝ ուղեղները եւ մտածողությունը սահմանափակելու համար, չի  գործում:

Ի՞նչ գին ենք վճարում՝ ամենօրյա զոհեր, կորուստներ, նսեմացված կարգավիճակ, ստորաքարշ կամ ստրուկի կյանք. սա է մեր վճարած գինը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Ազգային ժողովում հյուրընկալեցի Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պրն Մարիանո Վերգարային, Լրատվական եւ քաղաքական բաժնի համակարգող Մարինե Վարդանյանին։

Մարդու իրավունքների վերաբերյալ մեր քննարկման ընթացքում դեսպանը հայտնեց, որ իրենց համար մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է։

Այս համատեքստում գործընկերներիս հրատապ կերպով ներկայացրի Արցախում եւ Հայաստանում առկա անվտանգային իրավիճակը, որը սերտ առնչություն ունի մարդու իրավունքների հետ, եւ նշեցի, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ, որի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

Գործընկերոջս ներկայացրի Հայաստանում ժողովրդավարության սպառնալիքները, դատական համակարգում առկա խնդիրները եւ նշեցի, որ մեր երկրում դատական համակարգի անկախությունը վտանգված է։

Դեսպանը տեղեկացրեց, որ Արգենտինան մարդու իրավունքների՝ ներառյալ կանանց իրավունքների, ժողովրդավարական արժեքների պաշտպանության լայն օրակարգ ունի, ուստի արտահայտեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության։

 

 

 

 

ԵՄ-Ն ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն արդեն երկար ժամանակ է՝ գտնվում է Ադրբեջանական ուժերի կրակոցների, հրետակոծության տակ: Սյունքիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի մարզերում գրեթե ամեն օր կրակոցներ են: ՀՀ քաղաքացիները ենթարկվում են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, քանի որ այդ կրակոցները խաթարում են նրանց առօրյան, աշխատանքը, իսկ երեխաները հաճախ զրկվում են իրենց կրթության իրավունքից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Հայաստանում ԵՄ գրասենյակ՝ հասկանալու համար, թե ինչ-որ քայլեր ձեռնարկվում են արդյոք իրավիճակը հանգուցալուծելու համար: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գրասենյակից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Մենք լիովին հասկանում ենք հայ ժողովրդի մտահոգությունները եւ այդ տեղեկությունները փոխանցում ենք Բրյուսել, որտեղ ակտիվ աշխատում ենք՝ ձգտելով հասնելու լարվածության թուլացմանը, կոչ ենք անում գնալ դեէսկալացիայի եւ աշխատել համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Աշխատանքը ներառում է այնպիսի հարցեր, որոնք վերաբերելի են բռնության ռիսկի նվազեցմանը, այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը եւ սահմանազատումը: Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը եւ ամենօրյա աշխատանքը Եվրոպական միությանը հնարավորություն է ընձեռում տեղից ավելի լավ պատկերացում կազմել «հողի վրա» տիրող իրավիճակի մասին, ինչպես նաեւ տեսնել տեղի բնակչության համար դրա հետեւանքները:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՇԵՆՔԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

Այսօր՝ հունիսի 30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերջին օրն է: Գերատեսչությունը հուլիսից կգործի Ներքին գործերի նախարարության կազմում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս ամենի հետեւանքով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը եւ նախարարության շուրջ 280 աշխատակից կմնան առանց աշխատանքի. նրանց ճակատագիրն անորոշ է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԻ նախարարության՝ Դավիթաշեն 4 թաղամասի հասցեում գտնվող մեծ շենքը կռվախնձոր է դարձել իրավապահ համակարգի վերին օղակներում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ համակարգում թեժ պայքար է սկսվել այս շենքի համար, ուժային կառույներն ամեն ինչ անում են, որ այս մեծ շենքն իրենց բաժին հասնի, իրենց աշխատատեղն այդտեղ տեղափոխվի:

Հիշեցնենք, որ նախարարության գործող շենքը վերակառուցել է ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանը 2012թ.-ին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ շենքի համար պայքարում է մասնավորապես ԱԱԾ-ն: Այս պահին երկու տարբերակ է քննարկվում. հնարավոր է, որ ԱԱԾ վերնախավը շարունակի մնալ Նալբանդյան հասցեում, իսկ մյուս աշխատակիցներն այնտեղից տեղափոխվեն Դավիթաշեն՝ ԱԻՆ շենք:

Մյուս կողմից՝ քանի որ թեժ պայքար է գնում շենքի համար, չի բացառվում, որ ԱԱԾ ղեկավարությունը հենց տեղափոխվի այնտեղ, քանի որ այն բավականին ընդարձակ է եւ հարմարավետ: ԱԻՆ շենքի ճակատագիրն այս պահի դրությամբ դեռ անորոշ է: Հնարավոր է՝ այս հարցն ընդգրկված լինի կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

«ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ» ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ

Երկարակյաց պաշտոնյա Արմեն Ղուլարյանի գլխավորած Քաղաքաշինության կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա։ Օրինակ՝ 2022 թվականին կոմիտեին հատկացվել է 15 մլրդ 903 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 14 մլրդ 313 մլն դրամ, կատարողականը կազմել է 90 տոկոս։ Օրինակ՝ 117,5 մլն դրամ հատկացվել է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման եւ տեղայնացման ծախսերի համար, ինչն իրականացվել է 100 տոկոսով: Մշակվել է 19 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Միայն կոմիտեի պահպանման ծախսերի համար հատկացվել է 592,5 մլն դրամ, որն օգտագործվել է 99 տոկոսով: Այսինքն՝ այս կառույցը տարեկան 15 մլրդ է ստանում ու հիմնականում փաստաթղթեր մշակում, այնինչ մայրաքաղաքի ու մեծ հաշվով երկրի քաղաքաշինության ոլորտը բարձիթողի է:




Լրահոս