ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հերթական նիստի ժամանակ՝ նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Փաշինյանը խոսել է հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Մարտունու եւ Մարտակերտի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային եւ անօդաչու ավիացիայի հարվածների մասին, որի հետեւանքով զոհվել են չորս զինծառայողներ, ինչպես նաեւ ներկայացրել Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւի մանրամասները:

 

«Կառավարության նիստի հարգելի՛ մասնակիցներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում հունիսի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանային եւ անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Մարտունու եւ Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով պաշտպանության բանակի չորս զինծառայող է զոհվել: Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին եւ ընկերներին՝ պիտի ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե, իբր, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական լրատվության հրապարակումների մտացածին լինելը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից հետեւողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու եւ Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հետեւողական քաղաքականություն է վարում, այսինքն՝ ըստ էության, այն քաղաքականությունը, որի վերաբերյալ մենք երկար ժամանակ ահազանգում ենք: Ադրբեջանի գործելակերպն ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաեւ միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված 2256 բանաձեւն է: Այդ բանաձեւի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է. «Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական եւ սպառնալից հռետորաբանությունից եւ կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ հանրային եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»:

Նույն բանաձեւի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է. «Ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իր տներն ու համայնքները: Այս համատեքստում Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության խնդիրները, Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության, ինչպես նաեւ խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք միջազգային ներգրավվածության միջոցով»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել է Լեռնային Ղարաբաղին մատակարարվող բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակման փաստը, Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները եւ կատարել Լաչինի միջանցքն ապարգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Կարեւոր է արձանագրել, որ ԵԽԽՎ բանաձեւի կապակցությամբ ընդունված հանձնարարականում նույն մարմնի կողմից Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես հումանիտար եւ մարդու իրավունքների ճգնաժամ, եւ Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի ուշադրությունն է հրավիրում այդ ճգնաժամի վրա՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն կազմակերպելու անհրաժեշտությունը:

 

 

 

 

ԵԺԿ-Ն՝ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ.

«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի՝ քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին եւ իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը եւ անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին»:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻՑ ԵՐԵՎԱՆ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Հունիսի 29-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 12 բուժառու ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահության նախարարությունից Ժողովուրդ օրաթերթին հայտնում են, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուներ՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արեւիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 29 երեխա, 2-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 79 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

 

ԽՈՒՃԱՊԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ

«ԱՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման եւ մնացածի համար սղության առաջացման:

Ուստի, քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների, քանի որ ալյուրի ծավալի խնդիր չկա, եւ որոշակի ծավալով ու պարբերականությամբ կառավարության կողմից մատակարարվում է բոլոր փռերին: Դրան զուգահեռ պետական լիազոր մարմինն աշխատում է փռերի հետ՝ կանխելու դրանցից որոշների անբարեխիղճ վարքը՝ նախատեսվածից ավելի ալյուր ստանալու կամ հացեղեն վաճառելու տեսքով»:

 

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՐԺԵՑ

Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ մերժել է Նաիրի Հունանյանի եղբորը՝ դատապարտյալ Կարեն Հունանյանին ներում շնորհելու խնդրագիրը: Հիշեցնենք, որ Հունանյանը հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվել է ցմահ ազատազրկման:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱԺ-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին մասնակցել է Ազգային ժողովի նիստին, որի օրակարգում  ներառված էր ԱՀ նախագահի 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ 2023 թվականի միջոցառումների ծրագրի մասին հարցը:

Արցախի նախագահի աշխատակազմից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերում էին իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ Արցախի շրջափակման դիմակայման քայլերին:




Լրահոս