ՊՐԻԳՈԺԻՆԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանը պարտավոր չէ որեւիցե մեկին որեւէ բան բացատրել խռովության փորձի եւ երկրում գործընթացների վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ»,- լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 

«Գիտեք, մենք պարտավոր չենք որեւիցե մեկին որեւէ բան բացատրել, ինչ-որ հավաստիացումներ տալ, մենք գործում ենք թափանցիկ, նախագահը  խոսել է այս թեմայով, մեր երկրի բոլոր քաղաքական ուժերը խոսել են այս թեմայով։ Եթե Արեւմուտքում որեւէ մեկն ինչ-որ կասկածներ ունի, դրանք ձեր խնդիրներն են»,- ասուլիսում ասել է նախարարը՝ պատասխանելով արեւմտյան լրագրողի հարցին՝ կայուն է արդյոք Ռուաստանում իրավիճակը՝ վերջերս կատարված խռովության փորձի ֆոնին։

«Ռուսաստանը միշտ ցանկացած անախորժությունից (իսկ սա այլ կերպ, քան անախորժություն, դժվար է անվանել) դուրս է եկել ավելի դիմացկուն, ավելի ուժեղ »,- հավելել է Լավրովը։

Հիշեցնենք, որ ռուս ձեռնարկատեր, «Կոնկորդ» ընկերությունների խմբի սեփականատեր, նախկին բանտարկյալ, «կրեմլյան խոհարար», նախագահի մտերիմ, մեդիա կայսրության հիմնադիր եւ Ռուսաստանի ամենահայտնի դեմքերից «Վագներ» ՊՄԿ-ի հիմնադիր, իսկ այժմ  զինված ապստամբություն կազմակերպելու համար քրեական գործով մեղադրյալ Եվգենիյ Պրիգոժինը հունիսի 23-ին հանդես էր եկել տարբեր հայտարարություններով՝ մեղադրելով ՊՆ նախարարին նախագահին խաբելու մեջ,  ասելով, որ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել նրա եւ գլխավոր շտաբի պետի դեմ։

Արդեն երեկոյան ՄՌԿ «Վագներ»-ի ղեկավարը հայտարարեց, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել, եւ իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրեց  ՌԴ ՊՆ-ին եւ ասաց, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»: ՌԴ ՊՆ-ն հերքեց  հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ հարուցեց զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։

Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարեց, որ  ընդունում է Բելառուսի նախագահի առաջարկը Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու եւ դեէսկալացիայի հետագա քայլերի վերաբերյալ:

Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի:

Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարեց, որ  ընդունում է Բելառուսի նախագահի առաջարկը Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու եւ դեէսկալացիայի հետագա քայլերի վերաբերյալ:

Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի:

Չնայած այս պայմանավորվածությանը՝ «Կոմերսանտը», վկայակոչելուվ իր աղբյուրներին, հայտնեց, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունը զբաղվում է զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործով:

Ռուսաստանում «Վագների» զինված ապստամբության փորձից հետո առաջին անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնվեց  տեսախցիկների առջեւ: Նա աշխատանքային այց  կատարեց ռազմական գործողությունների գոտում կռվող Արեւմտյան զորքերի խմբավորման կառավարման կետերից մեկը՝ ստուգելով ռուսական ուժերի պատրաստվածության մակարդակը:

Շոյգուն հանձնարարել էր շարունակել հետախուզական գործողությունները՝ բացահայտելու հակառակորդի ծրագրերը, ինչպես նաեւ աջակցել պատերազմում ներգրավված զորքերին եւ պայմաններ ստեղծել նրանց անվտանգ տեղակայման համար։

 

 

 

 

ՆՈՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծով առաջարկվում է կանոնակարգել ձմերուկի եւ սեխի վաճառքը։

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կարգելվի ձմերուկը եւ սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։ Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ձմերուկի եւ սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող է ներթափանցել միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ պայմանական ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ եւ պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների:

 

 

 

ԿԱՆԱԴԱՑԻՆԵՐԸ՝ ՄԻՋԱՆՑՔԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉՈՎ

Կանադա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի համանախագահներ, կանադացի սենատորներ Ռեյչել Թոմասը եւ Լեո Հուսակոսը հայտարարություն են հրապարակել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 200-րդ օրվա հետ:

«Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական ուժերը շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Շրջափակումն առաջացրել է լուրջ մարդասիրական հետեւանքներ: 2020-ից հետո Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ հայտնվել է ճգնաժամի մեջ: Սննդի սուր պակասը, վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումների խափանումները արտաքին աշխարհի հետ կապի խզման հետ ավելի են խորացրել ճգնաժամը:

Շարունակվող շրջափակումը խոչընդոտում է բանակցությունների անցկացումը: Մենք կոչ ենք անում խաղաղ ճանապարհով վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

 

 

 

ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է  Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարեւորել է Իտալիայի հետ համագործակցության եւ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ երկարատեւ բարեկամության վրա: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերոջը հրավերն ընդունելու եւ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար:

 

 

 

 

 

ԱԽ ՆԻՍՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաեւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:

 

 

 

«ԷՄԱԼԵ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ»

Խորհրդարանում հունիսի 13-ին բացվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «Էմալե հավերժություն» խորագրով ցուցահանդեսը: ԱԺ դահլիճ մտնող հատվածում ցուցադրված են պատգամավորի ձեռքով նկարած էմալե գեղեցիկ նկարներ: Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անձամբ շրջայց էր կատարել ԱԺ-ում՝ ուսումնասիրելով պատգամավորի նկարները: ԱԺ-ում հաճախ են նման ցուցահանդեսներ կազմակեպվում: Ուշագրավ է, որ այդ բոլոր դեպքերում ընդամենը 2-3 օր է տեւում ցուցահանդեսը, այնինչ ՔՊ-ական պատգամավորի ձեռքի աշխատանքներն արդեն երեք շաբաթ է՝ ցուցադրված են ԱԺ-ում: Հիշեցնենք՝ Քրիստինե Պողոսյանի՝ «էմալե հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդեսը նախորդ տարի տեղի էր ունեցել Նկարիչների միությունում:

 

 

 




Լրահոս