Այսօր հայ գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ը  հայ գրող, դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է:

Սունդուկյանը  ծնվել է առևտրականի ընտանիքում 1825 թվականի հունիսի 29.ին։ Նա բնիկ թիֆլիսեցի էր։ Առևտրական հայրը շուտ էր մահացել՝ ընտանիքի հոգսը թողնելով կնոջը։ Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837 թվականներ), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840 թվականներին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846 թվականներին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846 թվականին ավարտելով գիմնազիան ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1850-ին ավարտելով ուսումը վերադառնում է Թիֆլիս և Կովկասի փոխարքայության գրասենյակում ստանձնում թարգմանչի պաշտոն:1853-1858 թվականներին ապրել և աշխատել է Դերբենդում։ Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով։ 1858 թվականի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։ Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թվականի մարտի 16-ին և թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում։

Ստեղծագործական աշխատանք

Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է Հարավային Կովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ Դերենիկ Դեմիրճյանի բնութագրությամբ Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն է։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության։ Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր խավերի՝ առևտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։

Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին՝ նա զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Սունդուկյանը գրել է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866 թվականին գրում է «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869 թվականին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։




Լրահոս