ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՄԵՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ArmLur.am-ի հրապարակումից հետո մեր գաղտնի աղբյուրների որոնմամբ է զբաղված, անգամ մտադիր է դիմել իրավապահներին՝ գտնելու լրագրողի իրազեկ աղբյուրներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին՝ ժամը 10:06-ին, ArmLur.am-ը հրապարակեց մի տեղեկություն, համաձայն որի՝ ԲԴԽ-ն 3 դատավորների մասով կայացրել է որոշումներ: «Մասնավորապես, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քիչ անց ԲԴԽ-ն կհրապարակի, որ դադարեցվում են դատավորներ Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները»,- գրել էր ArmLur.am-ը:

Այնուհետեւ՝ մոտավորապես մեկուկես ժամ հետո՝ ժամը 11:00-11:30-ի միջակայքում արդեն պաշտոնապես ԲԴԽ-ն հայտնեց իր որոշման մասին, որը ուղիղ հաստատեց ArmLur.am-ի աղբյուրների հայտնած տեղեկությունները: Այդ դատավորների, ինչպես նաեւ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին: Դատավոր Սամվել Թադեւոսյանն ինքը գրեց իր ազատման դիմումը եւ հեռացավ:

Իսկ մինչ այդ էլ՝ հուլիսի 1-ին, գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքել են՝ որոշելու 5 դատավորների ճակատագիրը, քանի որ երկուշաբթի օրը՝ հուլիսի 3-ին, ԲԴԽ-ն պիտի հրապարակի 4 (մեկն արդեն հրաժարվել էր) դատավորների վերաբերյալ որոշումը:

Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am-ը համակ ուշադրությամբ հետեւել են ԲԴԽ անդամների շարժին եւ գործունեությանը ու անգամ ներքին խոհանոցին առնչվող տեղեկություններ հրապարակել, Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամների մոտ մտահոգություն է հայտնել, թե «Ժողովուրդ» օրաթերթը ԲԴԽ ներսի ինֆորմացիային տիրապետում է, եւ պետք է դիմել իրավապահներին՝ լրագրողի աղբյուրին գտնելու, պատժելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 3-ի վճռական նիստից առաջ քննարկում է եղել, որի ժամանակ ԲԴԽ անդամներից միայն Կարեն Անդրեասյանի մոտ է հեռախոս եղել: Երբ 10:06-ին հրապարակվել է մեր նյութը, Կարեն Անդրեասյանը բարձրաձայն կարդացել է մեր հրապարակումը եւ ասել. «Որտեղի՞ց «Ժողովուրդ» օարթերթին այս տեղեկությունը. պետք է պարզել, ներսից ինֆորմացիաներ են դուրս հանում, կամ սարքեր կան էստեղ դրված լրագրողների կողմից»: Ապա հայտնել է, թե պետք է դիմել իրավապահներին՝ աղբյուրները գտնելու համար: Սպասում ենք նոր հարձակումների եւ գաղտնալսումների:

 

 

 

 

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, իշխանությունների «սրտի ընդդիմադիր» Արմեն Գեւորգյանն օրերս անհարմար եւ տհաճ իրավիճակում է հայտնվել: Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 3-6-ը գործուղվել էր Լեհաստան: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը: Պատվիրակության կազմում ընդդիմադիրներից ընդգրկված է եղել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, որը, ինչպես հայտնի է, ՔՊ-ականների սիրելի ընդդիմադիրներից է. վերջինս, կարծես, ընդամենը թվացյալ ընդդիմադիր լինի, մշտապես խուսափում է սուր քննադատել իշխանություններին, թերեւս սրա համար էլ դարձել է ՔՊ-ականների սիրելի ընդդիմադիրը, բավականին հաճախ էլ գործուղումների է մեկնում իշխող ֆրակցիայի պատգամավորների հետ:  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին օդանավակայանում պատգամավոր Գեւորգյանին չեն թողել դուրս գալ երկրից: Այսինքն՝ ԱԺ նախագահը կազմել է պատվիրակություն, ստորագրել փաստաթղթեր, պետբյուջեից վճարվել են ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի համար, սակայն ուժային կառույցները թույլ չեն տվել Գեւորգյանին դուրս գալ երկրից: ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ ընդդիմադիր պատգամավորը պատվիրակության հետ չի մեկնել Լեհաստան։ «Արմեն Գեւորգյանը պետք է մեզ հետ Լեհաստան գար, սակայն վերջին պահին օդանավակայանում նրա ելքը փակ էր, այդ պատճառով չի կարողացել մեկնել Լեհաստան, բայց մինչ այդ մեզ հավաստիացրել էին, որ որեւէ խնդիր չի լինելու, դրա համար նա ընդգրկվել էր պատվիրակության կազմում »,-ասաց Խաչատրյանը: ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքվեցինք նաեւ՝ արդյոք ընդդիմադիր այլ պատգամավորների առաջարկել են մեկնել Լեհաստան, Խաչատրյանը պարզաբանեց. «Որեւէ մեկին չի առաջարկվել, որ նրանք էլ հրաժարվել են»:

 

 

 

 

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստերը չեն կայանում: Բանն այն է, որ դատարանը առաջին նիստը նշանակել է մայիսի 16-ին, սակայն գործով անցնող անձանց պաշտպանները առաջին նիստի օրը չեն ներկայացել դատարան՝ նշելով, որ չեն կարող ներկայանալ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն է նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չի կայացել: Դատարան է ստացվել մեղադրյալի պաշտպանների դիմումն առ այն, որ մասնակցելու են Փաստաբանների պալատի կողմից անցկացվող սեմինարին եւ միաժամանակ նաեւ իրականացվող ակցիային: Ստացվում է, որ դատարանը նիստեր է հրավիրում, բայց դրանք չեն կայանում: Հերթական նիստը հրավիրվել է հուլիսի 26-ին: Ի դեպ, չնայած դատապաշտպաները չեն գալիս, բայց մեղադրյալ պատգամավոր Մհեր Սահակյանը բոլոր նշանակված նիստերին անձամբ նրկայացել է դատարան: Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 31-ին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել։ Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել՝ պատասխանելով Վարդանյանի ագրեսիային:

 

 

 

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նա ունի համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնք գտնվում են Երեւանում։ Անշարժ գույքերից մեկը ձեռք է բերվել 2000 թվականին, մյուսը՝ 2017, սակայն հայտարարագրում այն ձեռք բերելու ձեւը նշված չէ՝ կանխիկ, թե հիփոթեքով: Բացի այս, նա զ բաժնեմաս ունի մեկ այլ բնակարանից, որը ձեռք է բերվել արդեն 2021 թվականին, եւ կրկին այն ձեռք բերելու տարբերակի մասին տեղեկություններ առկա չեն։ 2022 թ. մարտից թաղապետի պաշտոնը զբաղեցրած Ռոման Համբարձումյանը բանկում ավանդ ունի, որը տարեվերջի դրությամբ կազմել է 30 հազար դոլար։ Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Համբարձումյանն աշխատել է «Հայփոստ»-ում, «Վեոլիա ջուր» ընկերությունում միաժամանակ, նաեւ եղել է Դավթաշեն վարչական շրջանի ավագանու անդամ։ Մի քանի աշխատանք համատեղող պաշտոնյան, հայտարարագրի համաձայն, դեռեւս 2017 թվականին 15 հազար դոլարանոց ձեռքի ժամացույց է նվեր ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ չի մանրամասնել: Եթե սա լիներ նախկինում, ապա Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռումպացված չինովնիկ, իսկ հիմա լռում է: Հավելենք, որ անցնող տարվա սկզբում նա իր բանկային հաշիվներին ընդհանուր առմամբ մեկ մլն դրամ գումար է ունեցել, սակայն արդեն տարեվերջին այդ գումարները ծախսված են եղել: Թե ինչի վրա է ծախսել, էլի պարզ չէ, քանի որ ծախսերի մասին որեւէ տեղեկություն հայտարարագրում առկա չէ։ Իսկ, ահա, որպես տարեվերջին առկա կանխիկ գումար, վարչական շրջանի ղեկավարը հայտարարագրել է 41 հազար դոլար, 4500 եվրո եւ 10 մլն դրամ գումար։ Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 8 մլն 433 հազար դրամ, որից 6 մլն դրամը որպես վարչական շրջանի ղեկավարի նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 720 հազար դրամն էլ նա ստացել է Հայփոստից՝ թերեւս էլի որպես աշխատավարձի ինչ-որ մաս: Հավելենք, որ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի տեղակալ Կորյուն Մխիթարյանն այս տարվա հունվարին աղմկահարույց պատմության մեջ էր ընկել։ Նրա վրա կրակել էին եւ ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա Ռոման Համբարձումյանի տեղակալն է եւ քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային կանոններով:

 




Լրահոս